Լրահոս
Օրվա լրահոսը

Կրոնական հարցերը օրենսդրորեն անվերահսկելի են

Հուլիս 14,2014 12:57

ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի վարչության պետ Վարդան Ասցատրյանն այսօր «Ազդակ» ակումբում, խոսելով Հայաստանում կրոնական հիմնահարցերի վերաբերյալ, ասաց, որ իրենց բաժինը հիմնականում ամփոփում է խնդիրները եւ ներկայացնում վարչապետին: Նաեւ զբաղվում է ոլորտի իրավական կարգավորումներով, սակայն մինչ այժմ այդ ոլորտի իրավական կարգավորումները բավարար չեն: Գրեթե բոլոր հարցերին նա պատասխանում էր «դա մեր գործառույթների մեջ չի մտնում»: Իրենց գործառույթների մեջ չէր մտնում անգամ չգրանցված կրոնական կազմակերպությունների մասին տեղեկություններին տիրապետելը: Վ.Ասցատրյանը տեղյակ էր, որ վաթսունհինգ գրանցված կրոնական կազմակերպություն կա Հայաստանում, բայց թե քանի չգրանցված՝ չգիտեր՝ «դա համապատասխան ծառայությունների խնդիրն է»:

Նա անընդհատ շեշտադրեց, որ կրոնական հարաբերությունների վերաբերյալ օրենսդրական դաշտը շատ բաց է, վերահսկողություն չկա:

Բանախոսն ասաց, որ ըստ ՀՀ օրենքի՝ կրոնական կազմակերպությունը պարտադիր պետք է գրանցվի, սակայն միջազգային օրենսդրությամբ նման պարտադրանք չկա: Նման խնդիր կա նաեւ հոգեորսության պահով. ըստ Վենետիկի փորձագետների, որոնք քննադատել են «Խղճի եւ կրոնի ազատության մասին» արդարադատության նախարարությունում գտնվող օրինագիծը, հոգեորսությունը դատապարտելի երեւույթ չէ, դա կրոնական կազմակերպությունների բնական գործությունն է: «Նրանք ասում են, որ կրոնական կազմակերպությունների համար հոգեորսությունը, նոր անդամների ներգրավումը նորմալ է, Քրիստոնեությունն էլ է այդպես սկսել»:

Ինչպես հոգեորսություն, այնպես էլ աղանդ բառերը չեն ընդունվում կրոնական կազմակերպությունների կողմից, եւ նրանք չեն ցանկանում այդ բառերը տեսնել նաեւ օրենքում: Այդուհանդերձ, օրենքի նախագծում, որն այդպես էլ չի մտել Ազգային ժողով, նշված է, որ «նյութական միջոցներով մարդկանց շահագրգռումը արգելվում է»:
Պարոն Ասցատրյանն ասաց, որ օրենսդրորեն որեւէ իրավունք չունեն աղանդների դեմ պայքարի համար, եթե նրանք չեն անում օրենքով արգելված որեւէ գործունեություն: Հիմա էլ ցանկանում են որոշակի վերահսկողություն ունենալ կրոնական կազմակերպությունների կազմակերպած ճամբարների վրա, որպեսզի տեսնեն այդ ճամբարներում նորմերը, հարաբերությունները համապատասխանում են որոշակի չափանիշների, թե ոչ: Պարոն Ասցատրյանն ասում էր, որ պետք է հասարակության ճնշումը լինի, որպեսզի ինչ-որ բանի հասնեն, այլապես օրենքը թույլ չի տալիս որեւէ ձեւով պայքարել. «Մենք ամենահանդուրժող ազգն ենք, մեզ նման հանդուրժող չկա: Բայց հիշեք, որ տոլերանս բառը «վիրուսի ընկճում» է նշանակում»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031