Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է հոգեբանությունը «նորաձեւ»

Հուլիս 14,2014 14:00

Զրույց երիտասարդ հոգեբան Վարդուհի Մարգարյանի հետ

«Գործնական հոգեբանների միավորում» հասարակական կազմակերպության անդամ, հոգեբան, գործնական պարապմունքների պատասխանատու, հոգեբանական հետազոտությունների ակտիվ մասնակից Վարդուհի Մարգարյանը՝ չնայած երիտասարդ տարիքին, հասցրել է հոգեբանության ոլորտում աշխատել ու որոշակի փորձ ձեռք բերել: Որոշեցինք Վարդուհու օգնությամբ հասկանալ՝ ինչու է հոգեբանությունը դարձել «ամենանորաձեւ» մասնագիտություններից:

-Վարդուհի, հիմա մոդայիկ են նեղ տաբատներն ու հոգեբանությունը: Ինչպե՞ս հոգեբանությունը «բարձրացավ պոդիում»:

– Այսօր համացանցի շնորհիվ մատչելի են հոգեբանական հոդվածները, գրքերը, բացի այդ, շատացել են հոգեբանական սեմինարները, թրեյնինգները, որոնց շնորհիվ շատ մարդիկ ծանոթանում են հոգեբանությանը, իսկ մի անգամ «շնչելով» հոգեբանության օդը՝ դժվար է չշարունակել հետաքրքրվել, որովհետեւ այս մասնագիտությունը մարդուն տանում է դեպի ինքնաճանաչում, ինքնազարգացում: Վերջերս հոգեբաններին ակտիվ սկսել են ներգրավել նաեւ հեռուստատեսությունում՝ տարբեր ծրագրերի շրջանակներում, որը նույնպես նպաստում է «մոդային»: Ինչպես ցանկացած նոր բան հավակնում է մոդայիկ լինել, եթե այն համապատասխան ձեւով ու ճիշտ մատուցվում է, այնպես էլ հոգեբանությունն է: Ներկայումս Հայաստանում աստիճանաբար սկսում են գիտակցել հոգեբանի դերը, եւ մենք դեռ շատ անելիքներ ունենք այդ ոլորտում՝ ճիշտ տեղեկություն տարածելու հետ կապված: Երբեմն ոմանք հոգեբանությունը քիչ թե շատ ուսումնասիրելուց հետո կարծում են, թե արդեն իսկ ամեն ինչ գիտեն, մինչդեռ դա այդպես չէ: Սիրողական հոդվածները, թեստերը նույնպես հաճախ պատճառ են դառնում հոգեբանության մասին սխալ պատկերացումների ձեւավորման համար:

– Հայաստանում աշխատանք գտնելու խնդիր կա՝ անկախ մասնագիտությունից: Հոգեբաններն է՞լ բացառություն չեն:

– Այո, մենք եւս բացառություն չենք, որովհետեւ այսօր Հայաստանում «հոգեբան» ասելով՝ լավագույն դեպքում հասկանում են միայն հոգեթերապեւտ, իսկ հոգեթերապիայով զբաղվելու համար պետք է անցնել որոշակի, համեմատաբար երկար ճանապարհ: Գոյություն ունեն հոգեբանության գիտության եւ պրակտիկայի մի շարք այլ ոլորտներ՝ տարիքային, բիզնես հոգեբանություն, մարդկային ռեսուրսների կառավարման հոգեբանություն, իրավաբանական հոգեբանություն… Դրանք բավական շատ են:

ուրախություն շատերիս, մեր երկրում այսօր ականատես ենք լինում հոգեբանական մի շարք ոլորտների ակտիվ զարգացմանը:

-Ցավալի է, բայց այսօր շատերը հոգեբանական խնդիրները հոգեկան խնդիրներից չեն տարբերում, եւ համարում են, որ հոգեբանի մոտ են գնում «գժերը»: Ինչպե՞ս կոտրել այս կարծրատիպը:

– Հայաստանում այդ խնդիրը, ցավոք, դեռ մնում է արդիական: Դա գալիս է տեղեկության պակասից, ու բացը լրացնելու միակ միջոցը մարդկանց տեղեկացնելն է, թե ով է հոգեբանը ու ով՝ հոգեբույժը: Պետք է մեր մասնագիտությունն ավելի տեսանելի ու շոշափելի դարձնել: Իսկ մարդկանց պատկերացումները փոխելու համար ուղղակի հարկավոր է տեղեկացնել, թե ինչպես է աշխատում հոգեբանը, ինչ ճանապարհներով են մարդիկ կարողանում լուծել իրենց խնդիրները եւ այլն:

– Հայտնվել է «տնական հոգեբանների» մի խավ, որոնք առանց մասնագիտական կրթություն ունենալու՝ փորձում են հոգեբան լինել ու օգնել իրենց ու դիմացիններին: Որոշ մարդիկ էլ ուղղակի ուզում են գիտելիք ունենալ այս ոլորտում: Ի՞նչ խորհուրդ կտաս նրանց:

– Ճիշտ է, շատ ողջունելի է այն, որ մարդիկ ցանկանում են ուսումնասիրել, տեղեկանալ հոգեբանությունից. դրա համար կա շատ հանրամատչելի գրականություն, որը մեծապես կօգնի ինքնաճանաչմանը: Սակայն միաժամանակ ցանկալի չէ ինքնաբուժմամբ զբաղվել, որովհետեւ շատ դժվար է սեփական խնդիրները տեսնել կողքից եւ լուծել դրանք. նույնիսկ հոգեբաններն իրենց անհանգստացնող խնդիրների համար պարբերաբար գնում են մեկ ուրիշ հոգեբանի մոտ: Դա նույնն է, թե բժշկություն կարդալով սկսես ինքդ քեզ բուժել, վիրահատություն անել: Մարդիկ չգիտեն՝ ո՞ր խնդիրների դեպքում է պետք հոգեբանի դիմել: Խնդիրները շատ տարբեր կարող են լինել: Ցավոք, դեռեւս մեր հասարակարգում հոգեբանի դիմում են միայն այն ժամանակ, երբ ինչ-որ բան լրջորեն խանգարում է լիարժեք ապրելուն, այսինքն՝ «դանակը հասել է ոսկորին»: Կարող ենք ասել, որ հոգեբանի կարելի է դիմել գոնե այն ժամանակ, երբ ինչ-որ բան տեւական ժամանակ խանգարում է ներդաշնակ ապրելուն: Համոզված եղեք՝ հոգեբանը կկարողանա օգնել:

Զրուցեց ՍՅՈՒՆԵ ՍԵՎԱԴԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031