Կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գոհար Օգանեզովան այսօր «Զարկերակ» մամուլի ակումբում անդրադառնալով Երեւանում ամռան ընթացքում էկոլոգիական խնդիրներին, ասաց, որ չնայած այն բանին, որ Երեւանում կանաչ տարածությունները խնամվում են, այնուամենայնիվ կանաչապատ տարածքները շատ քիչ են. «Կենտրոնի որոշ հատվածներում տարածքներ կան, որոնք բոլորովին չեն խնամվում, չեն ջրվում եւ աստիճանաբար չորանում են»:
«Մեր երկրում կանաչ բույսը չի հասկացվում որպես կենդանի»,- կարծում է տիկին Օգանեզովան:
«Հանուն կայուն մարդկային զարգացման» հ/կ-ի տնօրեն, բնապահպան Կարինե Դանիելյանն էլ ասուլիսի ընթացքում նշեց, որ վերջին տարիներին քաղաքում կանաչապատման խնդիրները ավելի լավ են լուծվում, պարբերաբար ծաղկապատում է իրականացվում քաղաքում, սակայն քաղաքաշինությունը մի հարվածով գալիս եւ այդ ամենը ջնջում է. «Բարձրացնում են թե՛ էկոլոգիական ռիսկերը, թե սեյսմիկ ռիսկերը»:
Տիկին Դանիելյանն առանձնացրեց այն հանգամանքը, որ ամռան գալու հետ զուգընթաց Երեւան քաղաքում շատացել են օձերը եւ կարիճները. «Սա այն պատճառով է, որ մենք չունենք այդ էկոհամակարգային մոտեցումը, մենք չենք հասկանում, որ սա կիսաանապատ է: Անգամ այն ժամանակ, երբ հյուսիսային պողոտան կառուցվում էր, այս մասին խոսվել է: Եթե անունը դրեցին Հյուսիսային, չի նշանակում, որ այն հյուսիսում է: Այն հարավային պողոտա է»:
Կարդացեք նաև
Տիկին Դանիելյանը համոզված է, որ Երեւանը կիսաանապատում է, եւ որ դրա բնական կենդանական աշխարհը հենց օձերն ու կարիճներն են: Իսկ որպեսզի հանրությունը կարողանա նման տարածքում ապրել, պետք է անընդհատ կանաչապատումներ իրականցվեն, հսկայածավալ ջրային մակերեսներ ստեղծվեն, որպեսզի կլիման փոխվի եւ մարդիկ կարողանան ապրել»:
Կարինե Դանիելյանը հումորով ասաց, որ ժամանակին նա ցանկանում էր իր աշխատության մեջ գրել, որ. «Օձերը եւ կարիճները համագումար են արել Երեւանում եւ շնորհակալություն հայտնել իշխանություններին, որ իրենց վերադարձրել են իրենց բնակավայր»:
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
օգտակար գործ են անում: