ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն օրեր առաջ պատասխանել է լրագրողների հարցերին և հնչեցված այն կարծիքի վերաբերյալ, թե ԿԳՆ-ի որդեգրած ներկայիս քաղաքականության արդյունքում դրական գնահատական ստացած յուրաքանչյուր դիմորդ կընդունվի բուհ ու դա կբերի կրթության որակի իջեցմանը, նախարարն առարկել է. «Որ ասում են՝ բուհերը բիզնես են անում, զարմանում եմ»: Նա դրական է գնահատել դիմորդների մասսայական ընդունելությունը, ասելով. «Երբ բարձրագույն կրթությունը դառնում է մասսայական, դա լավ ցուցանիշ է համարվում միջազգային կրթական դասակարգիչների մեջ»:
Զարմանալ կարելի է, որ նախարարին ոգևորում է միայն բարձրագույն կրթության մասսայական լինելը, իսկ ցածր առաջադիմությամբ դիմորդների բուհ ընդունվելու ներկայիս պրակտիկան և դրանով պայմանավորված` կրթության ցածր որակը նրան չի անհանգստացնում: Նախարարը գտնում է, որ երեխաներին պետք է հնարավորություն տալ անցնելու, հաղթահարելու քննական շեմը. «Անպայման չէ, որ 18 միավոր ստացած դիմորդն ավելի լավ ուսանող լինի, քան 10 միավոր ստացածը»,- ասում է Ա. Աշոտյանը:
Նախարարի այս արտահայտությունից, բնականաբար, կշոյվեն ցածր միավորներով բուհ ընդունված բազմաթիվ դիմորդներ, և չի բացառվում, որ նրանք ոգևորվելով այդ «օբյեկտիվ» կարծիքից, առաջիկայում կդառնան նախարարի համակիրներն ու ֆեյսբուքյան ընկերները: Իսկ ի՞նչ կասի նախարարը 7.5 միավորով բուհ ընդունվող դիմորդների մասին: Նրանք է՞լ կարող են 18 միավոր ստացողից ավելի լավ ուսանող լինել (բացառիկ դեպքերը չհաշված): Տրամաբանական է, որ ցածր գիտելիքներով բուհ ընդունվող դիմորդների ստվար շերտն էլ պետք է դառնա բուհական վճարովի համակարգի եկամտի աղբյուրը, ինչպես նաև միջնորդություններով կամ կաշառքով քննություններ ստացող վաղվա ուսանողությունը: Սրանից էլ պարզ բիզնե՞ս:
Ցավալին այն է, որ այս արատավոր վիճակը ավելի շատ կողմնակիցներ ունի, քան հակառակորդներ: Դիմորդին սա բավարարում է, քանի որ առանց լուրջ ջանքերի նա բուհ է ընդունվում: Նույն կերպ բավարարված է նաև դիմորդի ծնողը` իր զավակն էլ է ուրիշների պես բարձրագույն կրթություն ստանում: Բավարարված են բուհերը` համալրվում է ուսման վարձերից եկող նրանց եկամուտները: Դասախոսները թեև դժգոհում են ցածր գիտելիքներով ուսանողների ստվար քանակից, բայց միևնույն ժամանակ` միջնորդություններով կամ կաշառքով գնահատական դնելու հնարավորություններ են ստանում: Նախարարությունն էլ գոհ է, որ դպրոցական շրջանավարտների թվի տարեցտարի նվազման պայմաններում (արտագաղթով կամ բնակչության վերարտադրության պակասով պայմանավորված) հնարավորինս ապահովվում է մեծաթիվ բարձրագույն կրթություն ստացողների ֆորմալ ցուցանիշը:
Իսկ ո՞վ է սրանից դժգոհ: Դժգոհող կողմը հասարակությունն է` ամբողջությամբ վերցրած: Տարիներ անց դժգոհելու է նաև նույն ուսանողը, ծնողը, դասախոսը, նախարարության աշխատողը, երբ դիմի բուհը մի կերպ ավարտած և մասնագիտական ցածր գիտելիքներ ունեցող բժշկին, իրավաբանին, դատավորին, ուսուցչին, դասախոսին, պետական պաշտոնյային:
Իսկ ի՞նչ է արվում վիճակը շտկելու համար: Ցավոք, ոչինչ չի արվում, կամ էլ արվում է հակառակը: Տարեցտարի բուհերում պակասում է անվճար տեղերի թիվը և ավելանում` վճարովի տեղերինը: Բացի դրանից, բնակչության անվճարունակության աճի ներկա պայմաններում հակառակն է կատարվում` տարեցտարի ավելացվում են ուսման վարձերը:
Կրթության մասին օրենքում վերջերս կատարված փոփոխությունների համաձայն` ուսման վարձերի համար վերին շեմ է դրվել: Կապրենք, կտեսնենք, թե այդ շեմը ինչ թիվ է կազմելու, բերելու՞ է արդյոք ուսման ներկայիս վարձերի նվազմանը, թե՞ պարզապես զսպելու է դրանց հետագա աճը: Կամ էլ նույն օրենքով նախատեսվում է, որ անվճար տեղերը բուհերում պետք կազմեն ընդհանուր տեղերի տաս տոկոսը: Հարց է առաջանում դա կարելի՞ է բարելավում համարել, թե` հակառակը: Ներկայումս ԵՊՀ-ում, ՀՊՃՀ-ում, ԵՊԲՀ-ում կան մեծ թվով մասնագիտություններ, որոնց համար հատկացված անվճար տեղերի թիվը ընդհանուր տեղերի համեմատ տաս տոկոսից շատ ավելի բարձր տոկոս են կազմում: Ինչ՞ է, այդ թվերը պետք է նվազեցվե՞ն և դարձվեն տաս տոկո՞ս:
Կարդացեք նաև
11.07.2014թ. ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում տպագրեց որոշ բուհերի և ֆակուլտետների անցողիկ միավորները: Նա գրել էր. «Եվ այսպես, ինչպես խոստացել էի, որոշ բուհերում և ֆակուլտետներում անցումային բալերի մասին»: Հետաքրքիր է իմանալ ո՞վ էր իրեն խնդրել հայտնել միայն որոշ բուհերի և ֆակուլտետների անցողիկ բալերը, որ ինքն էլ խոստացել էր: Կամ եթե խոստացել էր առանց որևէ մեկի խնդրանքի, ապա ի՞նչ սկզբունքով էր ընտրել հենց այդ բուհերը և այդ ֆակուլտետները: Ընտրել էր դրանք, քանի որ ԳԹԿ-ում դրանց բալերը ամփոփվել են ավելի շու՞տ: Շուտ են ամփոփվել պատահականությա՞ն, թե` կարևորության սկզբունքով: Վերջնակա՞ն են արդյոք այդ ֆեյսբուքյան էջում նշված անցողիկ միավորները, քանի որ դրա օգտատերն իր պաշտոնական դիրքից ելնելով տիրապետում է հավաստի տեղեկատվության, թե՞ դրանք դեռ կարող են փոփոխվել` դիմորդների քննական և ատեստատային ցուցանիշները սահմանված ժամկետում վերջնականապես ամփոփման արդյունքում:
Ո՞րն է լինելու դիմորդների համար կարևոր հաջորդ տեղեկատվությունը Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջում: Սպասենք:
ԱՐՄԱՆ ԳԱԼՍՏՅԱՆ
Հարգելի Արման Գալստյան,չգիտեմ որ սերնդի ներկայացուցիչ եք?,բայց,որ ինչից դժգոհում եք՝ցածր առաջադիմություն,կաշառակերություն և այլն/բացի վճարովի համակարգից/սկսվել էր սովետական տարիներից՝յոթանասունականներից:Այդ բոլոր թերությունները Արմեն Աշոտյանով չի սկսվել և նրանով էլ չի վերջանալու:Որպեսզի ՀՀ-ում կրթությունը զարգանա,անհրաժեշտ է պահել 2 համալսարան՝հումանիտար և տեխնիկական/մեր բնակչության ներկայիս թվին համապատասխան/: Թե չե, ամեն մարզկենտրոնում համալսարան է բացվել,ամեն շրջկենտրոնում՝քոլեջ:Քոլեջի շրջանավարտներին ոչ մի տեղ աշխատանքի չեն հրավիրում՝թէև կառավարման համակարգում բազմաթիվ աշխատանքներ կարող էին կատարել միջն.մասնագիտական կրթություն ունեցողները:Համալսարանում պետք է սովորի նա,ով իր կյանքը կապելու է կրթության կամ գիտության հետ:Ինչպես քաղաքակիրթ երկրներում:
Դասեր չքաղելով Խորենացու <>-ից մենք միշտ դժգոհում ու դժգոհելու ենք մեր բժշկից, դատավորից, իրավաբանից, հոգևորականից, ուսուցչից, ուսանողից, շինականից. գործարարից, պետական պաշտոնյայից, որովհետև կյանքը ցույց տվեց, որ այդ 7,5 միավորանոցները ավելի կենսունակ են, ճարպիկ- խաչագող են: Չէ որ սրանք գիտեն, որ այսօր ուտելով ազգի ապագան այն կվերածեն խալխի և բոլոր ժամանակների համար կապահովում իրենց գոյությունը: