Լրահոս
Օրվա լրահոսը

Լիպարիտ Սիմոնյան. «HSBC բանկի կալանավորված աշխատակցի դատավճռում ենթադրությունն է»

Հուլիս 14,2014 12:54

Պաշտպանը դիմելու է վերաքննիչ դատարան

Աշոտ Առուշանյանի դեմ հարուցված քրեական գործը երկրորդ անգամ կհայտնվի ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում:

Նախորդ անգամ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի դատավճռով նա դատապարտվել էր ազատազրկման այն բանի համար, որ տեղեկություններ էր հաղորդել գործով երկրորդ ամբաստանյալին՝ Էդգար Կարաքեշիշյանին, «Մանանա Գրեյն» ընկերության փոխտնօրեն Արմեն Մանուկյանի կողմից տեղափոխվող գումարի մասին: Գումարը եղել է 56 միլիոն դրամ:

Դատավճիռը բողոքարկվել էր, այն ուղարկվել էր նույն դատարան, այլ կազմով քննելու համար:

Երկրորդ դատավորը՝ Մեսրոպ Մակյանը կայացրել էր դատավճիռ, որտեղ գրել է, որ Աշոտ Առուշանյանի մեղքը տեսնելու անհնարինությունը փաստելով, պետք է դիտարկենք ոչ թե ապացույցները, այլ վերաբերելի վարկածները: Ըստ պաշտպան Լիպարիտ Սիմոնյանի, դատավճիռը կայացվել է վարկածի հիման վրա:

Ի դեպ, նա ուսումնասիրել էր հայոց բառարանները, համաձայն որի վարկած նշանակում է կարծիք կամ ենթադրություն:

ՀՀ փաստաբանների պալատում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Աշոտ Առուշանյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանն ասաց, որ բողոքը վաղը կմուտքագրի վերաքննիչ դատարան:

Նա ներկայացրեց նորից այն հանգամանքները, որոնց մասին պարբերաբար ներկայացրել ենք, լուսաբանելով դատական ողջ գործընթացը: Մասնավորապես, որ Աշոտ Առուշանյանին ոստիկանության Էրեբունու բաժին են տարել 15-20 ոստիկաններով հարձակվելով փողոցում: Նրա դեմ ցուցմունք է տվել մի անգամ գողության մեջ կասկածվող Արտաշես Գալուստյանը, որին դրանից հետո ազատել են, իսկ օրեր հետո ինքնասպան եղած հոր՝ Պետրոս Գալուստյանի հետ հայտնաբերել են կախված վիճակում:
Լիպարիտ Սիմոնյանը նշեց նաեւ ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի ցուցմունքը, որն ասել էր իր խցում գտնվող Արտաշես Գալուստյանի նկատմամբ իրականացված խոշտանգումների եւ սպառնալիքների մասին, սպառնալիքները վերաբերել են 3-րդ անձի դեմ ցուցմունք տալուն: Սակայն այս մասով միջնորդություն չէր ներկայացրել դատարանը, եւ քրեական գործ չէր հարուցվել:

Հիշեցնենք, որ զարհուրելի խոշտանգումների մասին պնդել էր նաեւ Էդգար Կարաքեշիշյանը. «Այն ինչ արել են Արտաշեսի հետ, իմ նկատմամբ էլ է եղել»:
Էդգարի հետ կապն այնքանով էր, որ նա բռնցքամարտ է պարապել Աշոտ Առուշանյանի հետ:

Aravot.am-ի հարցին, թե Էդգար Կարաքեշիշյանի պաշտպանը ՝ Ռաֆիկ Սաֆարյանը նույնպե՞ս բողոք է բերելու, Լիպարիտ Սիմոնյանը պատասխանեց այո: Էդգար Կարաքեշիշյանը դատապարտվել էր 7,5 տարվա ազատազրկման:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031