Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2014 թվականի հունիսին հայաստանյան ԶԼՄ-ների շրջանում անցկացրեց հարցում՝ նպատակ ունենալով պարզել լրագրողների եւ լրատվամիջոցների կարծիքով ՀՀ ամենափակ եւ բաց կառույցները։ Հարցմանը մասնակցել են երեւանյան եւ մարզային 52 լրատվամիջոցի 62 լրագրողներ եւ խմբագիրներ, ովքեր բաց եւ փակ մարմինները նշել են՝ հաշվի առնելով սեփական փորձը:
Հարցմանը մասնակցել են 12 հեռուստաընկերություն (լրատվական թողարկման խմբագրություն), 4 ռադիոկայան (լրատվական թողարկման խմբագրություն), 14 տպագիր մամուլ, 22 առցանց պարբերական։ Ընդգրկված 52 ԶԼՄ-ից 10-ը մարզային են։
Ընդհանուր առմամբ տրվել է 62 պատասխան (որոշ ԶԼՄ-ների դեպքում, կախված լրագրողների քանակից, հարցմանը մասնակցել է 2 լրագրող): Արդյունքում ստացվել է 186 բաց եւ 186 փակ մարմնի տարբերակ՝ տրված 62 պատասխանողի կողմից (յուրաքանչյուր պատասխանող բաց եւ փակ կառույցների երեքական տարբերակ է առաջարկել)։ Ստորեւ ներկայացված քանակական տվյալները հաշվարկված են բաց եւ փակ կառույցների ընդհանուր քանակի հիման վրա (186 պատասխան=100%):
Նշենք, որ հարցումն անցկացվել է անանուն՝ առավել վստահելի պատասխաններ ստանալու նպատակով։
Այսպիսով, հարցված լրագրողների կարծիքով՝ ՀՀ-ում 3 ամենաբաց եւ 3 ամենափակ պետական կառույցները հետեւյալն են.
Փակ մարմիններ
Փակ կառույցների ցանկում ընդհանուր առմամբ արձանագրվել է 42 տարբեր կառույցների անվանում, որոնցից 11-ը մարզային տեղական ինքնակառավարման մարմիններ են: 186 տարբերակից 18-ի դեպքում (9.7%) հարցման մասնակիցը չի նշել որեւէ կառույցի անուն` հավաստիացնելով, որ պետական մարմինների հետ աշխատանքն իրեն բավարարում է:
Այսպիսով, ամենաշատ ձայներ հավաքած փակ կառույցներն են.
1. Երեւանի քաղաքապետարան – 16.1% (30 պատասխան)
2. Ազգային անվտանգության ծառայություն – 9.1% (17 պատասխան)
3. Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարություն- 5.4% (10 պատասխան)
4. ՀՀ կառավարություն – 4.8% (9 պատասխան)
5. Սոցիալական հարցերի եւ աշխատանքի նախարարություն – 4.3% (8 պատասխան)
6. ՀՀ ոստիկանություն – 4.3% (8 պատասխան)
7. Արտաքին գործերի նախարարություն – 3.8% (7 պատասխան)
8. ՀՀ նախագահի աշխատակազմ – 3.2% (6 պատասխան)
9. ՀՀ դատախազություն – 3.2% (6 պատասխան)
10. Պետեկամուտների կոմիտե – 3.2% (6 պատասխան)
11. Մշակույթի նախարարություն – 2.7% (5 պատասխան)
12. Էկոնոմիկայի նախարարություն – 2.2% (4 պատասխան)
13. Բնապահպանության նախարարություն – 2.2% (4 պատասխան)
14. Արդարադատության նախարարություն – 1.6% (3 պատասխան)
15. Ազգային ժողով – 1.6% (3 պատասխան)
Մնացած 42 ձայնը բաշխվել է տարբեր 27 մարմինների միջեւ (22.6%):
Բաց կառույցներ
Բաց կառույցների ցանկում արձանագրվել է 43 տարբեր կառույցների անվանում, որոնցից 14-ը մարզային տեղական ինքնակառավարման մարմիններ են: 186 տարբերակից 5-ի դեպքում (2.7%) հարցման մասնակիցը չի նշել որեւէ կառույցի անուն` հավաստիացնելով, որ այլ բաց աշխատող կառույց չի կարող առանձնացնել:
Այսպիսով, ամենաշատ ձայներ հավաքած բաց կառույցներն են.
1. Կրթության եւ գիտության նախարարություն – 13.4% (25 պատասխան)
2. Առողջապահության նախարարություն – 12.9% (24 պատասխան)
3. ՀՀ ոստիկանություն – 10.8% (20 պատասխան)
4. Ազգային ժողով – 8.1% (15 պատասխան)
5. Արտակարգ իրավիճակների նախարարություն – 7% (13 պատասխան)
6. Պաշտպանության նախարարություն – 5.9% (11 պատասխան)
7. Գյուղատնտեսության նախարարություն – 3.8% (7 պատասխան)
8. Տարածքային կառավարման նախարարություն -3.2% (6 պատասխան)
9. ՀՀ կառավարություն – 2.7% (5 պատասխան)
10. ՀՀ դատական դեպարտամենտ – 2.2% (4 պատասխան)
11. Մշակույթի նախարարություն – 2.2% (4 պատասխան)
12. Երեւանի քաղաքապետարան – 2.2% (4 պատասխան)
13. Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ – 1.6% (3 պատասխան)
Մնացած 40 ձայնը բաշխվել է տարբեր 25 մարմինների միջեւ (21.3%):
Կարդացեք նաև
Հարկ է նշել, որ որոշ գերատեսչություններ հայտնվել են ինչպես փակ, այնպես էլ բաց կառույցների ցանկում (ՀՀ կառավարություն, Երեւանի քաղաքապետարան, Ազգային ժողով, ոստիկանություն): Հետաքրքրական է հատկապես 20 ձայնով բաց կառույցների 3-րդ տեղում հայտնված ՀՀ ոստիկանության օրինակը, որը փակ կառույցների սանդղակում 6-րդ տեղում է՝ հավաքելով 8 ձայն: Աչքի է ընկնում նաեւ ՀՀ մշակույթի նախարարության օրինակը. վերջինս երկու ցանկում էլ զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը (որպես փակ` 5 պատասխան, որպես բաց` 4): Որպես ամենափակ կառույց առանձնացված Երեւանի քաղաքապետարանը հայտնվել է նաեւ բաց մարմինների ցանկում՝ ստանալով 4 ձայն։
Սակայն բաց կառույցների ցանկի առաջատար կրթության եւ գիտության եւ առողջապահության նախարարությունները որպես փակ կառույց չեն նշվել որեւէ լրատվամիջոցի կողմից։
Ինֆորմացիայի ազատության կենտրոն
«Առավոտ» օրաթերթ
12.07.2014