Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Գեւորգ Դանիելյանն այսօր «Բլից Ինֆո» մամուլի ակումբում հայտնեց, որ սահմանադրական բարեփոխումների հանրային քննարկումները հաջող են ընթանում. «Ընդհանուր առմամբ բավականին հանդուրժող մթնոլորտում են ընթանում քննարկումները, լինում են նաեւ սուր հարցադրումներ եւ կոշտ գնահատականներ, սակայն պետության հիմանական օրենքի քննարկման գործընթացը ենթադրվում էր, որ հենց այդպիսին էլ պետք է լիներ»:
Պրն Դանիելյանը նշեց, որ բազմաթիվ քաղաքական կուսակցություններ, խոսելով սահմանադրական բարեփոխումների մասին ասում են, որ դրա հանրային պահանջարկը ցածր է: Սակայն պրն Դանիելյանը հակադարձեց այս տեսակետին. «Հասունացել է սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը: Այն բոլոր հարցադրումները եւ պահանջները, որոնք քաղաքական կուսակցությունները եւ հանրությունը առաջադրում են, առանց սահմանադրության փոփոխության հնարավոր չեն իրականացնել»:
Պրն Դանիելյանը այն համոզմունքն ունի, որ սահմանադրական բարեփոխումների գործընթացը որեւէ կերպ չի խոչընդոտում սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը: Գեւորգ Դանիելյանը հայտնեց, որ սահմանադրության վերլուծությունը բերեց այն համոզմունքին, որ մի քանի դրույթներ այնուամենայնիվ խոչընդոտում են գործադիր իշխանության գործունեությանը: Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամը հայտնեց, որ հանձնաժողովում միասնական դիրքորոշում չի ձեւավորվել կառավարման ձեւի առնչությամբ. «Երկու տեսակետ կա. առաջինի դեպքում կարելի է պահպանել նախագահական կառավարման ձեւը: Հանձնաժողովի այն հատվածը, որը կողմնակից է կիսանախագահական կառավարման ձեւին, միաժամանակ գտնում է, որ անհատապես այն պետք է վերանայել: Մեծամասնությունը կողմնակից եղավ խորհրդարանական կառավարման ձեւին»:
Պրն Դանիելյանը հայտնեց, որ քննարկումների այս փուլում բարդ իրավիճակ է: «Դեռեւս այս փուլում ասել, թե հանձնաժողովը ունի սպառիչ նյութ, որը կտա հնարավորություն կարծիք հայտնելու, դժվարանում եմ»: Պրն Դանիելյանը հայտնեց, որ եթե անգամ ընտրվի խորհրդարանական կառավարման ձեւը, այն որոշ վերապահումներով կլինի. «Եթե այն ընդունվի դասական եղանակով, մենք համամիտ կլինենք, բայց եթե չուղեկցվի անհրաժեշտ երաշխիքներով, հնարավոր է, որ փոխենք մեր դիրքորոշումը, քանի որ խորհրդարանական կառավարման ձեւը չի լուծում բոլոր խնդիրները»:
Կարդացեք նաև
Պրն Դանիելյանը քիչ հավանական է համարում այն, որ սահմանադրական բարեփոխումների գործընթացը կարող է ձախողվել. «Մենք լուծում ենք հանընդհանուր, բոլորի շահերից բխող խնդիր եւ համոզված եմ՝ այս հայեցակարգը իր մեջ բովանդակում է լուծումներ, որոնց մասին միգուցե մարդիկ դեռ բավարար չափով իրազեկված չեն եւ սպասելիքներ չունեն: Սակայն իրազեկվածության բարձրացվածության հետ մեկտեղ, կարծում եմ, որ ձախողման հավանականությունը քիչ կլինի»:
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ