Լրահոս
Օրվա լրահոսը

Բնակիչները լրտեսներին ԱԱԾ-ից շո՞ւտ են «վառում»

Հուլիս 14,2014 14:15

Կամ՝ հատուկ ծառայությունները թողնում են,
որ լրտեսներն ինքնադրսեւորվեն հետո՞ միայն բռնեն

Մի քանի օր է՝ Վարդենիսի բնակիչները խուճապի մեջ էին. նրանց տեղեկություններ էին հասել, թե Ադրբեջանից լրտեսներ են ներթափանցել Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի սահմանահատված՝ Քարվաճառի ուղղությամբ, որոնց նպատակը խմելու ջրի պաշարները թունավորելն է: Մինչ վարդենիսցիներն իրենց վարկածներն էին հրապարակում, նույնիսկ հավատացնում, որ տեսել են, թե լրտեսներն օրը ցերեկով ինչպես են շրջել այդ կողմերում, Վարդենիսի քաղաքապետից սկսած մինչեւ բանակի պատասխանատուներ համառորեն հերքում էին այդ լուրերը՝ հավաստիացնելով, որ բնակիչների երեւակայության արդյունք է:
Սակայն նախօրեին ԼՂՀ պաշտպանության նախարարության կայքը պաշտոնապես լուր տարածեց, որ Քարվաճառի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը, ինչը ժամանակին կանխվել է: Թե քանի օր են դիվերսանտները եղել մեր երկրում՝ որեւէ տեղեկություն չի հայտնվում, բայց փաստ է, որ վարդենիսցիները առնվազն 2 օր ահուսարսափի մեջ էին:

Նշենք, որ սա մեր սահմանները խմբակային խախտելու հակառակորդի որերորդ փորձն է: Ուշագրավ է, որ դիվերսանտների մասին ավելի շուտ իմանում են հասարակ քաղաքացիները, քան Ազգային անվտանգության ծառայությունը կամ պետական սահմանների համար այլ պատասխանատուներ: Կամ՝ գուցե իմանում են, բայց մարդկանց շրջանում խուճապ չառաջացնելու համար հերքում են:

Նման մի միջադեպ եղել էր 3-4 տարի առաջ, երբ Հայաստան էին ներթափանցել ազգությամբ թուրք լրտեսներ, որոնք օրեր շարունակ Վայոց ձորի մարզը ոտքի տակ էին տվել, սակայն այդ մասին մեր երկրում որեւէ հատուկ ծառայություն չէր էլ իմացել: Մարզի գյուղերի բնակիչները՝ մեծից փոքր, առավոտից երեկո այդ թեման էին քննարկում, իսկ մութն ընկնելուն պես՝ դուռ ու լուսամուտ ամուր փակում:

«Առավոտն» իր 23.11.2010 թվականի «Լրտեսներին բռնեցին» հրապարակմամբ ներկայացրել էր, թե ինչպես են 7-8 օր շարունակ Վայոց ձորի բնակիչները ահազանգում լրտեսների գոյության մասին, սակայն նրանց որեւէ անվտանգության կառույց լուրջ չէր ընդունել: Մասնավորապես՝ Վայք քաղաքի բնակիչները մանրամասն նկարագրում էին անծանոթներին, «լեղապատառ» պատմում, թե ինչպես են այդ անծանոթները վարժ հայերենով բնակիչներին հարցուփորձ անում, մտնում մարդկանց բնակարանները, փորձում երեխաների հետ կոնտակտի մեջ մտնել եւ այլն: Այդ ժամանակ էլ վայքեցիները վստահ էին, որ լրտեսները նպատակ են ունեցել ջրամբարներին ու ռազմավարական նշանակության այլ օբյեկտների մեծ վնաս հասցնել: Երբ բնակիչների մտահոգությունները փոխանցեցինք Ազգային անվտանգության ծառայությանը՝ խնդրելով պարզաբանել, թե արդյոք ԱԱԾ-ն ունի՞ նման տեղեկություն, «Առավոտի» հարցերին ի պատասխան՝ ԱԱԾ-ից հայտարարել էին. «Ոչ մի լրտես էլ չկա, դրանք ընդամենը ուսումնավարժանքներ են եղել: Պարզապես այնքան լավ են անցկացրել, որ ժողովրդի մեջ նման տպավորություն է ստեղծվել»:

Մեկ-երկու օր չանցած՝ Արարատի մարզի Սուրենավան գյուղի մոտակայքում իսկապես 7 սահմանախախտների ձերբակալեցին: Բանը բանից այնքան էր անցել, որ հայ ու ռուս սահմանապահները՝ ՀՀ ոստիկանների հետ համատեղ, զինված, Արարատի մի ճանապարհահատված ուղեկալներով փակել էին՝ մեկ առ մեկ իջեցնելով բոլոր տրանսպորտային միջոցների ուղեւորներին ու պահանջելով փաստաթղթեր: Միկրոավտոբուսների վարորդներին էլ հարցուփորձ էին արել, թե՝ ուղեւորների մեջ կասկածելի մարդ չե՞ն նկատել:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031