Լրահոս
Օրվա լրահոսը

Առավոտցիներ. «Չկաշկանդեցին մեզ «Առավոտում»

Հուլիս 14,2014 14:08

«Առավոտում» լրագրությամբ զբաղվելու
ժամանակներն է հիշում ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը

«Շատ հետաքրքիր էր այդ տարիներին մամուլում աշխատելը, որովհետեւ արդեն միտում կար ազատվելու սովետական կաղապարված, մեռած բառապաշարով լրագրությունից»,- լրագրողական իր գործունեության տարիներն է հիշում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Եվ չնայած մասնագիտական կրթությամբ թատերագետ էր, սակայն Երեւանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտն ավարտելուց անմիջապես հետո զբաղվել է լրագրությամբ: Նախ հրապարակվել է «ԱՐ» շաբաթաթերթում, որից հետո կարճ ժամանակամիջոց աշխատել է «Առավոտ» օրաթերթում:

Ամենշաբաթյա «Առավոտցիներ» շարքում այս անգամ անդրադառնալու ենք նրան:

«Առավոտից» հետո աշխատել է «Հայք», «Հայոց աշխարհ» պարբերականներում, այնուհետեւ եղել է «Հայկական ժամանակ» օրաթերթի քաղաքական մեկնաբան, «Կենտրոն» հեռուստաընկերությամբ վարել է «Վերելք» քաղաքական հաղորդաշարը: Այժմ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղարն է:

Լրագրողական կյանք մուտք գործելու մասին Նաիրա Զոհրաբյանը պատմում է. «Համալսարանն ավարտելուց անմիջապես հետո աշխատանքի եմ անցել «ԱՐ» շաբաթաթերթում: Հետո «ԱՐ»-ն ինչ-ինչ պատճառներով փակվեց, եւ ես դիմեցի Արամ Աբրահամյանին՝ աշխատանքի համար: Քանի որ արդեն որոշակի փորձ ունեի «ԱՐ»-ում եւ իմ թեմաները հնչեղություն ունեին, ընդունեց ինձ»:

Վերհիշելով այդ տարիները՝ տիկին Զոհրաբյանը փաստում է՝ եկավ լրագրողների մի խումբ, որը շատ արագ կոտրեց խորհրդային լրագրության կաղապարները: «Նախկինում լրատվամիջոցներում հնարավոր չէր ազատ բառամթերքի, քաղաքային, երեւանյան ֆոլկլորի օգտագործումը,- ասում է նա,- իմ լրագրողական թոքերը բացվեցին «Առավոտում»: Երբ առաջին քայլերն էի անում լրագրության մեջ, ինձ չկոտրեցին, իմ առջեւ տաբուներ չդրեցին, որ դու չպիտի անես սա կամ այն»:

Նշում է, որ այն ժամանակվա «Առավոտը» բացառիկ էր, թարմ, նոր շունչ ուներ: «Միշտ հեշտ է եղել աշխատանքը, հատկապես, երբ խմբագիրներդ էլ ազատ, չկաղապարված մտածելակերպով մարդիկ են, իսկ այդպիսին էր, օրինակ՝ Արամ Աբրահամյանը: Անկախ Արամ Աբրահամյանի նկատմամբ ունեցած մարդկանց օբյեկտիվ եւ սուբյեկտիվ տեսակետից, մեկ բան հստակ է, որ նա մարդ է, որ ունի ազատ մտածողություն եւ հարգում է ազատ միտքը: Նա երբեք մտածող, ստեղծագործող մարդու առջեւ տաբուներ, արգելանքներ չի դնում»,- ասում է նա:

Ըստ Նաիրա Զոհրաբյանի, 90-ականների սկզբի տարիների լրագրությունը բնորոշվում էր նրանով, որ «փակ» թեմաները բացելու անհրաժեշտություն կար, ինքն էլ այդ լրագրողներից էր, որ փորձում էր գրել այն ամենի մասին, ինչին դեռ անծանոթ էր ընթերցողը: Հիշում է «Առավոտում» հրապարակված լրագրողական նյութերի մի ամբողջ շարք, որոնք մեծ արձագանք ստացան:

«Սատանիստների մասին հրապարակումն էր, որը շատ մեծ աղմուկ բարձրացրեց, անգամ եվրոպական պարբերականները «Առավոտի» այդ հրապարակումը վերցրին եւ դրան անդրադարձան: Այն նաեւ կանխարգելող դարձավ, որովհետեւ բավական լուրջ գումար էր այդ աղանդավորական կազմակերպությունը փորձում ներդնել եւ կարող էր լուրջ վտանգ դառնալ,- պատմում է Նաիրա Զոհրաբյանը՝ հիշելով աղմուկ բարձրացրած եւս մեկ հրապարակում,- իմ մտքով անցավ վերցնել Գրողների միության գրական տեղեկատուն եւ տեսնել՝ միության 400- 500 անդամից որն ինչի համար է արժանացել Գրողների միության անդամ դառնալու կոչմանը: Այնպիսի կազուսներ կային. օրինակ՝ մեկը, ընդամենը մի հոդված էր գրել՝ «Ինչպես է կոփվում մարմարը», որը բացարձակ կապ չուներ գրականության հետ եւ այդ մի հոդվածի համար դարձել էր անդամ: Հիշում եմ՝ Հրանտն էր Մաթեւոսյան Գրողների միության նախագահը: Իմ՝ «Առավոտի» այդ տարիների տպագրած նյութը, որին ավելի լայն արդեն անդրադարձա «Չորրորդ իշխանություն» թերթում, հիմք հանդիսացավ, որ զտում լինի Գրողների միությունում: Ես այդ ժամանակ նաեւ բացահայտում արեցի, որ Հայ գրողների միությունը որոշել էր իր պատվավոր անդամ դարձնել Աբդուլլահ Օջալանին, գրքույկն էլ գտել էի ու հրապարակել»:

Տիկին Զոհրաբյանի համար այդ տարիներն ամենահաճելիներից էին, քանի որ բացվել էին «վարագույրները», եւ տեսանելի էր, թե որքան անսպառ թեմա կար: Նա նշում է, որ այդ տարիներին լրագրողներն առավել քան պատասխանատվությամբ էին վերաբերվում իրենց աշխատանքին, իրենց գրածին. «Ես այդ տարիներին չեմ հիշում մի դեպք, որ զանգեին, հերքեին տեղեկատվությունը: Այն ժամանակ ամենակարեւորը հավատն էր լրատվամիջոցի նկատմամբ»: Իսկ «Առավոտում» ամրագրված լրագրողական սկզբունքների մասին ասում է. «Մեզ համար հստակ էր՝ մարդուն չպիտի վիրավորենք, անձնական կյանք չպիտի մտնենք: Բարոյական խաղի հստակ սկզբունքներ կային, որ «Առավոտը» պահպանում է մինչ օրս: Ինձ էլ, հնարավոր է՝ քննադատեն, բայց ես բացարձակ կոմպլեքս չունեմ ճիշտ եւ առողջ քննադատությունից, ես մի բան գիտեմ, որ ինչ էլ լինի, ես «Առավոտ» բացելիս մարդու անձնական կյանք քիթը մտցնելու փորձ չեմ տեսնի»:

«Առավոտ» օրաթերթում աշխատել է մի կարճ ժամանակամիջոց՝ 1994-ի վերջին ամիսներից, խմբագրությունում անցկացրած օրերի մասին մանրամասներ դժվարությամբ է հիշում: «Իմ ընկերներն են այնտեղ աշխատել՝ Աննան Իսրայելյան, Մարգարիտը Եսայան, Նելլին Գրիգորյան, Ռուզանը Մինասյան, շատ սիրելի ընկեր Նաիրան էր Մամիկոնյան, եւ ես միշտ գնահատել եմ իրենց ներքին «սպայկան», անկախ նրանից, ինչ ներքին խնդիրներ կարող էին լինել, բայց դրսում միմյանց շահեր պաշտպանում էին եւ հիմա ես տեսնում եմ, որ տարիների ընթացքում այդ ամենը փոխանցվել է: Կարծում եմ՝ դա մեծապես գալիս է խմբագրից»:

«Առավոտից» հետո տիկին Զոհրաբյանը աշխատել է «Հայքում», ասում է՝ աշխատանքի առավել գայթակղիչ առաջարկ եղավ, բարեկամաբար դուրս եկավ օրաթերթից. «Առավոտում» ես սովորեցի չվախենալ սեփական մտքերից ու խոսքերից, եթե անգամ այդ խոսքերը կարող են ինչ-որ պահ, ինչ-որ մեկի համար էպատաժային լինեն: Չկաշկանդեցին մեզ «Առավոտում», թույլ տվեցին մտածել, թույլ տվեցին փնտրել, ստեղծագործել: Այդ ամենը ես փոխանցեցի իմ լրագրողական կյանքի բոլոր այն թերթեր, որտեղ որ աշխատել եմ: Եվ եթե այսօր, ես առանց ավելորդ համեստության ասեմ, որ այն ժամանակների լավագույն լրագրողներից մեկն եմ եղել, այդտեղ մեծ ավանդ ունի նաեւ «Առավոտը»:

ԲՀԿ խմբակցության քարտուղարն ամեն օր է հետեւում մամուլին՝ առավոտյան 7:30-ին ստանում է հայաստանյան ողջ մամուլը: «Օրս սկսում եմ հայ մամուլն ընթերցելով: «Առավոտը» բացում եմ առաջիններից, որովհետեւ գիտեմ, որ ստանալու եմ հավասարակշռված տեղեկատվություն, ոչ թե ուղղորդված»,- ասում է նա:
20-ամյա «Առավոտին» ցանկանում է՝ անդավաճան մնա իր սկզբունքներին: «Ինչքան էլ թերթի վիճակը վատ լինի՝ ֆինանսական, տնտեսական, որքան էլ արժեքների շրջված իրականությունում ենք մենք ապրում, «Առավոտը» մնա իր սկզբունքներին հավատարիմ: Կարծում եմ՝ դա բավարար է՝ հանրության վստահությունը շարունակ վայելելու համար»,- ասում է տիկին Զոհրաբյանը:

ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031