Կապանցիները դեռեւս դեկտեմբեր ամսին մարզկենտրոնում երթ էին անցկացրել ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի՝ իրենց դժգոհությունն արտահայտելով պարտադիր բաղադրիչի կիրառման վերաբերյալ: Այսօր էլ կապանցիներից շատերը կրկին դժգոհ են մնացել համակարգում տեղի ունեցած վերջին փոփոխություններից եւ գտնում են, որ այդ փոփոխություններն ավելի շատ ժողովրդի աչքին թոզ փչելու հնարք էր: Մինչդեռ աշխատողները դժգոհում են տեղ գտած փոփոխություններից, Մեղրու եւ Կապանի տարածաշրջանից ԱԺ պատգամավոր ընտրված ՀՀԿ-ական Արմեն Կարապետյանը գտնում է, որ նոր կառավարությունը ժողովրդի բոլոր դժգոհությունները հաշվի է առել եւ շարունակում է աշխատանքներ տանել ժողովրդի պահանջները բավարարելու ուղղությամբ:
«Ընդհանրապես ՀՀ-ում կենսաթոշակի ռեֆորմ, անպայման, պետք է լինի, որովհետեւ ինչքան կարելի է պահել ամեն տարի, այսօր թոշակառուներից, եթե հարցնեք, իրենք դժգոհ են ու ստացած թոշակով չեն կարողանում նույնիսկ պահեն իրենց: Իհարկե, սկզբից ռեֆորմն այն ձեւով չէր, մարդիկ դրա համար էլ դժգոհ էին, բայց այդ դժգոհությունները նոր կառավարությունն ամբողջապես հաշվի է առել, բազմաթիվ քննարկումներ է արել եւ բավականին փոփոխություններ մտցրել: Այսօր ով չի ցանկանում կարող է չմասնակցել պահումներին, միայն պետական այն աշխատողներից են պարտադիր պահումներ արվելու, որոնց աշխատավարձը 40 տոկոսով բարձրացվում են: Կուտակայինի առումով չեն դադարեցվել աշխատանքները, վարչապետն առաջարկել է այնքան քննարկումներ կազմակերպել, մինչեւ հոգեհարազատ կլինի ժողովրդին», – նշեց ԱԺ պատգամավոր Արմեն Կարապետյանը:
«Կայուն զարգացում» ՀԿ նախագահ Արմեն Փարսադանյանի խոսքով՝ մանկավարժների շրջանում դժգոհություններ կան նաեւ այսօր: Նրանք դեմ են նաեւ վերջին փոփոխություններին: Արմեն Փարսադանյանի կարծիքով՝ տեղ գտած փոփոխությունները հասարակական ճնշման արդյունքում են եղել եւ միայն այդ ընդվզումները նվազեցնելու նպատակով:
«Դժգոհությունները նվազեցնելու նպատակով ընդունված օրենքի հիմքում կրկին տրամաբանություն չկա, սա հերթական անգամ մանևրելու տարբերակ էր, իրենց նպատակը ժողովրդի գրպան մտնելն է եւ կրկին անհիմն ձեւով ուզում են փող շորթեն ժողովրդից: Օրենքը, ընդհանուր առմամբ, հասարակական ճնշման արդյունք է, որովհետեւ մասնավոր սեկտորի կողմից ճնշումն ավելի մեծ էր՝ քան պետական ապարատի աշխատողներից, սակայն չեմ բացառում, որ մասնավոր սեկտորի խոշոր հիմնարկ-ձեռնարկությունների վրա ճնշումներ գործադրվեն եւ ստվերային տարբերակով պահումները կրկին շարունակվեն», -հավելեց Արմեն Փարսադանյանը՝ ընդգծելով, որ դա բնորոշ է այսօրվա իշխանությունների գործելաոճին եւ վերջիններս սպասում են միայն կրքերի հանդարտմանը:
Կարդացեք նաև
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ