Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյան. «Նաիրա Զոհրաբյանը շատ հեռու է գնացել, ձեւեր են անում ախր»

Հուլիս 14,2014 18:50

«Արդյոք ժամանա՞կը չէ ՀՀ Ազգային Ժողովում գոյություն ունեցող Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը տրանսֆորմացնել եւ ունենալ Եվրասիական տնտեսական միությանն ինտեգրման հարցերի հանձնաժողով»: Այս հարցը ռուսական կողմից հնչել էր «Նովոստի» մամուլի կենտրոնում կազմակերպված «Եվրասիական ընտրություն–Հայաստան–2014» թեմայով Երեւան-Մոսկվա տեսակամրջի ժամանակ: Հարցն ուղղվել էր ՕԵԿ պատգամավոր Մհեր Շահգելդյանին: 

ԱԺ Եվրոինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն այս առնչությամբ News.am-ի հետ զրույցում ասել էր, որ այնտեղ ներկա պատգամավորները շատ վախվորած ու զգուշավոր են արձագանքել նման «անպատկառ» հայտարարություններին. «Չեմ զարմանա, եթե ռուսական կողմի ինչ-որ մի ներկայացուցիչ, անկախ տրամաչափից, որոշի խմբագրել Հայաստանի անվտանգության ռազմավարությունը, որոշի՝ որքան հանձնաժողովներ պետք է գործեն Ազգային ժողովում, ինչպիսի մեխանիզմներով պետք է աշխատի խորհրդարանը, ավելին, նույնիսկ գներ սահմանի խորհրդարանի ճաշարանում: Այստեղ պատասխանը մեկն է. Հայաստանը ինքնիշխան պետություն է, Հայաստանի խորհրդարանը՝ ինքնիշխան պետության խորհրդարան: Թույլ տվեք մենք որոշենք՝ ԱԺ-ում ինչպիսի հանձնաժողով պետք է գործի, ինչպիսին՝ ոչ»:

Այդ հեռուստակամրջին ներկա է եղել ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը: Aravot.am-ի հետ զրույցում նա վստահեցրեց, որ ինքը բավականին կոշտ արձագանքել է. «Նաիրա Զոհրաբյանն ի՞նչ գիտի, ես ի՞նչ եմ ասել: Ես հայտարարեցի, որ Հայաստանը չի կարող իրականացնել մեկուսացման արհեստական քաղաքականություն ինչ-որ այլ միավորից՝ ինտեգրվելով ինչ-որ մի միությանը: Ես ասացի, որ պետք է լինի հանձնաժողով ԱԺ-ում, որը կզբաղվի Եվրասիական ինտեգրացիայի հարցերով, բայց ոչ այդ հանձնաժողովի հաշվին: Եթե դա չի բավարարում Նաիրա Զոհրաբյանին…»:

Արամ Սարգսյանի խոսքերով՝ «Նաիրա Զոհրաբյանը շատ հեռու է գնացել: Առաջինը վարողն էր ասեց՝ իսկ այս պայմաններում չարժի՞, որ այդ հանձնաժողովը Եվրոինտեգրման հարցերի լուծարվի: Ես իմ պատասխանի համար կարող եմ ասել՝ ի՞նչ է նշանակում լուծարել, ունենք Եվրոպայի հետ մեր հարաբերությունները, մենք ցանկություն չունենք մեկուսացման քաղաքականություն վարենք: Հիմա, եթե գնում ենք Եվրասիական միություն, թող լինի նաեւ այլ հանձնաժողով: Դրանից բան սարքելը, ձեւեր են անում ախր իսկապես: Ընդամենը դա է եղել: Ռուսական կողմից վարողն է նման բան ասել, ոչ թե լուրջ պաշտոնյա: Թե նա ինչ մտածողություն ունի, դրանով բան անել, թե Մոսկվան մեզանից պահանջում է փոխել հանձնաժողովի անունը…»:

Մեր դիտարկմանը, որ Դմիտրի Կիսելյովի այցից եւ արտահայտություններից, ՀՀ-ում ՌԴ դեսպանի հայտարարություններից հետո նման պահանջները հայ հասարակությունը ցավոտ է տանում՝ Արամ Սարգսյանը պատասխանեց. «Մի քիչ գավառականությունից պետք է դուրս գանք: Ինչի՞ համար ասվեց՝ սադրեց Կիսիլյովը, մենք սադրանքին գնացինք: Ո՞նց են ԱԺ-ում վերաբերվում ռուսերենին: Միգուցե սարկազմով պատասխան տայինք, բայց պատմություն սարքեցինք: Դա իրենց բավարարեց: Լեզվի տիրապետման խնդիր է: Ինչքան շատ լեզուներ իմանան մեր երիտասարդները, այնքան լավ կլինի: Անպայման դրա մեջ գտնենք, որ շովինիստական, մեծապետական մոտեցումնե՞ր են: Մենք ենք թույլ տալիս, որ մեզ հետ այդպես խոսեն: Մենք կարիքը չունենք, որ ամեն անգամ նայենք տեսնենք հյուսիսում ինչ կասեն, հարավում ինչ կասեն: Մենք մեր կեցվածքը պետք է ունենանք»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031