Եթե համոզված լինեինք, որ սահմանադրական փոփոխություններն իրականություն կդառնան, վերնագրում ոչ թե «նախագահ կգրեինք», այլ` «վարչապետ», կամ` պայմանական մեկ այլ բառ: Սակայն, այս պահի դրությամբ, Հայաստանում նախագահն է ամեն ինչ որոշողը, դրա համար էլ վերնագրում շարունակում ենք «նախագահ» գրել:
Ինչքան էլ առաջին ու երկրորդ նախագահները դժգոհեն ներկա իրավիճակից ու անձամբ Սերժ Սարգսյանից, իրենք երկուսն էլ իրենցից կախված ամեն ինչ արել են, որպեսզի Հայաստանի նախագահը սահմանադրորեն միահեծան իշխանություն ունենա:
Անցած անգամ ենթադրեցինք, որ Հայաստանի ապագա առաջին դեմքը, ըստ ամենայնի, կլինի մեծահարուստ: Այս միտքը մեզ ոչ միայն Հայաստանում զարգացող «քաղաքական» գործընթացներն են հուշում, այլև` հետխորհրդային հանրապետություններում ընթացող գործընթացներն ու իրողությունները: Մեր կարծիքով, Ուկրաինայի ներկայիս նախագահի մեծահարուստ լինելն ամենևին էլ պատահականություն չի: Մեծահարուստ Իվանիշվիլին Վրաստանում առաջին դեմք չդարձավ, որովհետև ինքն այդպես ցանկացավ: Չցանկացավ առաջին դեմք լինել և իր մարդուն առաջին դեմք դարձրեց: Այսինքն, ինքը թելադրեց իրադարձությունների բովանդակությունն ու ընթացքը: Հնարավոր է` Հայաստանում էլ նման բան տեղի ունենա: Լավագույն դեպքում: Կամ, ընդհակառակը, վատագույն դեպքում: Նայած թե` ով կլինի և ոնց կլինի:
Ուկրաինայի նորընտիր նախագահի օրինակը նաև ցույց տվեց, որ մեծահարուստներն այս ընթացքում հասկացել են, որ ավելի լավ է անձամբ իրենք առաջին դեմք դառնան, քան` իրենց դրածոյին նշանակեն, որովհետև դրածոն իշխանություն ձեռք բերելով և ժամանակի ընթացքում մեծահարուստ դառնալով` մի օր կարող է անվերահսկելի դառնալ:
Այսինքն, ժամանակի ընթացքում մարդկային ու քաղաքական տրամաբանությունն էլ է փոփոխության ենթարկվում, և մի երկրում տեղի ունեցած իրողությունները կարող են ուղղակիորեն ազդել մեկ այլ երկրի իրողությունների վրա: Ասվածն այս դեպքում վերաբերում է հետխորհրդային երկրներին և հատկապես ու առանձնապես Հայաստանին, և մեզ հատկապես ու առանձնապես Հայաստանում սպասվելիք իրադարձություններն ու իրողություններն են հետաքրքրում ու հուզում, և հատկապես ու առանձնապես հետաքրքրում է թե` Սերժ Սարգսյանից անմիջապես հետո ո՞վ կլինի Հայաստանի առաջին դեմքը: Ով էլ որ լինի, մեծապես նրանից կախված կլինի Հայաստանի մոտալուտ ապագան, որովհետև կյանքն արդեն մի քանի անգամ մեզ համոզել է, որ Հայաստանում ամեն ինչ որոշողը գլխավորապես ու հիմնավորապես առաջին դեմքն է:
Ընդդիմադիրներից որոշները Սերժ Սարգսյանին թույլ նախագահ են համարում, ոմանք էլ` ուժեղ բռնապետ: Փաստորեն, իրար հակասում են, և շատ հաճախ միևնույն ընդդիմադիրն ինքը իրեն է հակասում, որովհետև շատ հաճախ միևնույն ընդդիմադիրը մի օր Սերժ Սարգսյանին թույլ նախագահ է համարում, մեկ այլ օր` բռնապետ; Համաձայնվեք, որ բռնապետը չի կարող թույլ լինել, մանավանդ` իր իսկ իշխանության օրոք: Բռնապետները թուլանում են միայն հեղափոխության ու գահընկեցության արդյունքում, երբ հեղափոխությունը հաղթանակում է, և բոլոր առնետներն անխտիր լքում են նավը:
Հայաստանում հեղափոխություն առայժմ չի նշմարվում, և գործող սահմանադրությունն էլ գործող նախագահին թույլ լինելու հնարավորություն առանձնապես չի տալիս: Այսուհանդերձ, շատերն են համարում, որ Ռոբերտ Քոչարյանն էս պահին բավական մեծ ազդեցություն ունի, մանավանդ` իշխանական էլիտայի վրա, և շատերը ենթադրում են, որ, հնարավոր է, իշխանությունը Սերժ Սարգսյանին փոխանցած Քոչարյանն էստաֆետի օրենքով վերստին հետ ստանա փոխանցածը: Այսինքն, Հայաստանում ևս տեղի ունենա այն, ինչ տեղի ունեցավ Ռուսաստանում` Պուտինի ու Մեդվեդևի դեպքում: Համաձայնվեք, որ այսպես մտածողներն առանձնապես զուրկ չեն տրամաբանությունից, բայց համաձայնվեք նաև, Ռուսաստանի ու Հայաստանի իրավիճակներն ու էստաֆետայինները բավական տարբեր են: Տարբերությունների մեջ չխորանանք, որովհետև դրանք չափազանց շատ և չափազանց ակնհայտ են: Այդուհանդերձ, այդ տարբերություններից երկուսը հարկ ենք համարում հիշել: Նախ` Ռուսաստանի վրա դրսի ուժերի ազդեցությունն այնքան մեծ չէ, ինչքան` Հայաստանում, մանավանդ` նախագահի ընտրության հարցում: Եվ երկրորդ. ինչքան էլ ասենք թե` Հայաստանում ընդդիմություն գոյություն չունի, Հայաստանում ընդդիմությունն ավելի գործող գործոն է, քան` Ռուսաստանում, և եթե ռուսաստանյան ընտրությունների ընթացքում ընդդիմությունն ավելի բացակա է` քան ներկա, Հայաստանյան ընտրություններում ընդդիմության գոյությունը միշտ էլ զգացվել է` թեկուզև նախագահի լեգիտիմությունը վիճարկելու մակարդակով:
Կարդացեք նաև
Այսինքն, Հայաստանում քաղաքական էլիտայի փոխանցումավազքին ընդդիմությունը որոշակիորեն կարող է խանգարել: Կամ, ընդհակառակը, նպաստել:
Բայց ընդդիմությունն ու բոլորս մի բան, այնուամենայնիվ, վերջնականապես չենք պարզել. Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն իրար հակառակո՞րդ են, թե, ընդհակառակը, համախոհ: Հավանաբար իրենք էլ վերջնականապես չեն պարզել: Որովհետև էդ էլ են դրսի ուժերն ու ուժեղները որոշում, ընդ որում` ամենավերջին պահին: Ու էդ է պատճառը, որ մենք ոչ մի կերպ չենք կարողանում գլխի ընկնել թե` Հայաստանի քաղաքական դաշտում ով ում բարեկամն է:
ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ