Լրահոս
Օրվա լրահոսը

Դեպի «ապահով» անապատացում

Հուլիս 14,2014 15:06

«Հայաստանի 30%-ը խիստ անապատացվող տարածք է, 400-ից մինչեւ 2400 մետրի վրա տեղի են ունենում անապատացման գործընթացներ»,-այսօր այս մասին «Պոստ Սկրիպտում» ակումբում ասաց աշխարհագրական գիտությունների դոկտոր, հողագետ Աշոտ Խոյեցյանը: Նրա խոսքերով` Արարատյան դաշտի 3%-ը դասական անապատացված է արդեն, ունենք կիսաանապատային ֆորմացիաներ: «Հանրապետության բարդ կլիմայական պայմաններն ու բնօգտագործման հազարամյակների պատմությունը բերել են հողերի դեգրադացիայի, անապատացման եւ գլոբալ կլիմայական պրոցեսների ինտենսիվացման»,-ասաց մասնագետը:

Հայաստանում անապատացման երեւույթները նկատվում են սկսած ամենացածր հատվածներից մինչեւ ամենաբարձր տարածքները, որտեղ տեղի են ունենում հողերի աղակալում, էրոզիա, հողերի դեգրադացիա, անտառների վերացում: Պարոն Խոյեցյանի ներկայացմամբ` մերձալպյան եւ ալպյան գոտիներում արածեցման յուրաքանչյուր տարի հսկայական ծավալների եւ հազարամյակների հողեր ենք կորցնում: Մասնագետի խոսքերով` Հայաստանի 80%-ը, ՄԱԿ-ի չափանիշներով, անապատացման արտահայտվածություն ունի. մեր երկրում յուրաքանչյուր բնակչին բաժին է ընկնում 0.13 հազար հա-ից պակաս հողաչափ:

Չնայած Հայաստանում անապատացման դեմ պայքարի գործողությունների ազգային ծրագիր կա, որի շրջանակներում մեր կառավարությանը միջազգային կառույցները հսկայական գումարներ են տրամադրել, սակայն մասնագետի վստահեցմամբ` անապատացումն ավելի արագ է կատարվում, քան ծրագիրը: Ծրագրի իրականացումը պարոն Խոյեցյանը բացասական գնահատեց, նշելով, որ եթե այն ճիշտ եւ արդյունավետ իրականացվեր, ապա այսօր դրական տեղաշարժեր կնկատվեին:

Մասնագետի կարծիքով` այս խնդիրը կարող է հանգեցնել պարենային սովի, աղքատության ահագնացող խնդրի: Բնօգտագործման եւ բնապահպանական միջոցառումներն եթե ուշանան, անապատացման ահագնացումը անխուսափելի է»:

Aravot.am-ի հարցին` հնարավո՞ր է մի քանի տարի հետո մեր երկրում էլ կակտուսներ աճեն անապատացման հետեւանքով, պարոն Խոյեցյանն ասաց, որ անապատացումը միայն կակտուսներով, ավազուտներով ու օազիսներով տարածքները չեն, Հայաստանի 3 %-ն արդեն դասական անապատացման վիճակում է . «Մեզ մոտ անապատացումը դրսեւորվում է հողի բերրիության մինիմալ աստիճանով: Տեսեք`անապատացման գործընթացն այնպիսի ինտենսիվությամբ է տեղի ունենում, որ անապատը բարձրանում է կիսաանապատային տարածք, սա բարձրանում է չոր տափաստանային տարածք, սա էլ բարձրանում է տափաստան, տափաստանն էլ բարձրանում է անտառին է ճնշում, վերեւից մարգագետնային տափաստանն էլ անտառին է ճնշում: Այսինքն` պրոդուկտիվ բոլոր էկոհամակարգերը ճնշվում են, խեղճանում են, սեղմվում են ու անպտուղ տարածքները մեծանում են»:

Aravot.am-ի այն հարցին էլ` արդյոք Հայաստանի տարբեր հատվածներում օձերի եւ կարիճների ակտիվացումը կապված է անապատացման գործընթացի հետ, մասնագետն ասաց` միանշանակ: Բացի այս, ըստ Խոյեցյանի, մեծացել են ամենատարբեր հիվանդությունների, այդ թվում նաեւ մալարիայի հարուցիչները, միկրոբները, կրծողների, միջատների թիվն է ավելացել, անգամ մոլախոտային բույսերն են շատանում:

«Աղքատությունը բերում է նրան, հեռավոր լեռնային շրջանների բնակիչները դուրս են գալիս դաշտ` ու սկսում են զանգվածային կերային բույսեր հավաքել, ասենք` սիբեխ եւ այլն, ու դրանց փոխարեն մոլախոտերն են սկսում շատանալ: Մինչդեռ, կերային բույսերի թույլատրելի չափ կա հավաքելու: Բայց մարդիկ սոված են, ինչ անեն»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031