Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյան. «Քանի դեռ այս վիճակն է, մենք պետք է շարունակենք կորուստներ ունենալ»

Հուլիս 14,2014 17:08

«Մեր պատմության մեջ, երբ ռուս-թուրքական շահերը համընկել են, դա Հայաստանի եւ հայ ժողովրդի համար ողբերգական հետեւանքներ է ունեցել: Ամեն ինչ պիտի անենք այժմ դա բացառելու համար: Իսկ դրա համար պետք է ունենանք իրավակարգ, ընտրված իշխանություն, որը գիտակցում է Հայաստանի ինքնիշխանությունը եւ ազգային շահը: Ներկայումս, մեր չընտրված իշխանությունները տրվել են օտար պետություններին: Եվ քանի դեռ այս վիճակն է, մենք պետք է շարունակենք կորուստներ ունենալ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն՝ անդրադառնալով Հայաստանի ռազմավարական գործընկեր հռչակված ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի փաստերին եւ Ադրբեջանի կողմից վերջին շրջանում հայկական բնակավայրերի նկատմամբ իրականացվող դիվերսիոն գործողություններին:

Հիշեցնենք, վերջին դիվերսիոն գործողությունն ադրբեջանական կողմն իրականացրել էր ուրբաթ օրը՝ Քարվաճառի հատվածում, ինչի արդյունքում վիրավորվել էր 1977 թվականին ծնված Կարինե Դավթյանը:

«Այո, կարող ենք քննադատել Ռուսաստանին, որ ինքը մեր ռազմավարական գործընկերը համարվելով միլիարդավոր դոլարների զենք է վաճառում Ադրբեջանին, չի արձագանքում մեր զինվորների դիտավորյալ սպանություններին Ադրբեջանի կողմից եւ միշտ չէ, որ ինքն իրեն պահում է, որպես ռազմավարական գործընկեր: Այդտեղ քննադատության շատ տեղ կա, բայց առաջին հերթին քննադատության արժանի են մեր դե-ֆակտո իշխանությունները, որ գնում են յուրաքանչյուր մայրաքաղաք՝ Մոսկվայից-Պեկին, Բրյուսելից-Վաշինգտոն եւ «այո» են ասում բոլորին, գործընթացներ են տանում, որոնք տարիներ անց, բումերանգի նման խփում են մեր ժողովրդին»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ հիշեցնելով, որ «Ժառանգությունը» դեմ է Եվրասիական տնտեսական միությանն ու Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը, ոչ այն պատճառով, որ «հակառուս» են, այլ, որ գնահատում են երկրի ինքնիշխանությունն ու անկախությունը, ՀՀ քաղաքացիների սոցիալ-տնտեսական շահերը իրացնելու խնդիրը:

«Կեսկատակ-կեսլուրջ պետք է շնորհակալություն հայտնել այն բոլոր պետություններին, որոնք այս կամ այն պատճառներով ձգձգում են Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացը: Հույս ունենք, որ այդ ձգձգման գործընթացում Հայաստանը կվերագտնի իր ազատությունն ու ինքնիշխանությունը»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ եթե Եվրոպան էլ շարունակի աչք փակել հայաստանյան կեղծված ընտրությունների, ցեղասպանությունների, Արցախի ազատության եւ ինքնորոշման հրամայականների առջեւ, ուրեմն «քիչ բանով է այլընտրանք ներկայացնում»: Րաֆֆի Հովհաննիսյանն ակնկալում է, որ Եվրոպան կվերանայի իր սխալ մոտեցումը Հայաստանի եւ հայ ժողովրդի նկատմամբ:

Aravot.am-ը պարոն Հովհաննիսյանից նաեւ հետաքրքրվեց՝ լատինամերիկյան այցի ընթացքում նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ հայաստանցիներին մտահոգում է ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը, արդյոք նշանակում է, որ ՀՀ իշխանությունն այլեւս չի վստահում ՌԴ իշխանություններին: «Ես իր անունից չեմ կարող ասել: Շատ քիչ ասաց եւ շատ ուշացած: Բայց գոնե ասաց, որ հայ ժողովուրդը լավ չի վերաբերվում: Շատ ուշ է, շատ թույլ է, շատ քիչ է, բայց եթե սա նոր շրջանի սկիզբ է՝ թող ժողովուրդն իմանա դրա մասին: Բայց հայ-թուրքական արձանագրություններից մինչեւ մադրիդյան սկզբունքներ, Տավուշից-Նախիջեւան մեր զինվորների զոհերը, մենք դեպքերի ետեւից ենք գնում: Ազգային միասնության եւ Սահմանադրության հիման վրա չենք կանխում մեր ազգային անվտանգության դեմ ուղղված միջազգային եւ տարածաշրջանային վտանգները»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ այնուհանդերձ հիմնական մեղավորներին «մեր ներսում» համարելով:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031