Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյան. Այն վեհ գաղափարները, որոնց համար պայքարում էին ֆրանսիացիները, ուղղորդեցին նաև բազմաթիվ այլ ժողովուրդների իրենց ազնիվ մղումներում

Հուլիս 14,2014 15:24

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ այսօր այցելել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատուն: Վարչապետը ՀՀ կառավարության և անձամբ իր անունից շնորհավորել է դեսպան Անրի Ռենոյին, դեսպանատան անձնակազմին և Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին՝ Ազգային տոնի 225-ամյակի առթիվ, մաղթել բարօրություն և հետագա առաջընթաց:

«Այսօրվա խորհուրդը, որքան հոգեհարազատ է ֆրանսիացիներին, նույնքան ոգևորիչ է բոլոր ազատատենչ ժողովուրդների համար։ Այն վեհ գաղափարները, որոնց համար պայքարում էին ֆրանսիացիները, ուղղորդեցին նաև բազմաթիվ այլ ժողովուրդների իրենց ազնիվ մղումներում՝ հանուն ազատության, հավասարության և առաջընթացի», – նշել է Հովիկ Աբրահամյանը։

Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանի և Ֆրանսիայի՝ պատմական սերտ կապերի և ընդհանուր արժեքների վրա հիմնված բարեկամական, միջպետական հարաբերությունները մշտապես նշանավորվել են վերընթաց զարգացմամբ: Հովիկ Աբրահամյանը հայ-ֆրանսիական փոխհարաբերությունները որակել է որպես առանձնաշնորհյալ և օրինակելի ու շնորհավորանքի խոսք հղել նաև Ֆրանսիայում բնակվող հայերին, ովքեր իրենց անգնահատելի ներդրումն ունեն երկու երկրների բարեկամության ամրապնդման և համագործակցության զարգացման գործում:

«Ուրախ եմ նշել, որ այսօր երկու պետությունների միջև առկա է բարձր մակարդակի քաղաքական կանոնավոր երկխոսություն, ինչն արտահայտվում է տարբեր մակարդակի փոխայցերով: Ասվածի վառ վկայությունն է այս տարվա մայիսի 12-ին Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ Հայաստան կատարած պետական այցը, որը նոր լիցք հաղորդեց մեր բարեկամ երկրների միջև հարաբերությունների ամրապնդմանը։

Հայ-ֆրանսիական բազմաոլորտ օրակարգում առաջնային նշանակություն ունի առևտրատնտեսական կապերի ընդլայնումը։ Մեր երկրներն արդյունավետ փոխգործակցություն են ծավալում նաև մշակույթի, գիտության և կրթության ոլորտներում։ Կարևորում եմ նաև Ֆրանկոֆոնիայում Հայաստանի ակտիվ մասնակցությունը, ինչը վկայում է ֆրանսերենի և ֆրանսիական մշակույթի հանդեպ հայ ժողովրդի հետաքրքրվածության ու համակրանքի մասին։ Մենք բարձր ենք գնահատում նաև Մինսկի խմբում համանախագահող Ֆրանսիայի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը միտված ջանքերը», – հավելել է Հովիկ Աբրահամյանը:

Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել դեսպան Ռենոյի անձնական ներդրումը բարեկամության և փոխըմբռնման ոգով զարգացող երկկողմ հարաբերություններում և նշել. «Այս գեղեցիկ տոնի առիթով բարեկամ Ֆրանսիային մաղթում եմ խաղաղություն և բարեկեցություն, իսկ հայ-ֆրանսիական հարաբերություններին՝ նոր ձեռքբերումներ»:

Վարչապետ Աբրահամյանն այնուհետև մասնակցել է Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ կազմակերպված հանդիսավոր ընդունելությանը և Երևանի թիվ 119 ավագ դպրոցի սաների կատարմամբ ունկնդրել Հայաստանի ու Ֆրանսիայի օրհներգերը:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031