Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է անհանգստացած Սերժ Սարգսյանը

Հուլիս 14,2014 14:58

ՌԴ-ն կրկին իր հարցերն է լուծում հայկական տարածքների հաշվի՞ն

«Ես գտնում եմ, որ դա խիստ ուշացած, բայց անհրաժեշտ հայտարարություն էր»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ Խաչատուր Քոքոբելյանը` անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հայտարարությանը: Հիշեցնենք, լատինաամերիկյան այցի ընթացքում, մասնավորապես՝ արգենտինական Clarin պարբերականին տված հարցազրույցում, ապա Արգենտինայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ, նախագահ Սարգսյանը, անդրադառնալով ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու խնդրին, ասել էր. «Մեզ համար դա շատ ցավոտ թեմա է, եւ մեր ժողովուրդը շատ է մտահոգվում, որ մեր ռազմավարական գործընկերը զենք է վաճառում Ադրբեջանին»:

Անկախ ամեն ինչից՝ ԱԺ ընդդիմադիր պատգամավորը ողջունում է նախագահի հայտարարությունը: Սակայն նա գտնում է, որ նախագահը ոչ թե միայն պետք է հնչեցնի այդ խնդրի մասին, այլեւ որպես պահանջատեր, որպես տվյալ պարագայում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող՝ պարտավոր է ռուսական իշխանություններից պահանջել անհապաղ դադարեցնել Ադրբեջանին սպառազինելու գործընթացն ու «առնվազն հավուր պատշաճի բացատրություն այն մասին, թե ինչպես է դա տեղի ունենում»: Խաչատուր Քոքոբելյանը նկատում է, որ Հայաստանի ապագայով մտահոգ բոլոր քաղաքացիներն ու քաղաքական գործիչներն արդեն մեկ տարի է՝ հնչեցնում են այդ խնդրի մասին եւ նշում են, որ դա 1997 թվականի հայ-ռուսական բարեկամության պայմանագրի, որը ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն անվանել էր «դարի պայմանագիր», խախտում է: Ըստ այդ պայմանագրի երրորդ կետի՝ կողմերը պարտավորվում են իրենց հասանելիք միջոցներով նպաստել խաղաղության կայացմանը: «Ակնհայտ է, որ Ադրբեջանին, որը նույնիսկ ՀԱՊԿ անդամ չէ, սպառազինելով` ՌԴ-ն չի նպաստում տարածաշրջանում խաղաղության կայացմանը: Ի դեպ, ՌԴ-ն նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկն է»,- ասաց մեր զրուցակիցը` հավելելով, որ ակնհայտորեն գործ ունենք միջպետական կարեւորագույն պայմանագրի խախտման հետ, ուստի բավարարվել միայն նրանով, որ նախագահն ասի` ցավալի է, մտահոգություն ունենք, որ ռուսական կողմը զենք է վաճառում, բավարար չէ: Ավելին, Խաչատուր Քոքոբելյանը գտնում է, որ նախագահի հայտարարությունից հետո ՀՀ ԱԳՆ-ն առնվազն պետք է նոտա հղած լիներ ՌԴ-ին ու դրա պատասխանը ներկայացներ հանրությանը:

ՌԴ-ն արդեն տեւական ժամանակ է, ինչ սպառազինում է Ադրբեջանին, մինչդեռ պաշտոնական Երեւանը նոր է անհանգստություն հայտնում. ինչո՞վ է պայմանավորված ժամկետի ընտրությունը՝ մեր հարցին Խաչատուր Քոքոբելյանը հիշեցրեց, որ պետությունների կողմից զենքի առքուվաճառքի վերահսկողությունն իրականացնող միջազգային կենտրոնները, մասնավորաբար՝ Շվեդական կենտրոնը վերջերս ամրագրել էր, որ Եվրոպայում սպառազինության գնման ծավալներով Ադրբեջանը զիջում է միայն Մեծ Բրիտանիային: Այդ զինամթերքի ու զինտեխնիկայի 80 տոկոսն Ադրբեջանը գնում է ՌԴ-ից: Ադրբեջանին զենք վաճառող երկրների երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում Բելառուսը, որը եւս ԵՏՄ եւ ստեղծվելիք Մաքսային միության հիմնադիր անդամներից է: «ՌԴ-ն եւ Բելառուսը հաշվի չեն առել եւ հաշվի չեն առնում Հայաստանի շահը»,- արձանագրում է ԱԺ ընդդիմադիր պատգամավորը` հավելելով, որ Ադրբեջանին զենք վաճառելով՝ այդ երկրներն առաջնորդվում են բացառապես սեփական տնտեսական եւ քաղաքական շահերով: «Անհանգստությունը, որն այսօր արտահայտում են ՀՀ իշխանությունները, բնական է, նոր չէ: Բայց սահմաններում, ընդհանրապես տարածաշրջանում անհանգստությունը ստիպել է բարձրաձայնել դրանք: Բացի այդ, իմ խորին համոզմամբ, ՌԴ եւ Ադրբեջանի իշխանություններն այսօր ակտիվ քաղաքական եւ տնտեսական առեւտուր են տանում: Դրա վառ ապացույցն են իրենց դիվանագիտական եւ իշխանական հանդիպումներն ու հարաբերությունները, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Բաքու կատարած այցը եւ դրան հաջորդած հայտարարությունները: Ինչպես նաեւ այսօր ադրբեջանական մամուլում, դեռեւս փորձագիտական մակարդակով, բայց ականատեսն ենք լինում քննարկումների, որտեղ բարձրաձայնվում է այն մասին, որ եթե ՌԴ-ն կարողանա ապահովել երեք շրջանների վերադարձը, ապա Ադրբեջանը կքննարկի ԵՏՄ-ին անդամակցության խնդիրը: Այս առումով, կարծում եմ, ՀՀ իշխանությունները խուճապի մեջ են»,- ասաց Խաչատուր Քոքոբելյանը:

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ արձագանքելով «Առավոտի» դիտարկմանը` արդյոք նախագահի հայտարարությունը վկայությո՞ւնն է նրա, որ պաշտոնական Երեւանն այլեւս չի վստահում իր ռազմավարական գործընկերոջը, վրդովվեց. «Չվստահելու կամ նման այլ խնդիր չկա: Նախագահը վավերացրել է փաստը: Շատ նորմալ հայտարարություն է, ի՞նչ եք տողատակեր փնտրում: Ի՞նչ չվստահելու խնդիր կա. ՌԴ-ն Ադրբեջանին զենք չի՞ վաճառում: Վաճառում է, չէ՞»: Հաջորդ դիտարկմանը, որ մինչ այժմ ՀՀ իշխանավորներն անհանգստության առերեւույթ նշաններ այդ առիթով չէին դրսեւորում, ավելին՝ ՀՀ պաշտպանության նախարարը քանիցս հայտարարեց, որ դա բիզնես է, որը չի վնասում հայ-ռուսական ռազմավարական գործընկերությանը, Վահրամ Բաղդասարյանը պնդեց. «Մենք չենք անհանգստանում, պարզապես ֆիքսում ենք, որ կա նման երեւույթ»: ՀՀԿ-ական պատգամավորը նախագահ Սարգսյանի հայտարարությունը չի պայմանավորում նաեւ ԵՏՄ-ի փաստաթղթի ստորագրման ձգձգմամբ. «Ձգձգելու խնդիր չկա: Զինվեք համբերությամբ եւ մոտ ժամանակներս ամեն ինչի ականատեսը կլինեք»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Nuran says:

    Եթե Ադրբեջանին Ռուսաստանի կողմից զենք վաճառելը Ազգային Ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավարին չի անհանգստացնում, ապա մեր ժողովրդին դա խիստ անհանգստացնում է, ինչպես հայտարարել ՀՀԿ-Ի առաջնորդը Անհասկանալի է, միթե ՀՀԿ-ի խմբակցությունում ավելի լուրջ, գոնե իր ղեկավարի հայտարարություններին հետևող մարդ չկար, որ իրեն են վստահել խմբակցության ղեկավարի պաշտոնը:

  2. david says:

    Սերժիկն անհանգստացա*ծ:Դրա համար պետք է վերլուծել և համադրել իմանալ:Դրա համար պետք է ,,բագաժ,, ունենալ և սթափ լինելու կարողություն:Նա հասկանալ և անհանգստանալ պարզապես չի կարող:Հակառակ դեպքում չէր լինի ձնագնդիկի նման սառցե պալատ մտած սառցե թագավորը:Արևին այդ տեսակ նյութ է պետք:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031