Եթե դուք փողոցում հանդիպեք Տիգրան Մանսուրյանին եւ ասեք, որ ձեզ նրա երաժշտությունը դուր չի գալիս, նա, վստահ եմ, կարձագանքի մոտավորապես այսպես`«Հա՞, ջանիկս: Իսկ ի՞նչը դուր չի գալիս, ո՞ր գործն ես դու լսել»: Ընդ որում, դա կանի անկեղծորեն, առանց «դեմոկրատ խաղալու»: Կարեւոր չէ, դուք ակադեմիկոս եք, թե բեռնատարի վարորդ, այդ կոմպոզիտորն անվերապահորեն կընդունի իր երաժշտությունը չհավանելու ձեր իրավունքը:
Եթե դուք մի քանի քննադատական բառ գրեք կամ ասեք շոու-բիզնեսի «աստղերի» կատարմամբ հնչող որեւէ երգի մասին, ապա երգահանը սրտանց կըմբոստանա եւ իր արձագանքներում պարտադիր կհնչեցնի «դու ո՞վ դառար, որ ինձ բան ասես» հայկական մոտիվը: Կամ՝ եթե դուք կասկած հայտնեք, որ 2-3 սերիալում մաֆիոզիի դեր խաղացած դերասանը հանճար է ու պիտի դասվի Վահրամ Փափազյանի եւ Հրաչյա Ներսիսյանի կողքին, նա շատ կնեղանա, կենթադրի, որ դա այլ սերիալներում խաղացող դերասանների պատվերն է եւ կսպառնա արտագաղթով:
Այստեղից բանաձեւ՝ մարդու կայացած լինելու աստիճանը սովորաբար հակառակ համեմատական է այն ուշադրությանը, որը նա դարձնում է իր անձի եւ նույնիսկ ստեղծագործության գնահատականին:
…Մոտ 10 տարի առաջ նույն ինքնաթիռով Երեւան էի վերադառնում Սվետլանա Նավասարդյանի հետ: Սվետան կորցրել էր ուղեբեռի կտրոնը, ու ես որոշ բանակցություններից հետո համոզեցի մաքսավորին նրան քաղաք թողնել: Մաքսավորն ասաց, որ դա անում է՝ միայն ինձ ճանաչելով, այնինչ նա ավելի շուտ պետք է ճանաչեր նշանավոր դաշնակահարուհուն, որն իր կատարումներով փայլ է տալիս մեր մշակույթին:
Բայց Սվետան ոչ մի վայրկյան «չֆիքսվեց» այդ միջադեպի վրա: Նա ինձ շնորհակալություն հայտնեց, եւ մենք շարունակեցինք զրույցը՝ մեզ հետաքրքրող թեմայով՝ երաժշտության մասին:
Արամ Աբրահամյան
Լուսանկարը՝ dic.academic.ru-ի
Մաքսավորն ասաց
Շնորհակալություն, ուղղեցի