Գիրքը կազմած եւ հրատարակած Արայիկ Մանուկյանը հրավիրել էր Փարաջանովի մտերիմներին
Webtv.am ինտերնետային հեռուստատեսության տնօրեն Արայիկ Մանուկյանի կազմած եւ հրատարակած «Կար-չկար մի Փարաջանով» գիրքը վերջապես հասու է հայ ընթերցողին: Շնորհանդես վաճառքը կայացավ այսօր՝ Մոսկվա կինոթատրոնի ճեմասրահում: Փարաջանովի հնչյունային ռեժիսոր Գարի Կունցեւի հուշապատում վիպակն ու ուկրաինացի կինոօպերատոր Յուրի Հարմաշի բացառիկ լուսանկարներն ընդգրկող գրքի շնորհանդեսին ներկա էին Կունցեւի այրին՝ Մանանա Կունցեւա-Գաբաշվիլին եւ Յուրի Հարմաշը:
Հիշեցնենք, որ գրքի թարգմանիչը Հովհաննես Այվազյանն է, խմբագիրը՝ Հովիկ Չարխչյանը: Շապիկին Հենրիկ Սիրավյանի «Փարաջանով» կտավն է: Արայիկ Մանուկյանի ձեւակերպմամբ, սիրավյանական Փարաջանովն այնքան համահունչ է գրքին, ասես հենց գրքից դուրս եկած լինի:
Յուրի Հարմաշը, շնորհակալություն հայտնելով նախաձեռնության հեղինակ Արայիկ Մանուկյանին, ասաց, որ իր համար հաճելի էր լսել նման գրքի ծննդյան մասին: Նաեւ հիշեցրեց գրքում տեղ գտած իր նովելի մասին: Ասաց, որ այդ նովելում երեւում է իր վերաբերմունքը Փարաջանովի մասին:
Կարդացեք նաև
Մանանա Կունցեւա-Գաբաշվիլին եւս անչափ հուզված էր. ասաց, որ հույս ունի, որ իմ ամուսինը այս ամենը տեսնում է եւ հաստատ ուրախ է:
Գրքի շնորհանդեսին եւ փարաջանովյան լուսանկարների ցուցահանդեսին մասնակցում էր նաեւ անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ