Հայ արվեստագետները ողջունում են իրենց գործընկերների քայլը
Ցանկացած անվանի արվեստագետի անունը հավերժացնելու կամ թողած մշակութային ժառանգությունը պահպանելու եւ փոխանցելու «ավանդական» շատ ձեւեր կան, օրինակ՝ հուշարձան կանգնեցնելը, փողոց անվանակոչելը, մրցույթ-փառատոն անցկացնելը… եւ վերջապես՝ տուն-թանգարան հիմնելը:
«Առավոտի» հետ զրուցած արվեստագետներից շատերը նշեցին, որ դրա լավագույն տարբերակն, իհարկե, տուն-թանգարանն է, հավելելով, թե Հայաստանում գործում են մեր որոշ անվանիների տուն-թանգարաններ, սակայն ասել, թե ունենք տուն-թանգարանային մշակույթ՝ սխալ կլինի: Մեր զրուցակիցները հատկապես նշեցին աշխարհահռչակ իրենց ավագ կոլեգաների անունները, որոնք այդպես էլ չարժանացան տուն-թանգարան ունենալու պատվին: Այդ ցանկից են դերասան Վահրամ Փափազյանը, դիրիժոր Կոնստանտին Սարաջեւը, օպերային երգիչներ Շարա Տալյանը, Գոհար Գասպարյանը, Տաթեւիկ Սազանդարյանը, ջութակահար Ավետ Գաբրիելյանը եւ այլք: Իսկ այս խնդրին անդրադառնալու առիթը վերջերս Վրաստանի մշակութային էլիտայի՝ իրենց կառավարությանն ուղղված նամակն էր, որով պահանջում էին պահպանել գեղանկարիչ Գայանե Խաչատուրյանի (լուսանկարում) ժառանգությունը, ինչպես նաեւ ստեղծել կառավարական հանձնաժողով, որը կզբաղվի արվեստագետի տուն-թանգարան բացելու խնդրով:
Հայ նկարչուհին իր ողջ կյանքն անցկացրել է Թբիլիսիում (1942-2009թթ.): 1962թ. նա ծանոթացել է համաքաղաքացի, մեծանուն նկարիչ Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի հետ, որն առաջինը նրա մեջ հայտնաբերել է գեղարվեստական տաղանդ ու շատ հարցերում օգնել, աջակցել: Հետագայում տիկին Խաչատուրյանի արվեստով հիացել են Մարտիրոս Սարյանն ու Բելլա Ախմադուլինան, Տոնինո Գուերան եւ Անդրեյ Տարկովսկին, Վլադիմիր Սպիվակովն ու Մայա Պլիսեցկայան եւ այլ անվանի արվեստագետներ:
Կարդացեք նաև
Նշենք, որ Գայանե Խաչատուրյանի մեծ բարեկամն ու նրան ողջ կյանքում աջակցողն էր Սերգեյ Փարաջանովը, որը հետագայում նկարչուհուն համարեց 20-րդ դարի 2-րդ կեսի ամենաիմաստալից արվեստագետը: Նրա կտավները վաղուց զարդարում են Իտալիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Ավստրիայի, ԱՄՆ-ի, Հայաստանի, բնականաբար՝ Վրաստանի եւ այլ երկրների հեղինակավոր պատկերասրահներն ու մասնավոր հավաքածուները:
Մեր զրուցակիցներից արվեստաբան Սերգեյ Առաքելյանը նշեց, թե Փարաջանովը, որի հետ բախտ է ունեցել երկար տարիների բարեկամական կապի, Գայանեին համարում էր Վրաստանի արվեստագետների ոչ պաշտոնական նահապետը: «Ժամանակին Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն հրահանգել էր թույլ չտալ Գայանե Խաչատուրյանի կտավները երկրից դուրս տանել: Վրաստանում մշակույթի տարբեր ճյուղերում, այդ թվում՝ գեղանկարչության ոլորտում, մշտապես փայլել են հայերը՝ Գեւորգ Բաշինջաղյանը, Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանը, Վանո Խոջաբեկյանը… Ինչ վերաբերում է տուն-թանգարաններին, որոնք մեզ մոտ հիմնադրվեցին խորհրդային տարիներին, նշեմ, որ արժանավոր թեկնածուի դեպքում նույնիսկ, ընդունված է, որ այդ հարցով պետք է շահագրգիռ անձ լինի, ասենք՝ արվեստագետի ժառանգները եւ այլն: Կարծում եմ, որ տուն-թանգարանների ստեղծման այդ սկզբունքը գործում է նաեւ այսօր»,- հայտնեց պարոն Առաքելյանը:
Ռեժիսոր Լեւոն Իվանյանի խոսքերով՝ «Իմ պատկերացրած երկրում կառավարություն կոչվող իշխանությունը պետք է ինքը զանգահարի իմ տուն եւ հարցնի, թե մշակութային այս կամ այն հարցի առնչությամբ ինչ եմ մտածում: Հույս չունենան, թե կմասնակցեմ «փողոցային» կամ «նամակագրական» հավաքների, թեկուզ հռչակավոր արվեստագետի տուն-թանգարան հիմնելու նպատակով: Այդուհանդերձ, միանշանակ ողջունում եմ վրացի մտավորականների քայլը, չէ՞ որ նրանք ոչ թե իրենց ազգի ներկայացուցչի, այլ մեծ արվեստագետի գնահատականն են պահանջում…»:
Բեմադրիչ Ռուբեն Բաբայանն էլ հետեւյալ կարծիքի է. «Բարձր եմ գնահատում վրացիների այդ քայլը: Դա խոսում է Վրաստանում կայացող պետականամետ հասարակության մասին, ինչի արդյունքում կայանում է նաեւ պետականամետ մտավորականությունը: Իհարկե, Գայանե Խաչատուրյանը Վրաստանի ազգային հարստությունն է՝ անկախ ազգային պատկանելությունից: Բրավո վրացիներին: Եթե մենք էլ փորձենք հասկանալ այն ամենը, ինչ ստեղծվել է մեր երկրում, գիտակցենք, որ մենք ենք դրա պատասխանատուն, որ դա մենք պետք է փոխանցենք սերունդներին, այ, այդժամ կկայանանք որպես պետականամետ եւ հասարակություն, եւ մտավորականություն»:
Քանդակագործ Լեւոն Թոքմաջյանի խոսքը կարճ էր. «Կարծում եք՝ հիմա դրա ժամանա՞կն է: Գուցե համբերենք՝ երկիրը մի քիչ նորմալանա: Հետո, հուսանք, հերթը կհասնի տուն-թանգարաններին…»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
12.07.2014