Լրահոս
Օրվա լրահոսը

«Գուցե պետք է, որ քանդել-սարքելու մեր սովորությունն արդեն մի կո՞ղմ դնենք». նկարիչ

Հուլիս 12,2014 10:27

«Մենք՝ հայերս, շատ ենք սիրում ամեն ինչ քանդել, քանդել, քանդել ու նորից սարքել, ինչպես, օրինակ, Աֆրիկյանների տունը կամ, առհասարակ, ցանկացած շենք, որ քանդվում է որոշ մարդկանց անտարբերության պատճառով: Եվ խոսքը միայն Աֆրիկյանների տան ու մյուս շենքերի մասին չէ: Մեր ժողովրդի պատմությունը հարուստ է քանդել-սարքելու դեպքերով, մեկը հենց հեթանոսության «քանդումն» ու փոխարենը քրիստոնեության «կառուցումը»: Միգուցե պետք է, որ քանդել-սարքելու մեր սովորությունն արդեն մի կո՞ղմ դնենք: Չէ՞ որ շատ արժեքներ են այդ ընթացքում անհետանում…»,- երիտասարդ նկարիչ Վահագն Համալբաշյանի մտորումներն են, որոնցով նա կիսվեց Aravot.am-ի հետ:

Առիթը մեր զրուցակցի «Անհետացող քաղաք» կոչվող ստեղծագործությունն էր (լուսանկարում), որը նույնպես ներկայացված էր «Դալան» ցուցասրահում հուլիսի 11-ին բացված «Ապրելու համար» խորագրով խմբակային ցուցահանդեսում:
Հեղինակն ասում է, որ անհետացող քաղաք ասելով նկատի չունի հենց Երևանը: Քաղաքը խորհրդանշում է առհասարակ անհետացող արժեքները…
Ցուցահանդեսը մեկտեղել է Երևանի և Գյումրու երիտասարդ մի քանի նկարիչների աշխատանքները:

Իսկ թե ինչու «Ապրելու համար», գյումրեցի երիտասարդ նկարիչ Հրաչ Վարդանյանը մեզ այսպես բացատրեց. «Խնդիրը կյանք-աշխատանք կապի մեջ է: Այսինքն՝ մենք աշխատում ենք, արվեստ ենք ստեղծում և, միևնույն ժամանակ, ապրում ենք: Այս երկու հասկացություններն իրար միացնելու խնդիր կա այսօր, որովհետև դրանք հաճախ են բաժանվում: Ասում են՝ երկիրը սոցիալապես ծանր վիճակում է, արվեստի կարիք չկա, արվեստը հարուստ երկրի համար է և այլն, և այլն: Այսպիսի մտքեր կան հասարակության մեջ, և մենք փորձում ենք միաձուլել, միահյուսել այդ երկուսը՝ կյանքն ու արվեստը, կամ այլ խոսքով՝ արվեստը դարձնել կյանք»:

Aravot.am-ը հետաքրքրվեց Հ. Վարդանյանից, թե մայրաքաղաքից հեռու բնակվելն արդյո՞ք սահմանափակում է ստեղծագործող անհատի առաջ գնալու հնարավորությունները, որին ի պատասխան՝ մեր զրուցակիցը փակագծերի մեջ ասաց, որ Գյումրին ավելի շատ ցուցահանդեսներ է կազմակերպում, քան Երևանը, պարզապես, վերջինս տեղյակ չէ դրանից, և հավելեց, որ մայրաքաղաքից դուրս ապրողները չպետք է մտածեն, որ այդ հանգամանքը կարող է իրենց խանգարել ստեղծագործել, իսկ մայրաքաղաքում բնակվողներն էլ չպիտի մտածեն, թե մայրաքաղաքից դուրս կյանք չկա:

«Մեր խնդիրը հենց այդ կենտրոնացումն է,- ասում է Հ. Վարդանյանը,- Երևանն առանձին քաղաք է, Գյումրին՝ առանձին, և, ընդհանրապես, բոլոր քաղաքներն առանձին-առանձին, ինքնուրույն քաղաքներ են՝ յուրաքանչյուրն իր առօրյայով, իր խնդիրներով, և նույն տրամաբանությամբ՝ մարդիկ էլ են բաժանվում, ամեն մեկը պարփակվում է իր տարածքում: Բայց չպետք է այդպես լինի, եթե նույն երկրում ենք ապրում»:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031