«Արմնյուզ» հեռուստաընկերությամբ հեռարձակված տեղեկատվության կապակցությամբ հայտնում ենք, որ «Արմավիր» բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում «սուր մենինգիտ» ախտորոշմամբ հիվանդներ կամ մենինգիտի կասկածելի դեպքեր չկան:
Ներկա պահին ինֆեկցիոն բաժանմունքում հոսպիտալացված է 18 հիվանդ` «աղիքային վարակ» ախտորոշմամբ։ Բոլոր 18 հիվանդի մոտ առկա են աղիքային վարակներին բնորոշ ախտանշաններ, որոնք, ըստ լաբորատոր հետազոտության արդյունքների, որևէ առնչություն չունեն էնտերովիրուսների հետ։ Միայն 4 հիվանդ է ունեցել նաև գլխացավ, նրանցից 2-ի մոտ հայտնաբերվել է պայմանական ախտածին հարուցիչ (Klebsiella): Հիվանդները միմյանց հետ համաճարակաբանորեն կապված չեն, խմբակային հիվանդացման դեպքեր չեն արձանագրվել: Հիվանդացության նման ցուցանիշները բնորոշ են այս սեզոնին։
Արմավիրում համաճարակային նման իրավիճակի հետ կապված անհրաժեշտություն չկա բակային համայցեր, ինչպես նաև մանկապարտեզներում օրը 2 անգամ ջերմաչափում կատարելու, ինչը չի արվում:
Հունիսի 1-ից հուլիսի 12-ն ընկած ժամանակահատվածում Արմավիր բժշկական կենտրոն է դիմել 5 հիվանդ (տեղեկատվությամբ նշված 10-ի փոխարեն), որոնց մոտ ախտորոշվել է «սուր մենինգիտ» և տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ: Հիվանդները տարբեր հասցեներից են և համաճարակաբանորեն իրար հետ կապված չեն: Նշված բոլոր հիվանդները դուրս են գրվել հիվանդանոցներից առողջացմամբ:
ՀՀ առողջապահության նախարարություն