Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհահռչակ կորեացի ռեժիսոր. «Իմ ուսուցիչը ինքը՝ կյանքն է, ես կյանքն եմ նկարում»

Հուլիս 14,2014 13:47

Աշխարհահռչակ կորեացի ռեժիսոր Կիմ Կի Դուկը Երեւանում է: Այսօր Տիկնիկային թատրոնի դահլիճում նա հանդիպեց լրագրողների հետ:

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը ներկայացնելով ռեժիսորին, ասաց, որ շատ-շատերը, որ չգիտեին Կորեայի մասին, Կիմ Կի Դուկի ֆիլմերի շնորհիվ պատկերացում են կազմել այդ երկրի ժողովրդի, մշակույթի ու կենցաղի մասին: Պարոն Ստամբոլցյանի խոսքով, այս ռեժիսորին հաճախ մեղադրում են դաժանության մեջ, ասելով, թե դա կորեական մենթալիտետից է գալիս, մինչդեռ Կիմ Կի Դուկը ժխտում է այդ տեսակետը, նշելով, որ թվացյալ դաժանության հետեւում իր փխրուն սիրտն է, ուղղակի ինքը նկարում է այդ ամենը՝ ցույց տալու համար, որ ինչպիսին չպետք է լինի աշխարհը:

kim

Կիմ Կի Դուկը ներկայացավ շատ պարզ. «Ես կորեացի ռեժիսոր Կիմ Կի Դուկն եմ»: Ապա հավելեց, որ Հայաստանի մասին տեղեկացել է համացանցից ու գիտի, որ այստեղ դիտում են իր ֆիլմերը: Երեկ եւ այսօր կորեացի ռեժիսորը 3-ական ժամով շրջել է Երեւանում, մասնավորապես Փակ շուկայի տարածքում, շատ աղքատների տեսել, նաեւ Կասկադում է եղել, ու եկել այն համոզման, որ Հայաստանը Կորեայի նման ծայրահեղությունների երկիր է՝ երկու երկրներում էլ կան աղքատներ ու շքեղ ապրող մարդիկ:

Անվանի ասիացին պատմեց, որ երկար տարիներ գումար է վաստակել չարքաշ աշխատանքով, անգամ չի կարողացել դպրոց հաճախել: Նա կես կատակ-կես լուրջ ասաց, որ պարտադիր չէ դպրոց գնալ, ապա հավելեց, թե այն բաները որ սովորում ես կյանքում, դպրոցում չեն սովորեցնում: «Երեկ տեսա Փարաջանովի վերականգնված «Նռան գույնը», հավանեցի, նաեւ անչափ ուրախ եմ, որ փառատոնի ընթացքում կցուցադրվեն իմ վեց ֆիլմերը»,- նշեց ռեժիսորը:

Նրա ձեւակերպմամբ, իր որոշ ֆիլմերում երկխոսությունները նվազագույնի են հասցված. «Դեմքի արտահայտությամբ կարող ես ավելին ասել, քան խոսքերով»: Կիմ Կի Դուկը, որի ֆիլմերը երջանիկ ավարտ չունեն, այնուամենայնիվ հետեւյալ կարծիքի է. «Մարդիկ պետք է լիահույս լինեն ապագայի հանդեպ»:

Իմիջիայլոց, նա որեւէ կինոռեժիսորի իր ուսուցիչը չի համարում: «Իմ ուսուցիչը ինքը՝ կյանքն է, ես կյանքն եմ նկարում»,-ասում է նա:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031