Լրահոս
Օրվա լրահոսը

Տավուշի մարզպետ. «Կընդգրկվեն երիտասարդ, եռանդուն, բանիմաց աշխատակիցներ»

Հուլիս 12,2014 15:46

Ի՞նչ է տալիս օրական 140 կմ անցնելը

Հուլիսի 11-ին Տավուշի մարզպետարանում հարցազրույց ունեցանք մարզպետ Հովիկ Աբովյանի հետ,որը ներկայացնում ենք ստորեւ:
-Դուք միշտ բնակվել ու բնակվում եք հայրենի Կողբ գյուղում: Ձեզ համար դժվա՞ր չէ ամեն օր Իջեւան մեկնելու եւ վերադառնալու համար մոտ 140 կմ ճանապարհ կտրել: Ամենօրյա այդ ուղեւորությունները մարզը ճանաչելու առումով ի՞նչ են տալիս:
– Ոչ ոք իր հայրենիքից չի ձանձրանա, չի հոգնի, որքան էլ ճանապարհը երկար է: Որպես մարզպետ ի պաշտոնե պարտավորված եմ զգում հաճախ լինել տարածքներում, գնալ-գալով բազում համայնքներով անցնում եմ, եւս մի անգամ նայում եմ, թե ինչ աշխատանքներ են կատարվում, տարածքներում ինչ խնդիրներ կան: Բնականաբար, ճանապարհը հոգնեցնող է, սակայն ես իմ աշխատանքի մեջ չեմ հոգնում:

-Եղել եք մարզի սահմանամերձ գոտում, ուր գրեթե ամեն օր գնդակոծություններ են լինում: Պետությունը ի՞նչ է անում սահմանամերձ գյուղերին օգնելու համար:

-Մինչ իմ մարզպետ պաշտոնավարելն էլ պետության կողմից սահմանամերձ գոտիներում աջակցություն ցուցաբերվել է, ռմբակոծված տների վերանորոգման համար աջակցություն է տրվել , պետական օգնությամբ նոր տներ են գնվել, կամ գումարով փոխհատուցում է տրվել կամ՝ տուն է գնվել այդ անձանց համար: Մի քանի օր առաջ վարչապետն այցելեց սահմանամերձ Մովսես եւ Այգեպար, եղանք Վերին Կարմիրաղբյուրում, փոխվարչապետի հետ եղել ենք Այգեպարում: Անցած երկու ամսվա ընթացքում ես մի քանի անգամ եղել եմ Բերդի սահմանագոտում: Վարչապետի այցից հետո Մովսես գյուղն ունեցավ կոմբայն, որի վերաբերյալ այցի ընթացքում էինք պայմանավորվել, փոխվարչապետը խոստացել էր: Կառավարության ծրագրով գումար է հատկացվել Վերին Կարմիրաղբյուր համայնքին, որպեսզի ձեռք բերվի հացահատիկահավաք կոմբայն: Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետը գործուղվել է Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաք, որտեղից ձեռք է բերելու կոմբայնը: Հաշվառվում է Մովսես գյուղի ուսանողների թիվը, վարչապետն իր վրա է վերցրել նրանց ուսման վարձը վճարելու հարցը: Հանրապետության վարչապետը խոստացել է , որ իր ֆոնդից է վճարելու Մովսես գյուղի բնական գազի սպասարկման վարձը: Վերին Կարմիրաղբյուր այցի շրջանակներում տրանսպորտի եւ կապի նախարարը խոստացավ մարդատար մեքենա, օրերս այդ մեքենան կտրվի: Աջակցության այլ ծրագրեր կան, դրանց մի մասն արդեն արվել է, մյուսներն ընթացքի մեջ են:

-Ձեր կադրային քաղաքականության մեջ ի՞նչ սկզբունքով եք առաջնորդվելու: Արդեն մարզպետարանում կադրային որոշ փոփոխություններ են արվել,առաջիկայում փոփոխություններ սպասվո՞ւմ են:

– Կադրային քաղաքականության մեջ լինելու է հետեւյալ մոտեցումը՝ կընդգրկվեն որակյալ, երիտասարդ կադրեր, ովքեր պատրաստ են աշխատելու: Ես կցանկանայի մեր մարզային ենթակառուցվածքներում հիմնականում տեսնել երիտասարդ, բանիմաց, եռանդուն աշխատակիցների, ովքեր կարող են իրենց առջեւ դրված բոլոր հանձնարարությունները կատարել: Այո, արդեն եղել են փոփոխություններ, փոփոխություններ լինելու են իմ պաշտոնավարության ամբողջ ընթացում, թե որ ոլորտում՝ ե՞րբ, դա, իհարկե, ժամանակը ցույց կտա: Պահանջելու եմ որակյալ աշխատանք, որակյալ կրթական համակարգ, ամեն ինչ արվելու է, որպեսզի այդ որակն ապահովվի:

Լուսանկարը՝ Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքից
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Anna says:

    Տավուշի մարզպետը շատ ճիշտ վարված կլինի,եթե միաժամանակ մարզպետարանի թե աշխատակազմի և թե մարզային ենթակայության հիմնարկությունների անգրագետ ու կիսագրագետ,ինչպես նաև ,,կլյաուզնիկ ու ոչ բանիմաց,, արդեն ծերացած ու իրենց դարն ապրած կադրերին փոխարինի խելացի մարդկանցով: Հավատացեք,Տավուշում շատ կան խելացի մարդիկ:Ինձ մնում է հաջողություններ մաղթել Հովիկ Աբովյանին և համոզված լինել, որ նա իր սկզբունքայնությամբ ու ճիշտ մոտեցումներով շատ շուտով այս մարզը ոտքի կհանի:Իսկ ինչ մնում է ,,սուտ հեյհուրանքներ,, տարածողներին՝ հասկացող մարդիկ գիտեն,որ դա ակադեմիկոս ու անպատժելի Ղուլարյանի ,,կլյաուզնիկ շրջապատի,, ձեռքի գործն է:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031