Սննդի անվտանգության պետական ծառայության բուսասանիտարական տեսչության պետ Արթուր Նիկոյանն այսօր «Հայացք» մամուլի ակումբում ասաց, որ չի կիսում այն կարծիքը, որ վերջերս ձմերուկից, լոլիկից եւ վարունգից թունավորման բազմաթիվ դեպքեր են գրանցվել: Ընդհակառակը, նա այն կարծիքին է, որ, եթե բուսական արտադրանքից սպառողը թունաքիմիկատի, պարարտանյութի հոտ է առնում, ապա դա ամենեւին չի նշանակում, որ արտադրանքը հարուստ է թունաքիմիկատներով. «Իրականում դա այդպես չէ: Եթե դրանց մեջ պեստիցիդների կամ նիտրատների մնացորդային քանակությունը գերազանցում են, դա չի արտահայտվում ո՛չ համով, ո՛չ հոտով, ո՛չ էլ այլ հատկություններով»:
Արթուր Նիկոյանը վստահ է, որ հնարավոր է, որ այդ բուսամթերքը ունի իր սորտային առանձնահատկությունը եւ եթե սպառողը մի սորտի լոլիկ կամ ձմերուկ է սովոր ուտել, ապա այլ սորտի մթերք գնելու դեպքում բնականաբար համի փոփոխություն պետք է զգա: «Եթե նոր սորտ է, եւ դրանից համ ու հոտ առնեն, կարող է եւ չհասկանան, որ դա ամենեւին էլ թունաքիմիկատ չէ»:
Լրագրողներից մեկի այն դիտարկմանը, որ մի ընտանիքի բոլոր անդամները կերել են նույն վարունգը եւ թունավորվել են, իսկ սննդի անվտանգության ծառայությունը իդեալական պատկեր է ներկայացնում եւ պնդում է , որ գյուղմթերքներում թունաքիմիկատների քանակը չի չարաշահվել, Արթուր Նիկոյանը պատասխանեց, որ եթե ինչ-որ մեկը փորլուծ է ընկնում վարունգից եւ մնացած այլ բույսերից, ապա չի նշանակում, որ դրանց մեջ պեստիցիդների եւ նիտրատների պարունակությունը շատ է:
Արթուր Նիկոյանն այս խնդիրը բարդեց մարդկանց սխալ սննդակարգի վրա եւ պայմանավորեց նրանով, որ սպառողները ունեն խնդիրներ իրենց ստամոքսի հետ կապված. «Սննդամթերքի ոչ ճիշտ օգտագործումից, կարող են առողջական խնդիրներ լինել: Կամ ինչ-որ մեկը աղեստամոքսային տրակտի խնդիր ունի եւ ինչ որ մի թեթեւ բանից էլ անգամ կարող է փորլուծ ընկնել»:
Կարդացեք նաև
Այն դիտարկմանը, թե մարդիկ շատ լավ գիտեն իրենց սննդակարգը եւ մինչ այդ նրանց մոտ թունավորման դեպքեր չեն գրանցվել, պրն Նիկոյանը, միեւնույն է, պնդեց, որ ամեն դեպքում պետք է դիմել բժշկի:
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ