Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Վրթանեսյան. «Մեզ մոտ իրականում պատերազմական իրավիճակ է»

Հուլիս 14,2014 17:35

«Հետախուզական, ներթափանցման կամ դիվերսիոն գործողություններ ցանկացած պատերազմական իրավիճակում գրանցվում են: Իսկ մեզ մոտ իրականում պատերազմական իրավիճակ է, քանի որ հրադադար է, ոչ թե խաղաղության պայմանագիր: Բայց սա կապել արտաքին գլոբալ և այլ երևույթների հետ, չեմ կարծում, որ ճիշտ է»,-Aravot.am-ի հարցին վերջին օրերին գրանցված սահմանային ռազմական և դիվերսիոն գործողությունները կապ ունե՞ն արտաքին քաղաքական զարգացումների հետ, այսպես պատասխանեց քարոզչության ոլորտի հետազոտող Կարեն Վրթանեսյանը:
Հիշեցնենք, որ հուլիսի 9-ի ցերեկը եւ լույս 10-ի գիշերը ադրբեջանական զինուժը գնդակոծել էր Չինարի գյուղը: : Դիվերսիոն գործողություններ էին իրականացվել Քարվաճառում:

Կարեն Վրթանեսյանը մեր զրույցում նկատեց, որ դիվերսիոն, հետախուզական և ներթափանցման գործողությունները կանոնավոր ռազմական գործողությունների մի մասն են. ինչպես, օրինակ` գնդակոծությունները, փոխհրաձգությունները: Այնուհետև շեշտեց. «Նման գործողություններն ունենում են նաև հոգեբանական ազդեցություն` անկախ նրանից` դրանք նախատեսված էին հատուկ այդ նպատակով, թե` ոչ: Ցանկացած ռազմական գործողություն, եթե հաջող է, հակառակորդի վրա ունենում է բարոյալքող ազդեցություն: Տվյալ դեպքում ադրբեջանական կողմի գործողությունները սահմաններում նաև հոգեբանական ազդեցություն են ունենում»:

Aravot.am-ի հարցին` տեղեկատվական հատուկ քաղաքականության իրականացման արդյունքում հնարավո՞ր է չեզոքացնել այդ հոգեբանական ազդեցությունը, Կարեն Վրթանեսյանն այսպես պատասխանեց. «Հնարավոր է, օրինակ` նման գործողությունների ճիշտ լուսաբանմամբ, երբ տվյալները չեն ուռճացվում և ավելորդ հուզականությամբ չեն ներկայացվում»:

Անդրադառնալով ադրբեջանական կողմի ռազմական և դիվերսիոն գործողություններին` փորձագետը նկատեց. «Տվյալ դեպքում հակառակորդի գործողությունների առաջնային նպատակն էր այն, որ դրանք լուսաբանվեն մամուլում: Ուստի, եթե հնարավոր լինի զուսպ լինել լուսաբանման հարցում,ապա այդ գործողություններն իրենց իմաստը կկորցնեն: Բայց տեղեկատվական դաշտի այսօրվա մրցակցային միջավայրում նման գործողություններն այսպես թե այնպես հասնում են իրենց նպատակին»:

Ըստ Կարեն Վրթանեսյանի` այդ իրավիճակից խուսափելու համար համապատասխան մարմինները պիտի փորձեն հնարավորինս արագ, օպերատիվ և ճշգրիտ ձևով տրամադրել տեղեկատվություն:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031