Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ես խորհրդային մարդու մտածողություն ունեմ. Ուկրաինայում անջատականների կազմում կռվող ՀՀ քաղաքացին պատմել է իր փորձառությունից. RFE/RL

Հուլիս 14,2014 20:45

Ծննդով Սպիտակից 24-ամյա Արթուր Գասպարյանը մայիսին Մոսկվայից մեկնել էր Ուկրաինայի արևելք՝ անջատականների կազմում մարտերին մասնակցելու: Այժմ նա վերադարձել է Ռուսաստան և իր փորձառության մասին պատմել «Ազատություն» ռադիոկայանին:

Հարցազրույցը ներկայացնում ենք որոշ կրճատումներով:

ԱՌ. Դուք Ուկրաինա գնալու մասին ձեր հետաքրքրությունն արտահայտեցիք «Վկոնտակտե» սոցիալական կայքում Օդեսայի Արհմիության շենքի հրդեհից հետո, որտեղ 42 ռուսամետներ էին մահացել: Ի՞նչ պատահեց հետո:

ԱԳ. Մոտ 10 հոգով հանդիպեցինք Համառուսաստանյան ցուցահանդեսային կենտրոնի մոտակայքում: Քաղաքացիական հագուստով մի սլավոն տղամարդ, որը չներկայացավ, դիմավորեց մեզ:
Սկզբում հարցրեց, թե արդյոք գիտենք զենքից օգտվել: Եվ զգուշացրեց, որ մենք պետք է գնանք Սլավյանսկ, մահվան ընդառաջ:

ԱՌ. Նրանք ձեզ գումար խոստացե՞լ էին:

ԱԳ. Նրանք մեզ ոչ մի վարձավճար չէին խոստացել: Միայն անվճար սնունդ, հագուստ, զենք և երաշխավորել էին, որ մեր դիակները կտեղափոխեն Դոնի Ռոստով՝ մեր բարեկամներին հանձնելու: Նրանք պահանջեցին, որ մենք վերացնենք մեր բոլոր առցանց հաշիվները, մասնավորապես ջնջել մեր մասին տեղեկությունները սոցիալական կայքերից:

ԱՌ. Ինչպե՞ս հասաք Ուկրաինա:

ԱԳ. Մայիսի 12-ի առավոտյան, խմբով նստեցինք մեքենա ու շարժվեցինք հարավ: 24 ժամում հասանք Ռոստով: Վարորդները նույնպես կամավորներ էին, որոնցից մեկը զոհվեց: Նրանք մեզ տարան ինչ-որ ճամբար: Մեզնից վերցրին մեր մոտ եղած բոլոր քարտեզները: Հեռախոսներն ու այլ անձնական իրեր գրանցեցին ու տարան:

ԱՌ. Ինչքա՞ն մնացիք ճամբարում:

ԱԳ. Մոտ երկու շաբաթ: Ամեն օր մարդկանց թիվը շատանում էր: Վերջում արդեն մոտ 100 հոգի կայինք: Մենք գրեթե չէինք հանգստանում, դա բանակային օրակարգ էր: Արթնանում էինք, գնում վազելու, նախաճաշում էինք, պարապում, դաշտերում ու անտառներում կողմնորոշվելու վարժություններ էինք անում, ձեռքով նշաններ անել էինք սովորում:

ԱՌ. Այնտեղ ռուս ազգայնականներ կայի՞ն:

ԱԳ. Ես չեմ տեսել ոչ մի ազգայնականի, թեպետ հիմնականում սլավոններ էին: Բայց թե նրանք ռուս էին, Բելառուս, թե ուկրաինացի, չեմ կարող ասել: Նրանք լավ, հայրենասեր տղաներ էին: Ոչ ոք ինձ հետ խնդիր չուներ հայ լինելուս համար: Այնտեղ Կովկասից ահագին տղաներ կային, Կրասնոդարի և Կրիվոյ Ռոգի հայեր, ոմանք չեչեն, որոնք փոքր-ինչ ավելի ուշ եկան:

ԱՌ. Ինչպե՞ս հատեցիք սահմանը:

ԱԳ. Մայիսի 23-ի կեսգիշերին մոտ Կամազ բեռնատարով մենք լքեցինք ճամբարը: Մի քանի ժամ գնացինք ու կանգ առանք սահմանի մոտ: Մեզ միացան ևս 50 հոգի այլ ճամբարներից ու այդտեղ մեզ տվեցին մեր զենքերը՝ գնդացիրներ, ավտոմատներ, ինքնաձիգ հրացաններ, ատրճանակներ և նռնակներ: Հետո նորից նստեցինք բեռնատարները:

ԱՌ. Ե՞րբ հատեցիք սահմանը:

ԱԳ. Մայիսի 24-ի լուսաբացին էր: Մենք հանդիպեցինք Դոնեցկի [ինքնահռչակ] ժողովրդական հանրապետության մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների: Նրանք Դոնեցկում մի քանի զորամաս էին գրավել և մեզ տեղակայեցին այնտեղ:

ԱՌ. Ե՞րբ առաջին անգամ մարտի մասնակցեցիք:

ԱԳ. Ահազանգը տրվեց մայիսի 25-ի լույս 26-ի գիշերը: Իմ խմբից երեք հոգի կար՝ Մոսկվայից, Լիպեցկից և Չուկոտկայից: Երեքն էլ զոհվեցին: Մեզ նստեցրին քաղաքացիական ավտոբուսներ ու տարան [Դոնեցկի] օդակայան: Բոլոր 100 հոգիս մտանք շենք և միացանք օսեթների: Ուղևորներն արագորեն տարհանվեցին, սակայն աշխատողները մնացին իրենց տեղում: Առավոտյան երկու ինքնաթիռ վայրէջք կատարեց և մենք չէինք միջամտում օդակայանի աշխատանքին:
Մենք դիրքավորվել էինք բոլոր հարկերում: Ես և իմ ենթակաները տեղակայվել էինք 7-րդ հարկում՝ տանիքում: Մեզ հրաման էր տրված հսկել մոտ կես կիլոմետր տարածք:

ԱՌ. Ո՞րն էր Դոնեցկի քաղաքացիական օդակայանը վերցնելու նպատակը: Այդ ժամանակ մարտերը Սլավյանկսում էին ընթանում:

ԱԳ. Որպեսզի թույլ չտանք, որ Կիևից զորք ուղարկեն: Նրանք մեզ ասացին, որ ոչ ոք չի կրակի մեզ վրա: Միայն պետք է տեսախցիկների մոտ երևալ ու վերջ: Այդպիսով նրանք կվախենան ու կհանձնվեն:

Խոսակցություններ կային, թե մենք շատ ուժեղ ենք ու բոլորը վախենում են մեզնից: Բայց լրիվ հակառակը դուրս եկավ: Ցերեկը 2-ի կողմերը ուղղաթիռները եկան: Հետո օդանավերը, ու սկսեցին ռմբակոծել տարածքը: Ես տանիքում էի օգնականիս հետ, ես կարողացա հասնել 6-րդ հարկ: Դա ուժգին հարձակում էր: Ես կարողացա հաշվել 4 ուղղաթիռ և 2 օդանավ:

ԱՌ. Դուք Հայաստանի քաղաքացի եք, այլ երկրից…

ԱԳ. Ես նույնիսկ կռվում էին Հայաստանի դրոշի ներքո: Նկարներ ունեմ:

ԱՌ. Ինչո՞ւ էիք դուք պատրաստ մեռնել օտար երկրի համար:

ԱԳ. Ես Ռուսաստանը չեմ համարում օտար երկիր: Ես խորհրդային մարդու մտածողություն ունեմ: Իմ պապերը կռվել են Խորհրդային միության համար և ես եմ կռվում դրա համար: Ես Ռուսաստանը չեմ համարում օտար երկիր:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031