Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայաստանում Լիտվայի դեսպանատունը հաշվեհարդա՞ր է տեսնում ՀՀ քաղաքացու հետ

Հուլիս 14,2014 21:45

«Իմ և իմ ընտանիքի նկատմամբ Իսպանիայի թագավորության մուտքի արտոնագրի մերժումը հաշվեհարդար է, որն իրականացրեց ՀՀ-ում Լիտվայի դեսպանատունը՝ ի պատասխան 2013-ին իմ իրականացրած հասարակական գործունեության, քննադատությունների և բացահայտումների համար»,-Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Քաղաքացու իրավունքների պաշտպան» հ/կ ղեկավար Կարեն Հեքիմյանը:

Նա պատմեց, թե ինչպիսի բացահայտումներ է կատարել 2013-ին ՀՀ-ում Լիտվայի դեսպանատան վերաբերյալ: Մասնավորապես «Քաղաքացու իրավունքների պաշտպան» հ/կ-ին ՀՀ որոշ քաղաքացիներ ահազանգել են, թե ՀՀ-ում Լիտվայի դեսպանատունը չի գործում: Ընդհանրապես չէր աշխատում նաև պաշտոնական կայքը, չէին պատասխանում հեռախոսահամարները: Այնինչ Լիտվայի դեսպանատունը սպասարկում է նաև Իսպանիային, Դանիային, Հունգարիային, Էստոնիային: Կարեն Հեքիմյանի գնահատմամբ՝ այդպիսով մարդկանց մուտքը մի շարք երկրներ արգելափակվել էր: Բազում ահազանգերից հետո դեսպանատունը սկսել է գործել: Դեսպանատունը տրամադրում էր վճարման մասին ձևաթղթեր, որոնք անգամ կնքված չէին, դրանց վրա գրանցվում էին ասենք վաղ առավոտյան, կամ կեսգիշերային ժամեր, երբ դեսպանատուն ընդհանրապես չի աշխատում: Կամ ՀՀ քաղաքացիներին տրամադրում էին օտարալեզու փաստաթղթեր, կամ դեսպանատունը կահավորված չէր. ՀՀ քաղաքացիների անձնագրերը, որոնք պետականության և քաղաքացիության խորհրդանիշներ են, աշխատակցուհին շպրտում էր գետնին:

Կարեն Հեքիմյանն այս փաստերի վերաբերյալ նամակներ է հղել տաբեր մարմինների: Օրինակ՝ ՊԵԿ-ն այդ ձևաթղթերը հարկային վարչարարությանն անհամապատասխան է ճանաչել, իսկ Լիտվայի դեսպանատունը ընդունել է թերությունները և խոստացել շտկել:
Այս տարի Կարեն Հեքիմյանը Լիտվայի դեսպանատան հետ շփվել է արդեն անձնական գործերով՝ ցանկանում էր ընտանիքով հանգստի մեկնել Իսպանիա:

«Ներկայացված փաստաթղթերը անարժանահավատ են» որակմամբ՝ Կարեն Հեքիմյանին մերժել են Իսպանիա մուտքի արտոնագիր տրամադրել: Սակայն ըստ Կարեն Հեքիմյանի՝ դա չհիմնավորված պատճառաբանություն է: Որոշ տհաճ միջադեպեր են եղել նաև այն ժամանակ, երբ իրեն դեսպանատուն են հրավիրել լրացուցիչ հանդիպման: Օրինակ՝ դեսպանատանը մի անձ, որն այդպես էլ չի ներկայացել, հեգնանքով է խոսել Կարեն Հեքիմյանի չվերթուղու վերաբերյալ, չեն ցանկացել որոշումը թարգմանել հայերեն՝ նշելով, թե կամ ռուսերեն կխոսեն, կամ չեն խոսի:

Կարեն Հեքիմյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Լիտվայի դեսպանատունը բազմաթիվ նոր խախտումներ է սկսել թույլ տալ: Օրինակ, եթե նախորդ տարի առանց լրացուցիչ պահանջի տրամադրում էին վճարման կտրոնները, ապա այս տարի միայն հաճախորդի պահանջի դեպքում է դա տրամադրում: Կամ անցյալ տարի քաղաքացիներին տրամադրում էին ռուսալեզու գրություններ, այս տարի տրամադրվում են միայն անգլալեզու փաստաթղթեր: Այս առիթով Կարեն Հեքիմյանը նկատեց. «Եվ այս ամենը այն դեպքում, երբ դեսպանատան պատերին փակցված գրությունները միայն ռուսերեն են, իսկ 2013-ին Լիտվայի արդարադատության մարմիններին հասցեագրված անգլերեն գրությունները չէին ընդունվում վարույթ՝ օտարալեզու լինելու պատճառով: Կամ մուտքի արտոնագրի մերժման որոշման տակ գրված է, որ Վիլնյուսի ադմինիստրատիվ դատարան կարող են դիմել՝ որոշումը բողոքարկելու համար, բայց միայն Լիտվայի պետական լեզվով, նույնիսկ անգլերեն չի թույլատրվում: Հարց է առաջանում՝ 14 օրում ինչպե՞ս, այն էլ իրավական հարթության մեջ, սովորել այդ լեզուն»: Կարեն Հեքիմյանը նաև նշեց, թե ի տարբերություն նախորդ տարվա, երբ որոշ աշխատակիցներ այցելուների հետ հայերեն էին շփվում, այս տարի շփվում են միայն ռուսերենով: Կամ Լիտվայի դեսպանատան տարածքում հիմնականում շրջում են այսպես ասած «գործ սարքողներ», որոնք առանց հերթի անընդհատ ազատ ներսուդուրս են անում դեսպանատուն՝ հավանաբար այցելուների փաստաթղթերն էին տանում՝ նրանց համար բարեխոսելու նպատակով: Կամ կարող էին բացահայտ, հերթը խախտելով արկղերով գինիներ տանել դեսպանատուն, կամ մեծ ծավալի փաստաթղթեր դուրս բերել Լիտվայի դեսպանատնից: Կարեն Հեքիմյանը պնդում է, որ Լիտվայի դեսպանատունը խախտել է իր հանգստի և ազատ տեղաշարժի իրավունքները՝ Իսպանիա մուտքի արտոնագիր չտրամադրելով՝ այն դեպքում, երբ վերջին 5-6 տարիներին ինքը եղել է բազմաթիվ շենգենյան պետություններում է և որևէ իրավական խնդիր չի ունեցել:

Ամփոփելով Կարեն Հեքիմյանը նշեց. «ՀՀ-ում Լիտվայի դեսպանատունը չի հարգում ՀՀ սահմանադրությունը և օրենքները՝ խախտելով Հյուպատոսական կապերի մասին Վիեննայի կոնվենցիայի 55-րդ հոդվածը: Նա կոպտորեն խախտում է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի մի շարք հոդվածներ»:

Կարեն Հեքիմյանը դիմել է ՀՀ-ի և Լիտվայի նախագահներին, ԱԳՆ-ին՝ պահանջելով վերացնել ՀՀ-ում Լիտվայի դեսպանատան նմանատիպ գործելաոճը և գործունեությունը նպատակաուղղել իրավական դաշտ: Նա ՀՀ և Լիտվայի դատախազներին՝ հաղորդում հանցագործության մասին վերնագրով նամակ է հղել, որ քրեական գործ հարուցեն ու պարզեն՝ միգուցե իսկապե՞ս իր փաստաթղթերը կեղծ են: Սակայն հիմնականում Կարեն Հեքիմյանը պատասխան չի ստացել: Նա կարծում է, որ այս հարցում ավելի մեծ մեղքի բաժին ունեն ՀՀ իշխանությունները, քան Լիտվայի ու եզրափակում. «Մեր անձնագրում գրված է, թե անձնագրի սեփականատերը պաշտպանված է ՀՀ-ի կողմից: Ես, լինելով ՀՀ քաղաքացի, պետք է զգամ, որ պաշտպանված եմ: Իսկ եթե ՀՀ-ն չի պաշտպանում իր Սահմանադրությունը, քաղաքացուն, պարզ է՝ նրանք այդպես էլ կանեն, ով էլ լիներ, նման կերպ կվարվեր»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. մարգար says:

    էլ ցավ ու դարդ չկար, հիմա էլ Լիտվիայից կախվեցինք! Տնաշեն, ծաղիկ, կոնֆետից բանից տայիր, մի երկու քաղցր խոսք ասեիր, յոլա գնայիք: Դրանց երկիրը մերից բեշ-բեթար վիճակի մեջ է, ինչ գիտես քանի մանեթ է ստանում էդ վնասված ներվերով կնիկը:

  2. Narine Mkrthchyan says:

    Ավելի քան երկու շաբաթ առաջ եմ մտել Լիտվայի դեսպանատուն. խոսում են հայերեն, միայն հայերեն, ինչպես, ի դեպ, ինչպես նաև ԵՄ այլ դեսպանատներում, ներոսուդուս անող մարդիկ չեմ տեսել: Հանգիստ, ոչ լարված մթնոլորոտ է: Դռան զանգը տալիս ես՝ առանց անգամ հարցնելու դուռը բացում են: 15 րոպե նշանակված ժամից էլ շուտ էի գնացել,այլ սպասողներ չկային՝ հանգիստ ընդունեցին փաստաթղթերը: Կայք էլ ունեն՝ անհրաժեշտ տեղեկատվությամբ: Պատկերացնում եմ, թե որքան տհաճ բան է մուտքի արտանագրի մերժում ստանալը, բայց պետք է չէ բաներ հորինել:

  3. Karen Heqimyan says:

    Հարգելի Նարինե,Ձեր կարծիքը ձեւավորվել է նյութը անուշադիր կարդալու հետեւանքով:Ոչ ոք չի ասու,որ 2014թ դեսպանատունը չի աշխատում՝դա 2013-էր,ի դեպ այն ժամանակ էր,որ ոչ կայք կար,ոչ էլ հեռախոս:Միայն մեծ ջանքերի,մամուլում հրապարակումների շնորհիվ է,որ դեսպանատունը սկսեց աշխատել սովորական ռեժիմով,ինչի պտուղներից Դուք օգտվում եք:Ինչ վերաբերում է մնացած պնդումներին ապա Դուք դրանք կհերքեք, ծանոթանալով այն բոլոր փաստաթղթերին,որոնք սիրով կարող եմ Ձեզ տրամադրել,ինչպես նաեւ տեսանյութերին,որոնք արդեն կարելի է ստանալ դեսպանությունից,եթե լինի կամք եւ ազնվություն:
    2013թ. ընթացքում «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ի հայտնաբերմամբ, ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության դեսպանությունը՝
    1. Աշխատել է ոչ պարբերաբար ռեժիմով: (Փաստը չի հերքվել ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության դեսպանության եւ հաստատվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից՝ 07.08.2013թ. 18/7047.13, 07.08.2013թ. 18/7055-13 գրություններ)
    2. ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության դեսպանությունը ՀՀ քաղաքացիներին տրամադրում էր՝ իր ձեւի եւ բովանդակության իմաստով աննախադեպ ձեւաթղթեր, որոնք, ամենայն հավանականությամբ, դեսպանությանը վճարված գումարի մասին տեղեկագրեր էին ներկայացնում, որոնք անկնիք էին եւ անստորագիր: Ավելին, տեղեկագրերում նշված ժամը ոչ միայն չէր համապատասխանում քաղաքացու կողմից վճարման ժամին, այլեւ շատ անգամ այդտեղ նշված էր գիշերային կամ վաղ առավոտյան ժամեր, այսինքն այն ժամերը, երբ դեսպանությունը չէր կարող աշխատել: «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն այդպիսի գործելաոճը անօրինական եւ ռիսկային է համարել: (Փաստը չի հերքվել ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության դեսպանության, ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից եւ պարզաբանվել է ՀՀ ՊԵԿ-ի կողմից՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության 18-1/1/ 11993 12.07.2013թ., ՀՀ ՊԵԿ 11-1/5579-13, 16.05.2013թ.):
    3. ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության դեսպանությունը ՀՀ քաղաքացիներին էր տրամադրում օտարալեզու, առանց իրավական հիմնավորումների՝ երեւակայության վրա հիմնված «մուտքի արտոնագրի մերժման ձեւաթղթեր», որոնք «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ի գնահատմամբ անլիարժեք էին եւ ռիսկային (այդ փաստը չի հերքվել ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության դեսպանության, ՀՀ եւ Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների կողմից՝ Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն՝ 15-07-2013թ. № (25.3.6)-22-3948, ՀՀ արտաքին գործերի նախարարություն 18-1/1/11993, 12.07.2013թ.)
    4. ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության դեսպանությունը չէր պատասխանում ՀՀ քաղաքացիների եւ ՀՀ-ում գործող ՀԿ-ների գրություններին: «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ի որակմամբ դա ՀՀ օրենսդրության հանդեպ անարգանքի դրսեւորում էր (փաստը չի հերքվել ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության դեսպանության, ՀՀ եւ Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների կողմից՝ ՀՀ արտաքին գործերի նախարարություն 18/5543-13, 21.06.2013թ., 18-1/1/ 11993 12.07.2013թ.):
    5. ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության դեսպանությունը կահավորված չէր եւ ՀՀ քաղաքացիների անձնագրերը շպրտվում էին գետնին, ինչը «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ի որակմամբ վիրավորանք էր ՀՀ-ի համար (փաստը չի հերքվել ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության դեսպանության, ՀՀ եւ Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների կողմից՝ 18-1/1/ 11993,12.07.2013թ., 15-07-2013թ. № (25.3.6)-22-3948, 2013թ. փետրվար-ապրիլ ամիսների ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության դեսպանության տեսախցիկների նկարահանման տեսանյութ):
    6. ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության դեսպանության՝ ազգությամբ հայ աշխատակցուհու վերաբերմունքը այցելուներին, հեռու էր համաչափությունից: «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ի որակմամբ դա անարգանք է ՀՀ նկատմամբ (փաստը չի հերքվել ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության դեսպանության, ՀՀ եւ Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների կողմից՝ 18-1/1/ 11993, 12.07.2013թ.):
    Սա անցած տարվա համար……Հետո փոխվեցին դեսպանը,որոշ աշխատակիցներ,դեսպանատունը կահավորվեց…….Սակայն իմ ներկայացված փաստաթղթերը «անարժանահավատ» որակվեցին՝անձնագիրը,սեփականության վկայականները,ՀՀ պետռեգիստրի վկայականները,ՀՀ արդարադատության նախարարության վկայականները,AGBA-CREDIT-AGRIGOL բանկի տեղեկանքները,վճարված կացարանի եւ ամրագրված ավիաչվերթի փաստաթղթերը:Եթե փաստաթղթերը կեղծ են ապա պատրաստ եմ պատասխանատվություն կրել,սակայն այլ պարագայում համոզված եմ,որ այս ամենը հաշվեհարդար է:Հարգելի Նարինե,ես երբեք ոչինչ չեմ հորինում եւ դեմ եմ անհիմն պիտակավորմանը:Աստված ընդ Ձեզ…

  4. Jenia says:

    Ես լիովին Ձեզ հետ համաձայն եմ հարգելի Կարեն
    Այդ դեսպանատունը ունի հաշվեհարդար լինելու սովորությունը: Եվ ամենա կարևորը թույլ է տալիս իրեն որակավորել ՀՀ քաղաքացիներին որպես սուտասան: Այն դեպքում երբ այդ անձնավորությունները ևս ունեին մի քանի հատ այլ երկրների շենգեն վիզաներ և նրանք օգտագործվել են ժամանակին և տեղին, ըստ պահանջվածի:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031