Վաղը «Հաղթանակ» զբոսայգում կկայանա ArmFC վարկածով 13-րդ միջազգային մրցաշարը՝ Հայաստանի եւ Իրանի ուժեղագույն մարզիկների մասնակցությամբ:
Այսօր այդ առիթով հրավիրված մամուլի ասուլիսում Հայաստանի պրոֆեսիոնալ Արմֆայթինգ ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանը տեղեկացրեց, որ կայանալու է 13 մենամարտ: Նրա փոխանցմամբ, հայ մարզասերն առաջին անգամ հնարավորություն կունենա անձամբ դիտելու մեր հավաքականի անդամ, աշխարհի չեմպիոն Գրիգոր Աշուղբաբյանի մրցելույթը, որը բնակվում եւ մարզվում է Ավստրիայում, սակայն միշտ էլ հանդես է գալիս Հայոց Եռագույնի ներքո:
Հայկ Ղուկասյանը տեղեկացրեց նաեւ, որ մրցաշարի շրջանակներում մեկ մենամարտ էլ կայանալու է աղջիկների մասնակցությամբ: Ռինգում կհանդիպեն Կարինե Գեւորգյանն ու Իրանի լավագույն մարզուհիներից մեկը՝ բազմաթիվ տիտղոսներ նվաճել հասցրած Ախրամ Աբդուլմալեկը: Անչափ հետաքրքիր դիմակայություն է սպասվում Վազգեն Ավագյանի եւ Աշքան Դալիազարի միջեւ: Ամիսներ առաջ Երեւանում կայացած Հայաստան-Իրան մրցամարտում մեր թիմից միակ պարտությունը կրել էր Վազգեն Ավագյանը, որն այդ օրը հենց ռինգում մրցակցին ռեվանշ մրցամարտի էր հրավիրել եւ իրանցին անմիջապես մարտահրավերն ընդունել էր:
Իրանցիներն էլ իրենց հերթին ասացին, որ եկել են Հայաստան պայքարելու եւ հույս ունեն, որ այս անգամ հաղթանակն իրենցն է լինելու:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ