Լրահոս
Օրվա լրահոսը

Ղարաբաղը, ռուսական զենքը, ռուս խաղաղապահներն ու Կլիմկոյի նկատմամբ հետախուզումը

Հուլիս 14,2014 14:50

Մոսկվայի ուղղությամբ ՀՀ իշխանությունների ազդանշանները տեղին էին

Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում ինչ-որ խմորումներ են տեղի ունենում: Եվրասիական միության անդամակցության ճանապարհին Հայաստանի ունեցած խնդիրներն ակնհայտ են, ՀՀ իշխանություններն այլեւս չեն թաքցնում այդ փաստը եւ նաեւ այն, որ չունեն հարցի պատասխանը, թե ինչու է ձգձգվում Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հարցը:

Այն բանից հետո, երբ Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցությունը Աստանայի գագաթնաժողովում շաղկապվեց Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ` Իլհամ Ալիեւի հայտնի նամակի հրապարակայնացվելուց հետո, ՌԴ իշխանությունների կողմից ռեւերանսներ սկսվեցին Բաքվի ուղղությամբ` Եվրասիական միությունում Ադրբեջանին սպասելու ակնարկներով, մյուս կողմից էլ՝ ռուս պաշտոնյաները սկսեցին արդեն ԼՂ խնդիրը խոչընդոտ համարել Եվրասիական միությանը Ադրբեջանի անդամակցության հարցում: Այժմ Եվրասիական միությանը Հայաստանի հնարավոր անդամակցության ժամկետ է նշվում աշունը, բայց, կարծես, դա էլ վերջնական ժամկետ չէ, եւ այս ժամկետն էլ կարող է երկարաձգվել:

Serj_Karabax

Այս իրավիճակում պաշտոնական Երեւանի կողմից աննախադեպ հայտարարություններ հնչեցին վերջին մի քանի օրերին Ռուսաստանի ուղղությամբ:

Պաշտոնական այցով Արգենտինայում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել արգենտինյան La Nacion պարբերականին, որում մտահոգություն է հայտնել, որ Հայաստանի ռազմավարական գործընկերը՝ Ռուսաստանը, զենք է վաճառում Ադրբեջանին։ «Մենք չենք բացառում ռազմական գործողությունների սկսվելու հնարավորությունը։ Սակայն կարծում եմ, որ Ադրբեջանը նման գործողությունների հնարավորություն չունի։ Նա իրոք մեծ գումարներ է ծախսում ռազմական տեխնիկա եւ զինամթերք գնելու համար, սակայն դա հաղթանակ չի երաշխավորում»,- նշել է Սերժ Սարգսյանը, եւ անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք մատակարարելու վերաբերյալ հարցին` նկատել. «Մեզ համար դա շատ ցավոտ թեմա է, եւ մեր ժողովուրդը շատ է մտահոգվում, որ մեր ռազմավարական գործընկերը զենք է վաճառում Ադրբեջանին։ Սակայն ես վստահ եմ, որ Հայաստանն այնքան ուժ եւ ունակություն ունի, որ կարողանա պաշտպանել իր սահմանը։ Չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը զենք է վաճառում Բաքվին, ես չեմ կասկածում, որ մեզ համար դժվար իրավիճակում Ռուսաստանը կկատարի ստանձնած պարտավորությունները»։ Ս. Սարգսյանը նաեւ նկատել է, թե գիտակցում է, որ Հայաստանի անդամակցումը Մաքսային միությանը դուր չի գալիս եվրոպացիներին. «Սակայն ես վստահ եմ, որ մեր եվրոպացի գործընկերները հասկանում են, թե ինչու ենք մենք այդ քայլին գնացել»։

Պաշտոնական Երեւանի կողմից սա միակ ուշագրավ հայտարարությունը չէր: ՀՀ ԱԳՆ-ի բարձրաստիճան պաշտոնյան էլ նույն օրերին արձանագրել է, թե ռազմավարական դաշնակից Ռուսաստանը չի տեղեկացնում Հայաստանին, թե ինչ սպառազինություն է վաճառում մեզ հետ պատերազմական վիճակում գտնվող Ադրբեջանին: Լրագրողների հետ ճեպազրույցում Հայաստանի արտգործնախարարության Սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության վարչության պետ Սամվել Մկրտչյանը հարցին, թե ռուսական կողմի հետ բանակցություններում հայկական կողմը բարձրացնո՞ւմ է հարցը, թե նման մատակարարումներով խախտվում է «Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին» պայմանագիրը, արձագանքել է. «Չեմ կարծում, թե կարիքը կա բարձրացնելու այդ խնդիրը: Մանավանդ՝ արդեն նշեցի, որ Ռուսաստանը այլեւս իրեն պարտավոր չի համարում պայմանագրի սահմանափակումներով առաջնորդվել: Որովհետեւ այդ երկիրը իր որոշումն է կայացրել եւ 2007-ից սառեցրել է իր անդամակցությունը պայմանագրին»:

Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին առնչվող բավական նուրբ հարցերի վերաբերյալ այսքան բաց խոսք Հայաստանի իշխանությունների կողմից չէր հնչել մինչ այժմ: Դրա հիմնական պատճառն, անշուշտ, կարող է կապված լինել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում ռուսական կողմի «նոր պատկերացումների» եւ գուցե նույնիսկ Մոսկվայի կողմից ՀՀ իշխանությունների ուղղությամբ ճնշումների առկայության հետ:

Ուշագրավ էր օրերս ԵվրԱզԷՍ-ի ինստիտուտի գլխավոր տնօրեն Վլադիմիր Լեպյոխինի դիտարկումն այն մասին, թե Եվրասիական տնտեսական միության հիմնադիր անդամ Հայաստանի չդառնալու գլխավոր պատճառն այն է, որ Երեւանը կոշտ դրեց Լեռնային Ղարաբաղի հարցը եւ ցանկանում էր, որպեսզի այն իր օգտին լուծվի, որպեսզի Մաքսային միության սահմանները ճանաչվեին Լեռնային Ղարաբաղի սահմաններում: Լեպյոխինը հայտարարել էր, որ Մաքսային միության ոչ բոլոր անդամ երկրներն են աջակցել Հայաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, մատնանշել էր Ղազախստանի նախագահի դիրքորոշումը: «Կարծում եմ, որ ոչ մի ողբերգություն տեղի չունեցավ. ավելի վատ կլիներ, եթե Հայաստանը համաձայներ, իր ազգային շահերի հարցը չբարձրացներ եւ ստորագրեր այդ փաստաթուղթը»,- նշել էր Լեպյոխինը՝ հավելելով, որ կան ոչ պակաս կարեւոր պատճառներ, որոնք նույնպես իրենց դերը ունեցել են այդ գործընթացում:

Որ Ռուսաստանի իշխանությունները Եվրասիական միության ընդլայնման հնարավորություններին զուգահեռ Ադրբեջանի հետ կարող էին քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հնարավորությունները, դա էին վկայում վերջին շաբաթներին Ադրբեջանի իշխանությունների կողմից հստակ հայտարարությունները, թե ինչ ակնկալիքներ ունեն նրանք Ռուսաստանի իշխանությունների կողմից ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում Բաքվին «աջակցելու» հարցում:

Իսկ այն, որ Ռուսաստանի իշխանություններն այսօր ձգտում են հետխորհրդային երկրներում իրենց ազդեցության պահպանմանն ուղղված քայլեր իրականացնել, դա նույնպես փաստ է, եւ որեւէ մեկը չի կարող բացառել, որ մեր տարածաշրջանում Ռուսաստանն իր հավակնություններն ունի եւ հարկ եղած դեպքում կարող է այդ ուղղությամբ էլ նոր քայլերի դիմել:

Պատահականություն չի կարելի համարել նաեւ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների կողմից օրերս արած ուշագրավ հայտարարությունն այն մասին, թե պաշտոնական Ստեփանակերտը դեմ է, որպեսզի ԼՂՀ տարածքում խաղաղապահ զորքեր տեղակայվեն: «Մենք ի վիճակի ենք ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտու կայունությունն ապահովել՝ առանց կողմնակի միջամտության»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը՝ պատասխանելով դիտարկմանը, թե` հատկապես վերջին շրջանում ռուսական կողմից տարբեր քաղաքական գործիչների ու փորձագետների մակարդակով հիմա ավելի շատ են խոսում ԼՂՀ տարածքում խաղաղապահ զորքեր տեղակայելու մասին: Դավիթ Բաբայանը հավելել է. «Մենք բազմիցս ենք ասել, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտին եզակի գոտի է, որտեղ խաղաղությունը ու կայունությունը որքան ժամանակ է՝ պահպանվում են առանց կողմնակի միջամտության: Սա շատ կարեւոր հանգամանք է, ինչը ցույց է տալիս, որ հակամարտ կողմերը, որքան էլ որ խորը լինեն նրանց միջեւ հակասությունները, այնուամենայնիվ՝ ի վիճակի են իրենք պահպանել կայունություն եւ գոյատեւել մեկը մյուսի հետ որպես հարեւաններ»:

Հայաստանի եւ ԼՂՀ-ի կողմից Մոսկվայի ուղղությամբ ազդանշանները թեեւ փոքր-ինչ ուշացած, այնուամենայնիվ, տեղին էին եւ ողջունելի: Թե՛ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում հնարավոր ճնշումներին` Եվրասիական միության անդամակցության ճանապարհին, թե՛ Ադրբեջանին միլիարդ դոլարների հասնող ռուսական զենքի վաճառքին հայկական կողմը պարտավոր էր վաղուց արձագանքել: Ռուսաստանը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահող երկիր, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման «ջատագով», ՀԱՊԿ-ին անդամակցող՝ Հայաստանի հանդեպ, այնուամենայնիվ, այլ պարտավորություններ ունի: Այդ հարաբերություններում գործակցությունը միայն բառերով չպետք է «ռազմավարական» կոչվի:

Մեկ ուշագրավ տեղեկություն եւս: Մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ «ԱրմենՏել» ՓԲԸ նախկին տնօրեն Իգոր Կլիմկոյի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Նա կասկածվում է մի քանի մլրդ դրամի ֆինանսական չարաշահումների մեջ: «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ խոսքը 10-15 մլրդ ՀՀ դրամի մասին է: Ազգային անվտանգության ծառայության լրատվական ծառայությունից հաստատել են «Փաստինֆո»-ի տեղեկությունները, որ «ԱրմենՏել»-ի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից թույլ տրված չարաշահումների կապակցությամբ քրեական գործ է քննվում ԱԱԾ վարույթում:

Արդյոք զուգադիպություն կամ պատահականությո՞ւն էր «ԱրմենՏել»-ի ռուս նախկին տնօրենի առնչությամբ վերոնշյալ քրեական գործի տեղեկատվության ի հայտ գալը հայաստանյան տեղեկատվական դաշտում` ՀՀ իշխանությունների կողմից Մոսկվայի ուղղությամբ ակնարկների ֆոնին:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. մարգար says:

    Մի մարդ այնքան ծեծեց ու չարչարեց իր ավանակին որ խեղճը լեզու առավ ու բացականչեց – ինչի՜ համար ես ինձ այսպես տանջում ով դաժան մարդ! (Աստվածաշունչ, «Բաղաամի ավանակը»:)

  2. Կարո Մելիքյան says:

    Անմարդկային է օրհնել այնտեղ, ուր քեզ նզովում էն։ (Ֆ.Նիցշե).

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031