Վերջերս՝ հունիսի 22-ին, դասական մեներգիչ, միջազգային հեղինակավոր մրցույթների դափնեկիր, բազմաթիվ «Գրան պրիների» (Կոստա Բրավայի, Սոֆիայի, Բաթումիի և այլն) և առաջին տեղերի մրցանակակիր Կարեն Զոհրաբյանն Իտալիայի «Մարուչինո» օպերային թատրոնի տասներորդ միջազգային մրցույթ-փառատոնում արժանացել է ոսկե մեդալի:
Մեներգիչն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ մրցատյանը (հիմնականում իտալացիներ) հետաքրքրված է եղել ոչ միայն իրենով, այլև մի քանի հայ երգիչներով: Նա նաև նշեց, որ հաճախ է աշխատանքային հրավերներ ստանում արտասահմանից, սակայն բոլորն էլ մերժում է, որովհետև չի կարողանում «դրսում» ապրել. «Իսպանիայում, օրինակ, նաև օպերային կատարումներով հանդես եկող «Ֆլամինգո» խումբը մոտ երկու տարի առաջ համագործակցության առաջարկ արեց: Իհարկե, ես գիտեմ, որ դրսում ավելի շատ կարող եմ վաստակել, բայց միակ պատճառն այն է, որ երկու ամսից ավելի չեմ կարողանում ուրիշ երկրում մնալ: Իմ արևաշող Հայաստանն ինձ համար ամենալավ երկիրն է»,- ասում է Կ. Զոհրաբյանը:
Թեև Մշակույթի նախարարությունը տեղյակ է երգչի հաջողություններից, անգամ 2012 թ. շնորհակալագրի է արժանացրել, բայց միայն այդքանը: Կ. Զոհրաբյանն ասում է, որ ժամանակին դիմել է նախարարություն՝ աջակցություն ստանալու խնդրանքով, սակայն հարցը չի լուծվել, և դրանից հետո այլևս չի դիմել:
Հիմնականում իր միջոցներով է կարողանում գնալ-գնալ, տարբեր մրցույթների մասնակցել և այլն:
Նա ասում է, որ Հայաստանում համեմատաբար քիչ է հանդես գալիս, առավել կարևորում է Հայաստանը տարբեր երկրներում ներկայացնելը. «Եվ, որ ամենակարևորն է, Թուրքիայում մեծ գործ ունեմ անելու: Ուզում եմ այնտեղ մեր եռագույնն ավելի հաճախակի ծածանել:- ասում է տենորը,- Ես չգիտեմ՝ իմ մեջ ինչն է խոսում, բայց երբ այլ երկրներում տեսնում եմ մեր հակառակորդներին, ավելի եմ ոգևորվում, և հաղթանակն իմ կողմն է լինում: Այդպիսին էին, օրինակ, Բաթումիի փառատոնը, որին թուրքեր ու ադրբեջանցիներ էին նաև մասնակցում, և որտեղ ես «Գրան պրի» մրցանակի արժանացա, Իտալիայի փառատոնը, որտեղ ոսկե մեդալ ստացա»:
Նա նաև տեղեկացրեց, որ Թուրքիայի Մարմարիս և Սիդե քաղաքներից մենահամերգի հրավեր է ստացել. «Պարտադիր պիտի այնտեղ երգեմ «Անին», «Կիլիկիան» ու էլի այսպիսի շատ երգեր»,- ասաց Կ. Զոհրաբյանը և հավելեց, որ Թուրքիայից երկու հրավեր այս տարի արդեն մերժել է, քանի որ դրանք ապրիլի 24-ին մոտ ժամանակահատվածում են եղել:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ