Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մանվել Եղիազարյան. «Եթե պատերազմը վերսկսվի, հայկական կողմը հաղթելու է»

Հուլիս 14,2014 13:50

«Եթե Ադրբեջանը ցանկանա պատերազմ սկսել, ապա մեր այսպիսի վիճակը, որ մենք պատերազմ չենք ուզում, չի կարող օգնել` միեւնույն է, պատերազմը սկսվելու է»,- այսօր` հուլիսի 14-ին, «Ֆորում» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը:

Հրամանատարը տեղեկատվությունը պարտադիր երեւույթ է համարում, քանի որ այն մատնանշում է հայկական կողմի թերությունները, որպեսզի դրանք ուղղվեն եւ ադրբեջանցին չկարողանա սահմանն անցնել: Իսկ եթե ադրբեջանցին կարողանում է անցնել, ապա դա, ըստ Մանվել Եղիազարյանի, նշանակում է, որ հայկական կողմը մի բան այնպես չի անում.
«Եթե ուզում ենք այս տարածաշրջանում ապրել, ապա հայ ժողովուրդը պետք է զենքով քնի, զենքով վեր կենա, մինչեւ այդ փուշը, այդ խոցը, որը Կովկասում առաջացել է եւ կոչվում է Ադրբեջան, մեր մարմնից դուրս մղվի: Մի գեղեցիկ օր դա էլ կլինի, քանզի արհեստական պետությունները երկար կյանք չեն ունենում»:

Անդրադառնալով այն կարծիքին, թե այդպիսի արտաքին ունեցող մարդիկ չեն կարող լինել դիվերսանտներ` Մանվել Եղիազարյանն ասաց, որ դժվար է ասել, նրանք դիվերսանտնե՞ր են, թե՞ ոչ: Իսկ եթե դիվերսանտներ չեն, ուրեմն, նրա կարծիքով, մեզ համար ավելի վատ է.
«Ուրեմն` ամեն մի պատահական չոբան կարո՞ղ է սահմանն անցնել, անցնել մեր թիկունքը, ուրեմն` ինչքա՞ն անպաշտպան է մեր սահմանը: Այնպես որ, դժվար է ասել՝ նրանք դիվերսանտնե՞ր են, թե՞ չէ, բայց եթե դիվերսանտներ չեն, ավելի վատ մեզ համար, քանի որ ամեն մի պատահական մարդ` առանց պետության միջամտության, սահմանն է անցնում: Ես ձեզ վստահեցնում եմ` սահմանն անցնելն այնքան էլ հեշտ բան չէ, այն դեպքում, երբ խրամատներում զինվոր կա, եթե խրամատներում զինվոր չկա, մենք էլ ենք շատ սահմաններ անցել»:

Պարոն Եղիազարյանը կարծում է, եթե անգամ պատերազմը վերսկսվի, ապա հայկական կողմը հաղթելու է եւ տարիներ շարունակ խաղաղության մեջ է ապրելու: Սակայն նա համարում է, որ պետք է հայկական կողմն օգտվեր իր նախորդ պատերազմական փորձից եւ երկիրը կարգի բերեր.
«Մենք պետք է բոլորին միավորեինք, ոչ թե ասեինք` սա մեզ պետք չէ, սա ազատամարտիկ է` արհամարհենք եւ այսօր փաստի առաջ չկանգնեինք: Ո՞ւր են այն ազատամարտիկները, ինչո՞ւ դուրս չեն գալիս փողոց եւ աղմուկում, որ պատրաստ են պաշտպանել մեր հայրենիքի սահմանները: Ուրեմն` մի բան այնպես չենք արել, ուրեմն` չենք կարողացել կազմակերպել, եւ ամենակարեւորն է` այնպես ենք արել, որ տվյալ անձինք հիասթափվել են իրենց արած գործերից»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031