Հուլիսի 11-12-ը «Պրոսպեկտուս» տարածաշրջանային և քաղաքական հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի կողմից լրագրողների համար կազմակերպվել էր երկօրյա ամառային դպրոց՝ «Ինչպես լուսաբանել Հայոց ցեղասպանության հիմնահարցերը» խորագրով։ Մասնակցում էր 22 լրագրող ինչպես երևանյան, այնպես էլ մարզային և սփյուռքի լրատվամիջոցներից։ Լրագրողների համար տարբեր թեմաներով դասախոսություններ կարդացին մասնագետները, ամառային դպրոցի մասնակիցները դիտեցին Ցեղասպանության թեմայով ֆիլմեր, ստացան արժեքավոր գրականություն։
Պատմական գիտությունների դոկտոր Հարություն Մարությանը, խոսելով Հայոց ցեղասպանության լուսաբանման առանձնահատկությունների մասին, նկատեց, որ միանգամայն ուսանելի է Հոլոքոստի հիշողության պահպանման ու քարոզման բնագավառում առկա համաշխարհային փորձը։ Իսկ այն հուշում է, որ հասարակության հիշողության քաղաքականության մշակման գործում մեծ դեր ունեն այդ հիշողության պահպանմանն ուղղված թանգարանները։ Դրանք քարոզչության հզորագույն կենտրոններ են։ Նա նաև նկատեց, որ այսօր աշխարհում գործում է Հոլոքոստի 68, իսկ Հայոց ցեղասպանության 4-5 թանգարան։ Ըստ մասնագետի՝ թանգարաններն ամենօրյա քարոզչության միջոց են, և նպատակահարմար է, որպեսզի տարբեր երկրներում բացվեն հայոց մշակույթի ժառանգության թանգարաններ, որոնք կունենան նաև Ցեղասպանության բաղադրիչը։
Հարություն Մարությանը նշեց, որ Ցեղասպանության հարցն էթնիկ ոլորտից պետք է տեղափոխել գաղափարախոսական ոլորտ՝ որպես երիտթուրքիզմի դրսևորում և պայքար դրա դեմ. «Արդեն քանի տասնամյակ է, որ հրեաները Հոլոքոստի պարագայում շեշտում են ոչ թե գերմանացիների (որպես էթնիկ միավոր), այլ ՍՍ-ի, նացիզմի, ֆաշիզմի, ռասիզմի և այլ համարժեք գաղափարախոսական հասկացությունների մեղավորությունը։ Անցյալում տեղ գտած հակամարտությանը չեն հաղորդում էթնիկ որակումներ, այլ դրանք դիտարկում են միայն որպես հանցագործ բնույթ ունեցող գաղափարախոսության գործունեության արդյունք»։
Պատմական գիտությունների թեկնածու, Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը, խոսելով Հայոց ցեղասպանության լուսաբանման թեմայի շուրջ, նշեց, որ համաշխարհային մեդիա դաշտում պետք է ապահովվի Հայոց ցեղասպանության հարցի՝ մեզ համար ընդունելի և ձեռնտու տեղեկատվության մշտական ու ծանրակշիռ ներկայություն։ Այստեղ սեփական տեղը մշտապես ունենալու համար պետք է օգտագործել բոլոր հնարավորությունները և հարթակները։ Ժողովրդագրական և ռեսուրսային սակավության պատճառով որոշակի քանակ ապահովելու համար պետք է աշխատեն բոլորը։ Նա նաև ընդգծեց, որ Հայոց ցեղասպանության թեման մեծ դաստիարակչական լիցք պետք է պարունակի։ Հայ ժողովուրդը կարողացավ սարսափելի ողբերգությունից վերապրել, և այդ փառապանծ հերոսությունը պետք է շեշտադրել ու միլիոնավոր անմեղ զոհերի նկատմամբ վիշտը զուգահեռել ազգի տոկունության ու պայքարելու վճռականության ապացույցներով։
Ամառային դպրոցի մասնակից, Սպիտակում լույս տեսնող «Լուսարձակ» շաբաթաթերթի խմբագիր, ՀՀ վաստակավոր լրագրող Ֆահրադ Ափուջանյանն օգտակար համարեց ծրագիրը։ Նա ընդգծեց, որ նման միջոցառումները չպետք է սահմանափակվեն 100-րդ տարելիցի շրջանակներում, դրանք պետք է շարունակական լինեն։ Մշտապես պետք է վառ պահել թեման, հատկապես որ սերնդափոխություն է տեղի ունեցել. «Նախորդ հասարակարգի ժամանակ դաստիարակության մեջ ազգային տարրը բացակայել է, և հիմա մենք պետք է եկող սերունդների համար ստեղծենք այնպիսի դաշտ, որ վերջնականապես հասնենք Հայոց ցեղասպանության ճանաչմանը, դատապարտմանն ու հատուցմանը»։
Դալար Շահնազարյանն Իրանի «Ալիք» օրաթերթի «Հայելի» կայքի երիտասարդական բաժնում է աշխատում։ Պարբերականում անդրադառնում են Ցեղասպանության թեմային, ունեն մշտական խորագիր, որտեղ ներկայացնում են հուշեր, հեղինակային նյութեր, նորություններ Ցեղասպանության վերաբերյալ։ Նշում է, որ ամառային դպրոցն իրեն սովորեցրեց թեմային մոտենալ տարբեր և բոլորովին նոր դիտանկյուններից։ Դալարն ընդգծում է նաև, որ Իրանի հայկական համայնքը մշտապես ոգեկոչում է Ցեղասպանության զոհերի հիշատակը, 100-րդ տարելիցի կապակցությամբ էլ ստեղծվել է հանձնախումբ, կազմավորվել է երիտասարդական ենթահանձնախումբ, որն ամբողջ տարվա ընթացքում իրականացնելու է ծրագրեր։
«Ալիք» օրաթերթի երիտասարդական բաժնի լրագրող Նարե Սահակյանն էլ տեղեկացնում է, որ Թեհրանում գործում է իրանահայության, հայոց մշակույթի թանգարան, և երիտասարդները ծրագրել են թանգարանի բազմազգ այցելուներին ծանոթացնել Հայոց ցեղասպանությանը։ Մտադրություն ունեն իրենց հեջաբների վրա դաջել հայկական տարազի պատառիկներ, հույս ունեն, որ իշխանությունները չեն արգելի։
Հայոց ցեղասպանության հիմնահարցերին նվիրված ամառային դպրոցը կյանքի է կոչվել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն