Տավուշի մարզի Տավուշ գյուղի բնակիչ, պայմանագրային զինծառայող, 1986թ. ծնված Հովսեփ Իսրայելյանը 2014թ. հունվար 13-ի առավոտյան իր տան ննջասենյակում խեղդամահ է արել կնոջը ՝Հասմիկ Զաքինյանին: Ըստ «Դատելեքս» կայքի՝ դատաքննության ընթացքում Հ. Իսրայելյանն իր մեղավոր է ճանաչել, սակայն ցուցմունք չի տվել: Նա նախաքննության ընթացքում ցուցմունք է տվել,որ կինը բազմիցս իրեն դավաճանել է տարբեր տղամարդկանց հետ, Հասմիկը մի քանի անգամ երեխաներին վերցնելով՝ գնացել է Բերդ քաղաքում գտնվող հայրական տուն: Հովսեփը մի քանի անգամ ներել է կնոջ դավաճանությունները,քանի որ սիրել է նրան: Հունվարի լույս 13-ի ողջ գիշերը Հովսեփը կնոջ հետ զրուցել է Հասմիկի վարքագծի մասին, նա կնոջը խնդրել է, որպեսզի դադարի դավաճանել իրեն, կինը հրաժարվել է հետ կանգնել անբարո կյանքից, ասելով , որ դա իրեն դուր է գալիս: Առավոտյան ժամը 7-ի սահմաններում Հասմիկի պահվածքից եւ դավաճանությունից հոգնած՝ Հովսեփը խեղդամահ է արել կնոջը:
Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը հուլիսի 3-ին Հ. Իսրայելյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով եւ նրան դատապարտել 9 տարի, 6 ամիս ժամկետով ազատազրկման:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ