Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ներողություն չեմ պատրաստվում խնդրել, գնալու եմ Եվրոդատարան». Լեւոն Մութաֆյան

Հուլիս 14,2014 17:30

«Այն, ինչ ես գրել եմ, ճիշտ է, համապատասխանում է իրականությանը, չկա որեւէ անձնական վիրավորանք, չկա որեւէ արժանապատվությանը հարված եւ այլն: Ես պատրաստվում եմ բողոքարկել, որովհետեւ, եթե ես լռեմ, այսուհետեւ մեր դատարանները ֆեյսբուքյան ցանկացած գրառման, մամուլում ցանկացած ազատ խոսքի, կարծիքի, կամարտահայտման դեմ դատական վճիռներ կկայացնեն: Սա հարված է ժողովրդավարությանը, իսկ ես չեմ պատրաստվում լռեմ: Գուցե ծիծաղելի բան ասեմ, բայց ես գնալու եմ թեկուզ Եվրոդատարան, չնայած եղածը 150 հազար դրամ է: Բայց այստեղ սկզբունքի խնդիր է»,- Aravot.am-ի հետ զրույցում թատերագետ Լեւոն Մութաֆյանն այսպես մեկնաբանեց ֆեյսբուքյան գրառման համար դատարանի որոշումը՝ իրենից բռնագանձելու ընդհանուր առմամբ 150 հազար դրամ՝ արվեստագետներին վիրավորելու եւ զրպարտելու համար:

Panorama.am-ի տեղեկատվությամբ՝ Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն իր վճռով պարտավորեցրել է Լեւոն Մութաֆյանին հրապարակայնորեն ներողություն խնդրել հայցվորներ Գուրգեն Մուշեղյանից, Ռուբեն Արեւշատյանից, Սարո Գալենցից, Աննա Երզինկյանից, Մարգարիտա Ռուխկյանից եւ Տարոն Մուրադյանից՝ վիրավորանքների համար: Այնուհետև վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկ շաբաթյա ժամկետում «blognews.am» և «pressing.am» կայքերի միջոցով անմիջապես հետո դատարանի առաջարկած բովանդակությամբ հերքում տպագրել, ինչպես նաև, պարտավորեցնել Լևոն Մութաֆյանին հայցվորներին վիրավորանք հասցնելու համար վճարել փոխհատուցում ընդհանուր գումարով 50.000 ՀՀ դրամի չափով` յուրաքանչյուրին 8 հազարական դրամով, իսկ զրպարտության համար` 100.000 ՀՀ դրամի չափով` Գուրգեն Մուշեղյանին` 25 հազար դրամով, իսկ մյուսներին` 15 հազարական դրամի չափով:

Լեւոն Մութաֆյանի մեկնաբանությամբ՝ «Ես կարող եմ իբրեւ ողորմություն՝ Սոս Սարգսյանին բարոյապես սպանած Գուրգեն Մուշեղյանին նետել այդ գումարը: Բայց չեմ պատրաստվում գնալ այդ քայլին, որովհետեւ ի սկզբանե «Արվեստ» անվանակարգում տեղի է ունեցել կեղծիք: Մինչ մրցանակաբաշխությունն արդեն որոշված են եղել մրցանակակիրները: Ընդ որում, մեկ մրցանակի փոխարեն տրվել են 2: Սա, բնականաբար, խախտում է: Ըստ էության, դատարանը պաշտպանել է կեղծիքը, դատարանը պաշտպանել է մեկ այլ աննորմալ երեւույթ եւս: Ես իմ հոդվածում նշել եմ, որ այդ «Արվեստ» հանձնախմբում թատերական որեւէ գործիչ չկա, փորձագետներ չեն: Ցուցակը ներկայացված է: Դատարանը դա համարել է վիրավորանք: Սա ծիծաղելի է: Ես կպայքարեմ, կդիմեմ Վերաքննիչ դատարան, այնտեղ էլ կլռեն, ես կգնամ ավելի վերեւ: Անկեղծորեն եմ ասում, այստեղ սկզբունքի խնդիր է: Ես ներողություն չեմ պատրաստվում խնդրել»:

Պարոն Մութաֆյանն ասաց, որ այդ նույն արվեստագետները դատարան դիմելուց առաջ «Գոլոս Արմենիի» թերթում իր անձը, արժանապատվությունը վիրավորող հոդված են տպագրել՝ հասցնելով անձնական վիրավորանքներ, ընդհուպ մինչեւ իրեն կոչելով հոգեկան հիվանդ. «Ստացվում է, որ սելը ճռռալու փոխարեն սելվո՞րն է ճռռում»:
Մեր հարցին՝ Դուք չե՞ք պատրաստվում հակընդդեմ հայցով դիմել դատարան՝ Ձեզ վիրավորելու համար՝ Լեւոն Մութաֆյանը պատասխանեց. «Հակընդդեմ հայց ես կներկայացնեմ անպայման: Ես այսօր եմ իմացել դատարանի որոշումը»:

Նա նշեց, որ իր հոդվածում հանձնախմբի որեւէ անդամի անուն չի հիշատակվել. «Եթե մարդու անուն չկա, ինչպե՞ս են նրանք վիրավորվել: Հանձնախմբի անդամների անունները որեւէ պաշտոնական ձեւով չեն հրապարակվել: Ես միայն իմացել եմ այդ մարդկանց անունները իրենց ներկայացրած քաղաքացիական հայցից: Հանձնաժողովը մի տեսակ ընդհանրական հասկացություն է: Ավելին, ինչպե՞ս է պատահել, որ հանձնաժողովի 8 հոգանոց անդամներից 2 անդամը չեն վիրավորվել, 5 անդամը վիրավորվել են 15 հազար դրամի չափով, Գուրգեն Մուշեղյանը՝ 25 հազար դրամի չափով: Ինչպե՞ս հասկանալ դա: Սա զավեշտալի որոշում է: Ես ուզում եմ այդ զավեշտն ի ցույց դնել հանրությանը եւ մտնել արդեն Վերաքննիչ դատարան: Ինչպե՞ս է, որ Աննա Երզինկյանը վիրավորվել է 15 հազարական դրամի չափով, Գուրգեն Մուշեղյանը՝ 25 հազար, երբ իմ հոդվածում որեւէ անուն չկա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Մարտիրոսյան says:

    Էն էլ ոնց ներողություն կխնդրես: Ոնց կարելի է հազարավոր մարդկանց վիրավորել ֆեյսբուքում, որը դարձել է բամբասանքի օջախ: Վերջապես գտնվեցին իրենց հարգող մարդիկ: Թատերագետ ես, գնա քո թատերագիտությամբ զբաղվի, էնքան բան կա թատրոններում անելու, ոչ թե ամեն ինչի մեջ խառնվում ես:
    Հիմա էլ սկսել ես իրենց հայցադիմումը քննադատել? Հանձնաժողովին վիրավորելը նշանակում է վիրավորանք նրա բոլոր անդամներին: Դա պրիմիտիվից պրիմիտիվ է: Չի կարելի էդքան չարանալ բոլորի վրա. ոչ տարիք ես հարցնում, ոչ սեռ: մեկին գովում ես, իսկ երբ այդ մեկը հաջողություն է ունենում, սկսում ես ցեխ շպրտել նրա վրա:

  2. Նարեկ Լեւոնյան says:

    Շեքսպիր ,,Հիմարի դերը քո տանը խաղա,,….

  3. Մարտիրոսյան says:

    Իհարկե կարող ենք պատասխանել, թե երբ չի կայանում թատերագետը. բուհ չավարտելը մի կողմ. երբ նա օրուգիշեր ֆեյսբուքում բամբասում է և իր նմաններից լայքեր ստանում, մարդկանց, ջահելներին ու աղջիկներին վիրավորում: Ցավալի է, երբ փողը դիմակազրկում է մարդուն: Իսկ ներողություն պետք է խնդրել շատերից: Ասլիբեկյանից շատ բաներ ունի սովորելու…

  4. Կարինե says:

    Մարդ մի քիչ երես կունենա, փոխանակ ներողություն խնդրելու, դեռ երես ունես Եվրադատարան դիմելու? Դեռ շատ քիչ են տուգանել… Այն վատ բաները, որ արել ես դեռ մանկուց և հիմա ավելի ահավոր կերպով շարունակում ես, պարզապես աններելի են: Երանի նրան, ով չի ճանաչում սրան: Ֆեյսբուքը հաղորդակցման վայր է, ոչ թե չարախոսության:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031