Լրահոս
Օրվա լրահոսը

«Տխուր հուշարձաններ» շարքից. Արյան երկու բիծ

Հուլիս 14,2014 11:13

«Տխուր հուշարձաններ» շարքից՝ վերահրապարակում ենք 1989 թվականի հուլիսի 10-ին «Երեկոյան Երևան» N 160 (9531) թերթում հրապարակված մի հոդված: Հիշեցնենք, որ «Տխուր հուշարձաններ» շարքի հոդվածները տրամադրում է Գևորգ Տեր-Գաբրիելյանը:

Ուզում եմ պատմել երկու մարդու մասին՝ սերնդակիցների, ժամանակակիցների, բախտակիցների։

Առաջինը Հովհաննես Դավթյանն է՝ Վանյա քեռին, որն այս աշխարհից հեռացավ, երբ ես ընդամենը տասներկու տարեկան էի։ Դրա համար էլ այն, ինչ կարող եմ պատմել նրա մասին, ընդամենը իմ մանկական հուշերն են։

Վանյա քեռին Երևան քաղաքի առաջին օդաչուն էր և միաժամանակ՝ պետբանկի ղեկավարներից մեկն էր, բացի այդ, մենք հարևաններ էինք։ Նա ժամերով խաղում էր մեզ հետ։ «Մեզ», այսինքն` իմ ու Ջիմիկի՝ Հայաստանի գլխավոր դատախազ Պետիկ Թորոսյանի որդու։ Ծննդյան օրը մենք նրան թելի կոներից սարքած ճատրակ նվիրեցինք։ Այն սկսել էինք պատրաստել ամիսներ առաջ՝ ջանալով արտահայտել մեր ողջ սերը Վանյա քեռու նկատմամբ։ Մենք նրան պաշտում էինք այն ջինջ հափշտակությամբ, որ տասը տարեկան տղան կարող էր ունենալ քաղաքի առաջին օդաչուի նկատմամբ։ Նա մեր բակում կլոր ջրավազան կառուցել տվեց՝ շատրվաններով։ Երբ 1936 թվականին երկրաշարժ եղավ, նա մեր ու Թորոսյանենց ընտանիքները մի քանի օրով տեղափոխեց օդակայանի շենքը, մինչև որ վախն անցավ, և մենք վերադարձանք։ Այդ մի քանի օրն անմոռանալի են։ Օդակայանում հինգ հատ նոր «Ու-2» ինքնաթիռ էին ստացել, և Վանյա քեռին ինձ ու Ջիմիկին օդ բարձրացրեց։ Հենց որ ինքնաթիռը թեքվում էր մի կողմի վրա, ես սկսում էի ամբողջ ուժով ոտքով սեղմել հակառակ կողմը, օգնում էի, որ հավասարակշռվի, շուռ չգա հանկարծ։

Նա պինդ, թիկնեղ, միջահասակ, գեղեցկադեմ տղամարդ էր։ Ջիմիկի հորը արդեն կալանավորել էին, երբ մի քանի օր հետո Վանյա քեռին իր ավտոմեքենայով աշխատանքից եկավ և ինձ ու Ջիմիկին նստեցնելով՝ տարավ ման ածելու։ Մենք լուռ պտտվեցինք քաղաքի փոշոտ ճանապարհներով, հասանք Քանաքեռ ու հետ եկանք։ Հետո մեզ իջեցրեց շքամուտքի մոտ ու ասաց․ «Նստեք այստեղ և սպասեք, ես գնում եմ Ջիմիկի հայրիկին բերեմ, շուտով կվերադառնանք միասին»։ Մենք նստեցինք շքամուտքի սանդուղքին, իսկ նա նստեց ավտոմեքենան և գնաց։

Մենք երկար սպասեցինք, մինչև որ հայրս աշխատանքից վերադարձավ։ Նա պենսնե էր կրում և սովորաբար քայլում էր գլուխը բարձր։ Այժմ նա մոտենում էր գլուխը կախ, մտազբաղ, երբ մեզ նկատեց՝ հանկարծակիի եկավ․ «Ի՞նչ եք անում այստեղ»։ Մենք պատմեցինք։

– Գնացեք․ գնացեք տուն։ Վանյա քեռին չի կարող Ջիմիկի հայրիկին ազատել։ Նա ինքն էլ ազատ չէ։

Երբ հայրիկին տարել էին, Ջիմը դիմացել էր, չէր լացել,որովհետև չէր էլ մտքով անցկացրել , թե դա լուրջ է։ Բայց ահա Վանյա քեռին գնաց նրա հայրիկին բերելու և ինքն էլ բռնվեց, այդ ծանր, անտանելի լուրին մենք չդիմացանք, լացը զսպել անհնարին էր։

Շատ հետո նրա աղջիկը մեզ պատմեց… Շատ հետո, որովհետև հաջորդ օրն իսկ եկան և կնոջը նույնպես կալանավորեցին, իսկ աղջկան ու մորը դուրս վռնդեցին իրենց բնակարանից։ Զրուցելու առիթ ունեցանք լոկ տարիներ անց… Նա պատմեց մորից լսածը, ասաց, որ Վանյա քեռին մի քանի օր առաջ արդեն իր պայուսակում դրել էր մի կտոր օճառ, սպիտակեղեն, այն ամենն ինչ անհրաժեշտ էր և թույլատրվում էր բանտարկյալին իր հետ վերցնել։

Հիմա եմ կռահում, թե ինչու նա նստեցրեց մեզ շքամուտքի սանդուղքին ու ասաց՝ «սպասեք»… Նա այնքան միամիտ չէր, որ կարծեր, թե իր միջամտությունը բավական է, որ ազատեն Պետիկ քեռուն։ Նա հեռատես, շրջահայաց մարդ էր և գիտեր, հասկանում էր, որ իրեն էլ է վտանգ սպառնում։ Այնուամենայնիվ նա մի վերջին փորձ էր ուզեցել անել օգնելու ընկերոջը, հավանաբար մտածելով․ «Եթե իմ միջամտությունը օգնի՝ առիթը չի կարելի բաց թողնել, քանի որ դեռ ազատ եմ՝ պիտի փորձեմ։ Իսկ եթե դրա պատճառով բռնեն՝ ինչ տարբերություն՝ մի օր շուտ, թե մի օր ուշ»։ Ինչո՞ւ մեզ ասաց սպասեք, շուտով կվերադառնանք… Գուցե նա հույս ուներ, որ մեր անհամբեր սպասումը իրեն հաջողությո՞ւն կբերի։ Ով գիտե, նա անչափ բարի, ազնիվ մարդ էր։

Իր ամենամաքուր շապկի վրա նա բանտում երկու նամակ գրեց․ մեկը՝ Ստալինին, մեկը՝ քրոջը։ Այդ նամակները մեծ դժվարությամբ հասան հարազատներին։ Այդ մաքուր շապկի վրա կար արյան ընդամենը երկու բիծ։ Ստալինին նա գրել էր այն մասին, ինչ իր կարծիքով կարող էր օգուտ բերել իր ընկերներին և իրեն։ Իսկ ահա քրոջն ուղղված նամակում գրածն այլ է։ Քրոջը նա զգուշացնում էր, որպեսզի ոչ մեկին չպատմի, որ բանտում իրեն ծեծում են։ Խնդրում է, որ աղջկան ու մորը լավ պահեն, պարտք անեն ինչքան որ պետք է, երբ դուրս գա, պարտքը կփակի։ Համոզված է, որ անպայման դուրս կգա, ինքը պինդ է, իրեն քիչ են ծեծել։ Գլխավորը՝ որ աղջիկը որբ չմնա, լավ դաստիարակություն ստանա… Գրել է, որ Ստալինին ուղղված իր նամակը արտագրեն խնամքով և ուղարկեն Մոսկվա։ Քրոջն ուղղված այդ գործնական նամակը՝ զերծ լեգենդներից ու հաշիվներից, մարդկային անկեղծ ցավով ու անհանգստությամբ լի՝ ընդգծում է առաջնորդին ուղարկվելիք նամակի անօգուտությունը…

Ինչպես որ մեզ խոստացավ՝ «գնում եմ Պետիկ քեռու ետևից», ահա հիմա էլ բանտում նստած իր պարտքն էր համարել վերջին փորձն անել՝ խաղալ ըստ վերից առաջարկած խաղի կանոնների․ «Ձեր իմաստուն ցուցումները Խանջյանի «ինքնասպանության» բնույթի և պատճառների վերաբերյալ կյանք անցկացրին կոպիտ խախտումներով, որի պատճառով կուսակցության համարյա ամբողջ ակտիվը հայտարարված է «ժողովրդի թշնամի»։

«…Ընկեր Ստալին․ այդ ստոր սադրանքի արդյունքն եղավ այն, որ ձերբակալվեց ամբողջ ղեկավար ակտիվը իրենց կանանց հետ։ Այդ երևույթը սպանիչ տպավորություն թողեց ինձ վրա, բայց ես անզոր եմ որևէ բան անել։ Միայն ՀամԿ (բ)Կ ստալինյան հանձնախումբը կկարողանա այդ ստորության հանգույցը բացել և թշնամու սև ձեռքն արագորեն կանգնեցնել։ Քանի ինձ չեն դատել, աղաչում եմ, միջամտեք…»։

Այնուամենայնիվ, մի փոքր հույս ուներ, որ խաղի այդ կանոնները պարտադիր են ոչ միայն իր համար՝ շարքային բանտարկյալի ու նախկին կուսակցական սկզբունքային գործչի, այլև նրանց, ովքեր այդ կանոնները ստեղծել են… Բայց նրանց խաղն ուրիշ էր, և բանտը պարզապես առաջին փուլն էր քեռի Վանյային մահվան դատապարտելու։

***

Կիրակի օրերը հայրս ձեռքս բռնած ինձ տանում էր մզկիթի բակը: Այստեղ ռեստորան էր, հայրս Ակսել Բակունցի, Վահան Թոթովենցի, Միքայել Մազմանյանի և այլոց հետ զրույց էր անում, մենք էլ՝ երեխաներս, ես ու Սևադան՝ Բակունցի որդին, մի անկյունում նստում, ոտքներս էինք ճոճում… Ավազանում ձմերուկներ էին լող տալիս։ Մի անգամ մի մարդ եկավ և կշտամբելով գոռաց․ «Ի՞նչ եք էստեղ նստել զրից անում, իսկ երեխեքը ձանձրույթից չգիտեն ինչ անեն»։ Նա տեղնուտեղը ավազանից մի ձմերուկ որսաց, խփեց բազրիքին, երկու կես արեց ու մեկնեց մեզ. «Զբաղվե՛ք, երեխեք»։ Չարենցն էր։

Քսան տարի անց հանդիպեցի այդ տեսարանին ներկա հորս սերնդակիցներից կենդանի մնացած վերջին մարդուն՝ Միքայել Մազմանյանին։

Ճակատագրիը նրան «խնայել» էր, ստալինյան մսաղացից կենդանի էր պրծել։ Այսօր նրա անունը քչերն են հիշում, մինչդեռ նրա տաղանդը մարմնավորվել է այնպիսի շինություններում, ինչպիսիք են ներկայիս մանկական հանրախանութը, գրքի պալատը, ՊԱԿ-ի շենքը։ Վերջինիս կողքով անցնելիս, կատակում էր․ «Ա՜խ, եթե իմանայի, որ ինձ այստեղ են բերելու… Անպայման այնպես կնախագծեի, որ գոնե մի թաքուն դռնակ լիներ… բայց ում մտքով կանցներ»։

Այդ մարդու կյանքն ու գործունեությունն առանձին հետազոտության են արժանի։ Այստեղ ասեմ միայն, որ նա այն հայ մտավորականներից էր (ավաղ, մինչև 1956-ը համարյա իսպառ բնաջնջված), որոնց կարելի է անվանել հայ հանրագետներ։ Նրա հետաքրքրությունների ու ձիրքերի ներկապնակն այնքան հարուստ էր, որ կարելի է համեմատել Չարենցի ու Հովսեփ Օրբելու հետ։

1915 թիվ տեսած հայ ժողովուրդը՝ տանջահար այդ զանգվածը իր այդ հատուկենտ մազապուրծ զավակների մեջ էր կուտակել իր ստեղծարար եռանդի ողջ լիցքը։ Ստիպված լինելով փոխարինել տասնյակ զոհվածների՝ այդ դյուցազունները ի զորու էին լինել միանգամից տասը մարդ, շենացնելու էին ու հարստացնելու դարասկզբին փլուզված-անդամահատված հայոց աշխարհն ու նրա մշակույթը, և մեր այսօրվա երիտասարդությանը շփոթմունքի շեմից վանելու էին՝ «Ի՞նչ անել» հարցին պատասխանելով իրենց կյանքով, վկայելով… Արվեստագետ, հնագետ, ճարտարապետ, նկարիչ, հրապարակախոս, հռետոր, հասարակական գործիչ, ղեկավար, թարգմանիչ, ստրուկ-բանտարկյալ, նովելիստ Միքայել Մազմանյանը, թերևս իր տաղանդի ու հումորի շնորհիվ դուրս լողաց քսանամյա սառույցի տակից, հրաժարվեց գրքի պալատի շինարարությունն ավարտել (գործը կանգ էր առել իր կալանավորումից ի վեր)՝ «ես հիմա ուրիշ ծրագրեր ունեմ, դա ինձ արդեն չի հուզում»։

Մի օր էլ նա ինձ՝ իր վաղամեռիկ ընկերոջ որդուն առաջարկեց գալ տուն և իր նովելները լսել։ Չորս հատ հաստ սև տետր նովելներ ուներ գրած, մահից հետո անհետ կորան։ Պատմեմ դրանցից մեկը՝ ինչպես որ հիշում եմ։ Ինչո՞ւ եմ ուզում պատմել։ Նախ՝ սա ոչ թե շեղում է, այլ մեր անցյալի անվերջ ու անապաքեն թեմայի ընդգրկման մի անհայտ փորձ։ Թող հայտնի դառնա, թող Միքայել Մազմանյանը ճանաչվի նաև որպես գրական գործերի հեղինակ, ո՞վ գիտի, գուցե սա կօգնի հետագայում հայտնաբերել նրա մյուս նովելները։

 
«ԱՐԹԻԿՏՈՒՖ»

Խորհրդային կառավարությունը նրան ուղարկում է Եվրոպա՝ Խորհրդային Հայքի կյանքի ու սոցիալիստական շինարարության մասին դասախոսություններ կարդալու, որ հայ համայնքների անդամներից ցանկացողները ներգաղթեն նոր, վերածնվող Հայաստան։ Մի անգամ Փարիզում, ոգեշունչ ճառ արտասանելիս նկատում է, որ դահլիճում նստածներից մեկը հատկապես կլանված է ունկնդրում։

Ինչի մասին էր խոսում Մազմանյանը։ Նա նկարագրում էր կառուցվող նոր Երևանը, գալիքի տուֆակերտ հրաշքը, որ սփռվելու էր Արարատի լանջին՝ Արարատյան դաշտի բերքատու այգիներով շրջապատված, ունենալու էր ծաղկի ձև և ամբողջովին լինելու էր գունավոր տուֆից։ Գալիքի քաղաքը կլինի վարդագույն, սև, կարմիր, դեղին… Պատկերացրեք գունավոր տուֆից խորհրդահայ ճարտարապետների նախագծած երևանյան շինությունները՝ Աբովյան պուրակը, Լենինի հրապարակը, իսկ դրանց վերևը՝ երևանյան ջինջ երկինքը… Եվ աշխատանքային իրենց օրն ավարտած, զբոսնող աշխատավորները լիաթոք շնչում են ամռան մթնշաղի պաղ օդը, շրջապատի անթիվ-անհամար մրգատու այգիներից հոսող թովիչ բույրերը…

Առաջին շարքում նստած այդ մարդը պարզապես աչքերով ուտում էր ճարտարապետին, և վերջինս ակամա սկսեց միայն նրան դիմել, պատմել հատկապես նրա համար…

…Արթիկի հանքավայրը՝ տուֆի ամենահարուստ հանքավայրերից մեկը, բնությունը ստեղծել է հիրավի շինարարի համար, այստեղ կան այնպիսի հանույթներ, որտեղից կարելի է միանգամից ուզածդ չափսի քար կտրել… Արթիկտուֆն ուսումնասիրել են համաշխարհային հռչակ ունեցող գիտնականներ Աբիխը, Լևինսոն-Լեսսինգը, Պաֆֆենգոլցը… Արթիկի տուֆը, թերևս, աշխարհի միակ քարն էր, որից կարելի է պարզապես ժանյակներ հյուսել, հասկանո՞ւմ եք, ժանյակներ… Նա փափուկ է, շնորհակալ՝ վարպետի ձեռքին և ամուր․ արթիկտուֆն է ապագայի քարը…

Ելույթից հետո այդ բարետես մարդը եկավ ճարտարապետի սենյակը։ Ձեռնափայտով մեղմորեն թակեց դուռը, ներս մտավ, գլանաձև գլխարկը հանեց և ասաց․

– Կներեք, պարոն Մազմանյան։ Ես քարտաշ եմ։ Դուք այնպես էիք պատմում Երևանի և արթիկտուֆի մասին, որ ես որոշեցի գալ բնակվել Խորհրդային Հայաստանում։

Ճարտարապետը նրան բացատրեց, որ նա պիտի դիմի խորհրդային դեսպանություն, ցուցակագրվի, կատարի որոշ ձևականություններ, որից հետո կարող է գալ հայրենիք։

Անցավ մի քանի տարի։ Մի օր ճարտարապետի երևանյան արվեստանոցն է գալիս մի մարդ։ Նա թափթփված, անխնամ տեսք ունի։

– Պարոն Մազմանյան, մի՞թե ինձ չեք հիշում։

– Ոչ։

– Հիշեցեք հապա՝ Փարիզ, Արթիկտուֆ, Լևինսոն-Լեսսինգ, ձեզ լսող քարտաշը…

– Ա~, հիշեցի, հիշեցի։ Ինչպե՞ս եք, ընկեր, ինչպե՞ս եք զգում Ձեզ Հայրենիքում։

– Վատ եմ, պարոն Մազմանյան։ Ոչ ոք չի ուզում ինձ աշխատանք տալ…

– Ո՞ւմ եք դիմել։

Մարդը ծանոթ մի շինարար-ղեկավարի անուն ասաց։ Ճարտարապետը խոստացավ խոսել նրա հետ։ Ծանոթը համաձայնեց ընդունել քարտաշին աշխատանքի, և որոշ ժամանակ անց քարտաշը եկավ և շնորհակալություն հայտնեց, աշխատում էր, գոհ էր։

Անցավ ևս մի քանի տարի։ Եկավ 1937 թիվը։ Միքայել Մազմանյանը նստած է ընդհանուր բանտախցում՝ ուր ութը մարդու փոխարեն կա քսան մարդ։ Նա նորեկ է՝ շփոթահար, հարցաքննություն չտեսած, միամիտ…

Դուռը ճռնչոցով բացվում է, և հարցաքննությունից բերած հերթական զոհին ներս են նետում։ Մազմանյանը բարձրացնում է նրա գլուխը, թաց թաշկինակով փորձում է մաքրել դեմքի արյունը։ Մարդն ուշագնաց է։ Վարպետը ջուր է կաթեցնում նրա շուրթերին։ Մարդը դանդաղ աչքերը բացում է և հառում վարպետին։ Հանկարծ նրա հայացքը կենտրոնանում է։ Նա ճգնում է ինչ-որ բան շշնջալ ջարդված շուրթերով։ Չի հասկացվում, թե ինչ։

– Ի՞նչ եք ասում…

Մարդը գերմարդկային ճիգ է անում խոսելու․

– Պարոն Մազմանյան, – շշնջում է, – հիշո՞ւմ եք, պարոն Մազմանյան․ Փարիզ, Պաֆֆենգոլց, արթիկտուֆ… Ա՜խ, արթիկտուֆ…

Եվ նա մահանում է՝ գլուխը վարպետի ծնկներին։

***

Մենք ունենք լավ ճարտարապետներ, բայց մեծ կարիք ունենք քաղաքաշինարարների, որ ընդգրկեն ազգային ճարտարապետության անցյալը, ներկան ու հեռանկարը։ Միքայել Մազմանյանը քաղաքաշինարար էր։ Երևանի ամբողջ շրջաններ նա է նախագծել։ Սիբիրյան տարիներին, լինելով մի սովորական զեկ՝ նա սակայն նախագծում է ամբողջ քաղաքներ՝ Դուդինկան և հսկա Նորիլսկը։ Եվ ի՞նչ․ այսօր այնտեղի բնակիչները գիտե՞ն արդյոք, թե ով է իրենց քաղաքի հեղինակը, գիտե՞ն, որ նա հայ էր։ Ոչ։ Ստրուկի աշխատանքի արժեքը մոռացումն է։ Ինձ դուր չի գալիս ստալինիզմ տերմինը, այն շեղում է մարդու ուշադրությունը առավել խոր ընդհանրացումից, այն իր մեջ կրում է Ստալինի ժամանակաշրջանի անցած-գնացած լինելու՝ բոլոր ժամանակավոր խալիֆների համար ձեռնտու ստի հատիկը։ Բայց ինչպես էլ անվանենք դա՝ ստալինիզմ, ադմինիստրատիվ սիստեմ թե տոտալիտարիզմ, այն նախ և առաջ ուղղված է ստեղծագործության դեմ։ Ոչ թե ուղղակի ժողովրդի, ոչ թե որևէ դասակարգի կամ կոնկրետ ազգի, այլ ցանկացած ստեղծագործության, արարման, առաջընթացի դեմ՝ պետական-հասարակական, թե արվեստի ոլորտում: Ճիշտ է, ապագա իրենց թանգարանում զոհերն անհավասար հիշատակ կունենան՝ մեկը ողջ քաղաքների հատակագծեր, մյուսն ընդամենը սեփական շապկի վրա գրված նամակ, որովհետև այդ օդաչու-տնտեսագետի կարճատև կյանքից ուրիշ հիշատակ չի պահպանվել, բայց այցելուն պիտի իմանա, հանկարծակիի չգա, և պաշտպանվելու, առաջն առնելու միջոցներ արարի․ բռնության համաճարակը հնձում է նախ և առաջ տաղանդներին։

Ալեքսանդր Տեր-Գաբրիելյան

Լուսանկարում՝ Հովհաննես Դավթյանի նամակը Ստալինին և քրոջը՝ սպիտակ շապկի վրա, «Երեկոյան Երևան» թերթի 1989 թվի լուսանկարից արտատպված: Ավաղ, շապիկը ներկայումս անհայտ է, թե որտեղ է: Բայց ես այն հիշում եմ, տեսել եմ: – Գևորգ Տեր-Գաբրիելյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լիլիթ Տեր Մինասյան says:

    Մազմանյանի գրական ստեղծագործությունները պահպանվել են նրա անձնական արխիվում, ավելին նրա բանաստեղծությունները ներկայացված են ճարտարապետի 120 ամյակին նվիրված ցուցահանեսին: Ցուցահանդեսն այժմ գործում է Թամանյանի անվան ճարտարապետության թանգարան-ինստիտուտում: Դեկտեմբերի 3ին ցուցահադեսի բացմանը Մազմանյանի բանաստեղծությունները ներկայացրեց դերասանուի Հասմիկ Տեր Կարապետյանը:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031