Լրահոս
Օրվա լրահոսը

«Պիրալգինն» ազատ վաճառվում է դեղատներում, այդ պատճառով ամբաստանյալը կարծել էր, թե դա արգելված չէ

Հուլիս 14,2014 14:20
tmranyut

Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբանը հերթական արդարացումը գրանցեց:  «Առավոտը» պարբերաբար կներկայացնի Հանրային պաշտպանի գրասենյակի առավել ուշագրավ գործերը, կլսի հանրային պաշտպաններին:

Նախաքննական մարմնի կողմից Կարեն Ծաղիկյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա, «առանց իրացնելու նպատակի, 2013թ. ապրիլի 15-ին, Ավանի Թումանյան թաղամասի 6/2 շենքի թիվ 2 իր բնակարանում, ապօրինաբար պատրաստել է զգալի չափի՝ 0.0634 գրամ քաշով «կոդեին» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ լուծույթ եւ խմելու եղանակով օգտագործել»:

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 16.04.2014թ. քննության է առել Կարեն Ծաղիկյանի քրեական գործը, եւ կայացված դատավճռով նա ճանաչվել է անպարտ եւ արդարացվել:

Կ. Ծաղիկյանի պաշտպանությունն իրականացնում էր ՀՀ փաստաբանների պալատի Հանրային պաշտպանի գրասենյակից փաստաբան Սիրանուշ Հարությունյանն է:
Թե նախաքննության եւ թե դատաքննության ժամանակ Կարեն Ծաղիկյանը ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը եւ խոստովանել, որ նախկինում երկու անգամ դատապարտվել է ազատազրկման՝ թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու, ապօրինի իրացնելու համար: Ըստ պաշտպանի, նա հայտնել էր, որ «Վերջին անգամ կալանավայրից ազատվել է 22.02.2013թ.: Հաջորդող ժամանակահատվածում քրոնիկ հիվանդությունների հետեւանքով ունեցել է ցավեր եւ դրանք սաստելու համար ինքն իրեն ներարկել է «դիմեդրոլ, սուպրաստին, անալգին» տեսակի դեղամիջոցներ: Կապված քրոնիկ հիվանդությունների հետ, բժշկի նշանակմամբ գործածել է նաեւ «տրամադոլ» տեսակի դեղամիջոց: Դեռեւս նախորդ ժամանակաշրջանից տեղյակ է եղել «պիրալգին» տեսակի դեղամիջոցի եւ բենզինի համադրության արդյունքում ստացվող թմրամիջոցի պատրաստման եղանակի մասին, 2013թ. ապրիլի 15-ին իրենց շենքի հարեւանությամբ գործող դեղատնից գնել է 10 հաբ «պիրալգին» տեսակի դեղամիջոց: Բնակարանում 10 հաբ «պիրալգին» տեսակի դեղամիջոցը մանրացրել է եւ լցրել բենզինի պարունակությամբ մեկ լիտր ծավալով պլաստմասսե շշի մեջ: Դեղամիջոցը բենզինով լուծելուց հետո, պլաստմասսե շշից դատարկել է բենզինը, շշի նստվածք «պիրալգին» դեղամիջոցի վրա լցրել նախապես եռացրած ջուր եւ նշված եղանակով ստացել «կոդեին» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ լուծույթ»:

Ըստ գործի նյութերի, «նշված ժամանակամիջոցում նրան է զանգել ընկերը՝ Արմեն Մխիթարյանը եւ պարտքով 1000 դրամ գումար խնդրել, ինչի կապակցությամբ վերջինիս հրավիրել է իր բնակարան: Արմենի այցելությունից հետո, վերջինիս հյուրասենյակում գտնվելու ընթացքում, ինքը մտել է խոհանոց եւ խմել իր կողմից պատրաստված, «կոդեինի» լուծույթի մի մասը, իսկ մնացածը՝ 200 մլ ծավալով, շշի մեջ թողել է խոհանոցում՝ հետագա օգտագործման համար»:

Դատարանում նշվել է, որ լուծույթը խմելուց րոպեներ անց Ծաղիկյանի բնակարան են այցելել ոստիկանության աշխատակիցները եւ ընթերակաների մասնակցությամբ կատարած զննությամբ խոհանոցի ճաշասեղանին հայտնաբերել նրա կողմից պատրաստված լուծույթը:

Թմրամիջոց ապօրինի պատրաստելու, ձեռք բերելու, պահելու եւ օգտագործելու կասկածանքով նույն օրը բերման է ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին:
Ըստ պաշտպանի «Առավոտին» տրամադրած տեղեկանքի, քրեական գործի հիմքում դրված էր 2013թ. ապրիլի 15-ի «բնակարան այցելելու եւ զննություն կատարելու մասին» արձանագրությունը, որից էլ բխել էին հետագա գործողությունները, այն է` մեղադրյալի եւ վկաների ցուցմունքները:

Դատաքննության ընթացքում, ապացույցների հետազոտման արդյունքում պաշտպանական կողմը միջնորդել էր անթույլատրելի ճանաչել ապացույց ճանաչված վերոնշյալ արձանագրությունը, քանի որ այն ձեռք էր բերվել քրեա-դատավարական օրենքի էական խախտմամբ:

Ոստիկաններն ամբաստանյալի բնակարան մտել են առանց աղմուկի, ինքը չի նկատել եւ ոչ էլ ձայն է լսել. «Սկզբից մտել են խոհանոց: Ինքը ոստիկանության աշխատակիցներին շփոթել է ուրիշների հետ, եւ նրանց գալուց խուճապի չի մատնվել»:

Դատավոր Դավիթ Հարությունյանի գնահատմամբ, ոստիկանության աշխատակիցները, մասնավորապես, չպահպանելով օրենքով սահմանված եւ թույլատրելի կարգը, առանց դատարանի որոշման իրականացրել են բնակարանի խուզարկություն, իսկ նման պայմաններում որպես ապացույց չի կարող օգտագործվել որեւէ փաստական տվյալ, որը հայտնաբերվել կամ ձեռք է բերվել դրա արդյունքում, հատկապես այն պայմաններում, երբ դա իր հերթին հանգեցրել է դատավարության մասնակցի իրավունքների էական խախտման ու այն վիճարկում է պաշտպանության կողմը:

Այսպիսով, վերոգրյալի հիման վրա դատարանն արձանագրում է, որ «բնակարան այցելելու ու զննություն կատարելու մասին» արձանագրությունը, այդ գործողության ընթացքում հայտնաբերված եւ հետագայում իրեղեն ապացույց ճանաչված 0.0634 գրամ քաշով «կոդեին» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ հեղուկով 1 լիտր տարողության պոլիմերային շիշն անթույլատրելի ապացույցներ են, անկախ գործի համար ունեցած նշանակությունից, իրավական ուժ չունեն եւ դրանք տվյալ գործով չեն կարող ընդգրկվել ապացույցների համակցության մեջ ու դրվել մեղադրանքի հիմքում»:

Դատարանը, անդրադառնալով քրեական հետապնդման մարմնի ներկայացրած մյուս ապացույցների դատաքիմիական փորձաքննության թիվ 138ք եզրակացության թույլատրելիության հարցին, այն եւս համարել է անթույլատրելի ապացույց:
Դատարանը հանգել էր նրան, որ Կարեն Ծաղիկյանի բնակարանի նկատմամբ հարգանքի իրավունքի միջամտությունն արդարացված ու օրինական չի կարող դիտարկվել, որ ոստիկանության աշխատակիցները, առանց դատարանի որոշման, ամբաստանյալի կամքին հակառակ, մուտք գործելով բնակարան, ընթերականերին հրավիրել են միայն հետագայում իրեղեն ապացույց ճանաչված 0.0634 գրամ քաշով «կոդեին» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ 1 լիտր տարողությամբ պոլիմերային շիշը հայտնաբերելուց հետո: Այդ արձանագրության պատճենը մասնակցին չեն տրամադրել, իրենց գործողության մասին դատախազին 24 ժամվա ընթացքում չեն տեղեկացրել:
Ինչ վերաբերում էր դատաքննական եւ նախաքննական ցուցմունքների մեջ առկա հակասությանը, ամբաստանյալը հայտնել էր, որ իր հիշողությունն այդքան էլ լավ չէ, կարող է եւ իր պատրաստած լուծույթից խմած լիներ, սակայն չհիշեր: Նա նաեւ հայտնել է, որ «պիրալգինը» ազատ վաճառվում է դեղատներում, եւ այդ պատճառով կարծել է, թե դա արգելված չէ: Դրա համար էլ ոստիկաններին ճշմարտությունն է ասել: Հայտնել է նաեւ, որ եթե ինքը ցանկանար, կարող էր լուծույթը թափել:

Մեղադրող Ա. Մկրտչյանի հարցերին էլ ամբաստանյալը պատասխանել է, որ չի հիշում, թե արդյոք խմե՞լ է այդ լուծույթից, թե՞ ոչ ու հավելել է, որ ինքն իմացել է, որ «պիրալգինը» ցավազրկող է, իսկ հակառակ դեպքում կկողպեր դուռը: Պատրաստման բաղադրատոմսը ոչ մի տեղ գրած չի ունեցել. հիշելով է պատրաստել այն: Ամբաստանյալը գտնում էր, որ իր պատրաստած լուծույթը թմրամիջոց չէ, այն ցավազրկող է:

Անդրադառնալով Կարեն Ծաղիկյանի բացատրությանը եւ մյուս խոստովանական ցուցմունքներին՝ դատարանը դրանք նույնպես համարել է անթույլատրելի:
Կայացված դատական ակտով դատարանը ճանաչել եւ հռչակել է Կարեն Ծաղիկյանի անմեղությունը եւ նրան ՀՀ քրօրի 268-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքով ճանաչել է անպարտ ու արդարացրել` վերջինիս արարքում հանցակազմի բացակայության հիմքով:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031