Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Անաստաս Միկոյանին հանցագործ է ճանաչել

Հուլիս 14,2014 19:57

«Այս փաստերի ներքո Անաստաս Միկոյանի կերպարն ավելի միանշանակ է դառնում: Իմ մատնանշած լրացուցիչ փաստերն ընդհանրապես պատասխանն են հնչեցված այն կասկածների, թե իբր կարող են նման փաստաթղթերը կեղծ լինել»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ազգագրագետ Գայանե Շագոյանը՝ որոշ դիտարկումներ ներկայացնելով մեր այն հրապարակման մասին, որտեղ փաստվում է, որ Անաստաս Միկոյանը մեղավոր էր ճանաչվել Կատինի սպանդի գործով:

Գայանե Շագոյանը, բարձրաձայնելով ռուսական այն քաղաքականության մասին, որի համաձայն ցանկանում են ներկայացնել, թե իբր Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Ռուսաստանին մեղավոր չի ճանաչել, նշեց. «Կատինի դեպքում եղել են տարբեր տեսակետի սպեկուլյացիաներ: Ռուսաստանը երկերեսանի քաղաքականություն է վարում. դրսի բոլոր ատյաններում և պաշտոնական դատավարություններում ընդունում է, որ այդ փաստաթղթերը կասկածից վեր են, միևնույն ժամանակ չի կանխում և չի հետապնդում ու դատարանի առաջ չի կանգնեցնում այն մարդկանց, հիմնականում կոմունիստների, ովքեր ժամանակ առ ժամանակ այս փաստաթուղթը փորձում են հարցականի տակ դնել»:

Ազգագրագետը նաև հիշեց, որ նույնիսկ 2011-ին Մեդվեդևը լեհական ԶԼՄ-ներից մեկին տված հարցազրույցում հատուկ նշել է, որ բոլոր այն անձինք, ովքեր դնում են այս փաստաթուղթը հարցականի տակ, ուղղակի կեղծիք են իրականացնում: Եվ մեղավորները հենց այն մարդիկ են, ովքեր ստորագրել են այդ փաստաթղթի տակ ու այսպիսով գործը փակվել է այն պատճառով, որ այդ մարդիկ այլևս ողջ չեն: Սակայն Գայանե Շագոյանը շեշտում է, որ նշված գործում ՄԻԵԴ-ը հայցվոր կողմի պահանջը չի բավարարել միայն ժառանգների փոխհատուցմանը վերաբերող հոդվածներով ու մանրամասնում. «ՄԻԵԴ-ը հավելյալ մեղադրում է Ռուսաստանին, որ բազմաթիվ փաստաթղթեր Ռուսաստանը շարունակում է չհրապարակել՝ հիմնավորելով այն հանգամանքով, որ այնտեղ պետական գաղտնիքներ կան: Ռուսաստանը չի ապահովում այն գործընթացները, որոնք հնարավորություն կտային փոխհատուցման չափ որոշել: Ռուսաստանյան ԶԼՄ-ներն այդ հանգամանքը օգտագործում են և մանիպուլացնում, թե ՄԻԵԴ-ը մերժել է դիմողներին և նշում, թե իբր Կատինում ռուսները մեղավոր չեն: Այնինչ ՄԻԵԴ-ը Կատինի գործով մեղավոր է ճանաչել բոլոր այն անձանց, ովքեր ստորագրել են այդ հրամանի տակ»: Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) «Յանովիչը և այլք ընդդեմ Ռուսաստանի» գործով վճռում ներկայացված են փաստեր, որտեղ երևում է, որ Անաստաս Միկոյանը ստորագրել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին 14.700 լեհ ռազմագերիների և Ուկրաինայի ու Բելառուսի արևմտյան շրջաններում ձերբակալված 11.000 անձանց գնդակահարության մասին որոշման տակ:

Գայանե Շագոյանն ընդգծում է, որ ՄԻԵԴ-ի վճիռը, որը հիմնվելով այդ փաստաթղթի վրա, որտեղ երևում է Միկոյանի ստորագրությունը, որոշում է կայացրել, այդ փաստաթուղթը ընկալվել է՝ որպես հիմնարար փաստաթուղթ, և կասկածից վեր է՝ մի քանի դատարանների, այդ թվում նաև Ռուսաստանի դատարանի կողմից գոնե Կատինի գործով Միկոյանը ճանաչվել է մեղավոր:

Մեր հարցին՝ այսքան փաստերից հետո, որոնք ապացուցում են, որ Միկոյանը ներգրավված է եղել մի շարք խմբակային հանցագործությունների մեջ, արդյոք նպատակահարմա՞ր է նման գործչի արձան տեղադրել Հայաստանում, այն դեպքում, երբ Միկոյանի մի քանի արձաններ արդեն ՀՀ-ում տեղադրված են, ազգագրագետը պատասխանեց. «Այդ արձանը աննկատ է դրվել, 2008-ին փողոցը ևս աննկատ է անվանակոչվել նրա անունով՝ ընտանիքի պահանջով, քանի որ ընտանիքն էլ տեղյակ չի եղել պապի գործունեության մասին: Բայց երբ տեղեկացել են, անգամ նրանց վերաբերմունքն է փոխվել»:

Գայանե Շագոյանը դեմ է «որևէ խորհրդային գործչի արձան հետխորհրդային Հայաստանում տեղադրելու գաղափարին»: Այս առիթով նա ասաց. «Քաղաքական գործիչների արձան տեղադրելն այսօր այնքան արխայիկ մոտեցում է, ընդհանրապես անձանց այլևս արձան չեն դնում, ուր մնաց քաղաքական գործչի, այն էլ խորհրդային շրջանի, երբ խորհրդային կայսրության՝ չարիքի կայսրության հայտնի դեմքերից է Միկոյանը»: Ազգագրագետի կարծիքով՝ «ամենատխուրն այն է, որ Երևանի ավագանու անդամ դարձած մեր համաքաղաքացիների համար, Միկոյանի արձանը տեղադրելու որոշման մեջ որևէ անընդունելի կետ չկա»:

Շարունակելով Գայանե Շագոյանն ասաց. «Նրանք գիտեն, որ Միկոյանը խորհրդային միության կարկառուն ներկայացուցիչն է: Միայն այդ փաստը անկախության գաղափարախոսություն կրող մարդու համար պիտի բավարար լիներ, որ այդ հարցին ընդհանրապես չանդրադառնային: Նրանք մտածում են՝ որպես գաղութատիրական կայսրության գավառամիտ գործիչներ, որպես փոքր Միկոյաններ, որոնք մինչև հիմա ՀՀ-ն ընդունում են մի կտոր մեծ կայսրություն: Այլապես նրանք չէին հպարտանա նրանով, որ մեկը փոքր գյուղից գնացել ու իրենց ձևակերպմամբ դարձել է մեծ մարդ: Դա գաղութատիրական գավառամտության կրող լինելու պատճառն է: Իսկ Միկոյանն այդ ամենի մեջ է մտնում: Ես նրա գործունեության մեջ շատ ավելի դրական բաներ կարող եմ գտնել ու ասել, քան նրա կողմնակիցներն են փորձում: Բայց որևէ բացառիկ դրական քայլ, որը Միկոյանին կտարբերեր մյուս խորհրդային գործիչներից, նշել չեմ կարող, ուստի այդ հանգամանքը նրան չի դարձնում այնպիսի հերոս, որին արժեր փառաբանել»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031