Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սննդի անվտանգության ծառայությունը վստահեցնում է՝ ներկրվող ապրանքների վերահսկողությունն ավելի հեշտ է իրականացնել,  քան տեղական ապրանքներինը

Հուլիս 14,2014 14:13

Սննդի անվտանգության պետական ծառայության բուսասանիտարական տեսչության պետ Արթուր Նիկոյանն այսօր «Հայացք» մամուլի ակումբում խոսելով ներկրվող եւ տեղական արտադրության բուսամթերքների հետ կապված խախտումների մասին, լրագրողներին խնդրեց չզարմանալ եւ ասաց, որ մեկ տարվա ընթացքում նիտրատների քանակի չարաշահման խախտումներ չեն գրանցվել: «Դա կապված է նրա հետ , որ եթե ցանկացած երկրից արտադրանքը պետք է ներմուծվի ՀՀ տարածք, նախօրոք պահանջում է մեզնից մեր օրենսդրությամբ սահմանված պահանջները» :

Արթուր Նիկոյանը տեղեկացրեց, որ ներմուծվող գյուղմթերքները սահմանային հսկիչ կետում ենթարկվում են սանիտարական վերահսկողության եւ անվտանգության ցուցանիշների նկատմամբ՝ նիտրատների եւ պեստիցիդների հսկողություն է իրականացվում: «Մեկ տարուց ավելի է, ինչ ներդրել ենք սահմանային հսկիչ կետերում բուսական ծագման մթերքների անվտանգության վերահսկողության համակարգը, որը իրենից ենթադրում է նիտրատների, պեստիցիդների ստուգումը մինչեւ Հայաստանի Հանրապետություն մուտք գործելը»:

Արթուր Նիկոյանն ասաց, որ վերջին շրջանում հանրապետությունում բուսական ծագման մթերքների մոնիթորինգ է իրականացվել. «Պատկերը բավականին լավ է, խնդիր ունենք միայն ձմերուկի հետ կապված: Ձմերուկի մեջ մի փոքր նիտրատների մնացորդային քանակությունը բարձր է»: Արթուր Նիկոյանը տեղեկացրեց, որ ձմերուկը ներկրվել է փետրվար ամսից սկսած. «Ձմերուկը հիմնականում ներկրվել է Իրանից, Վրաստանից, Թուրքիայից, Բրազիլիայից»:

Իսկ անդրադառնալով տեղական ապրանքների արտահանման հետ կապված խնդիրներին՝ պրն Նիկոյանը նշեց, որ այս տարի արտահանումից հետո ոչ մի ապրանք ետ չի ուղարկվել. «Անցյալ տարի նման դեպքեր գրանցվել են: Վրաստան արտահանված կարտոֆիլի մեջ վնասակար օրգանիզմներ էին հայտնաբերվել: Մինչեւ վերջ պնդել ենք, որ չի համապատասխանում իրականությանը եւ որ դա կապված է իրենց երկրի ներքին խնդիրների հետ»:

Պրն Նիկոյանը վստահեցնում է, որ ներկրված ապրանքների վերահսկողությունն ավելի հեշտ է իրականացնել, քան տեղական արտադրանքի, քանի որ ներկրվող ապրանքները հսկիչ սահմանային կետերում ստուգվում են. «Իսկ պատկերացրեք, Հայաստանում կա 340 հազար գյուղացիական տնտեսություն: Ամեն մեկը իր արտադրանքը իր իմացած շուկայում իրացնում է: Պարզապես հնարավոր չէ իրականացնել այդ վերահսկողությունը»:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031