Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպան եւ մենք. 200 տարվա սահմանից դուրս

Հուլիս 12,2014 14:57

Մենք կարող ենք ազատվել ռուսաստանյան
պետական եւ քաղաքական ավանդույթները պատճենավորելուց

1839 թվականին ֆրանսիացի արիստոկրատ եւ մտավորական Աստոլֆ դե Կյուստինը այցելել էր Ռուսաստան: Իր հայրենիքի բուրժուա-դեմոկրատական (բառիս դասական, ոչ հայկական իմաստով) ռեժիմը մարկիզը չէր հավանում, նա միապետության կողմնակից էր, եւ Նիկոլայ Առաջինի Ռուսաստանում ցանկանում էր հոգեւոր հարազատություն գտնել: Բայց այն, ինչ դե Կյուստինը տեսավ Ռուսաստանում, նրան նույնպես դուր չեկավ, եւ իր ճամփորդական նոթերը նա ամփոփեց մի գրքում, որն այդպես էլ կոչվում է՝ «Ռուսաստանը 1839 թվականին»: 19-20-րդ դարերում գիրքը տասնյակ անգամներ վերահրատարակվել է մի քանի լեզուներով եւ առ այսօր էլ վեճեր է առաջացնում: Եվ այսպես՝ մարկիզը 1839 թվականին Ռուսաստանում տեսավ «վերեւների» կամայականությունը, «ներքեւների» անիշխանությունն ու ստորաքարշությունը, չինովնիկների կաշառակերությունն ու գանձագողությունը, ոստիկանական հետապնդումներ, անվստահություն արտասահմանցիների նկատմամբ, թշնամանք Արեւմուտքի հանդեպ, որը զուգորդվում է գոռոզությամբ եւ գաղտնի նախանձով: Կարծես այսօրվա Հայաստանի մասին գրված լինի:

Սակայն մարկիզ դե Կյուստինը չի սահմանափակվում սոսկ քննադատությամբ: Նա նաեւ փորձում է գտնել այդ իրավիճակի պատճառները: Անհրաժեշտ է վերահսկել հսկայական տարածություն, վատ հաղորդակցություններով եւ բազմազգ բնակչությամբ, դա բերում է ասիական բռնապետության, որտեղ ինքնակալի իշխանությունը ոչ մի ինստիտուտի կողմից չի սահմանափակվում (հեղինակը, հիշեցնեմ, միապետության ջատագով էր): Ըստ մարկիզի՝ լեգիտիմության փնտրտուքը Ռուսաստանում բերում է նրան, որ իշխանությունն իրեն շրջապատում է աստվածացման «բյուզանդական» ծեսերով եւ փորձում է ինքնահաստատվել կայսերական-ռազմական ճանապարհով՝ պարբերաբար իրականացնելով տարածքային էքսպանսիա, որը խթանվում է նաեւ բնական սահմանների բացակայությամբ: Այս ամենը, կարծում է դե Կյուստինը, մսխում է այս երկրի ներուժը եւ խանգարում է նրան դառնալ ժամանակակից բարգավաճող երկիր:

Ռուսաստանյան քաղաքականության այս հակասականությունը՝ ներսում չափից դուրս պահպանողական, մեկուսացման միտումներով, դրսում՝ չափից դուրս՝ «առաքելություն իրականացնելու» չափ հեղափոխական, մենք նկատում էինք նաեւ խորհրդային շրջանում: Մի կողմից՝ երկաթյա վարագույրը, «թշնամական շրջապատի» նկատմամբ փակ լինելը, մյուս կողմից՝ «երրորդ աշխարհում» հակաարեւմտյան շարժումներին եւ պետություններին անզուսպ աջակցությունը, որի վրա ծախսված միլիարդավոր դոլարները պարզապես ջուրն են ընկել, եւ ժամանակակից Ռուսաստանին այլ բան չի մնում, քան ներել այդ պարտքերը: (Այդ ներքին հակասությունն ու անիմաստ ծախսերը դարձան Խորհրդային Միության փլուզման պատճառներից մեկը):

Ռուսաստանի ներկայիս ղեկավար Վլադիմիր Պուտինը փորձում է շարունակել վերը նկարագրված ավանդույթները՝ ներառյալ ասիական բռնապետությունը եւ իշխանությունն աստվածացնելու բյուզանդական ծեսերը: Բայց նախագահ Պուտինի ծրագրերը 21-րդ դարում չեն կարող իրականացվել՝ դրա համար նվազագույնը անհրաժեշտ է երկաթյա վարագույր, որը ժամանակակից տեխնոլոգիաների պայմաններում բացառվում է: Եվ միակ բանական լուծումը, ինչպես կասեր Րաֆֆի Հովհաննիսյանը, «զադնի դնելն է» ու Եվրոպայի հետ ներդաշնակ հարաբերություններ փնտրելը: Դրա մասին, ի դեպ, նրբորեն ակնարկում է ռուսաստանյան քաղաքականության վետերան Եվգենի Պրիմակովը:

Հայաստանի մի մասը 200 տարի գտնվում է Ռուսաստանի տիրապետության տակ, հենց այդ մասի տարածքում են 20-րդ դարում ստեղծվել հայկական երեք պետությունները: Հետեւաբար պետական ավանդույթների առումով մենք շատ բան փոխառել ենք «մետրոպոլիայից»՝ անվերահսկելի իշխանություն, կամայականություններ, ներքեւների ստորաքարշություն («վախ, թագավոր ջան»), գանձագողություն, կաշառակերություն:
Բայց թե՛ պատմական (ժամանակային) եւ թե՛ տարածության առումով հայերի ռեսուրսը շատ ավելի մեծ է, քան այս 200 տարին է եւ այս պետության տարածքը: Հիշենք թեկուզ, որ միլիոնավոր հայեր ապրել եւ ապրում են Հայաստանից եւ Ռուսաստանից դուրս, եւ նրանց փորձը, ինչու չէ՝ իշխանավորների վրա խաղաղ ճնշումը կարելի է օգտագործել այսօրվա հայկական պետությունը կառուցելու համար: Հիշենք նաեւ, որ եվրոպական «մարդակենտրոնությունը» նաեւ մեր միջնադարյան եւ Վերածննդի մշակույթի առանձնահատկությունն է: Իսկ այդ փիլիսոփայության հիմքում է մարդը, անհատը, որն այլ մարդկանցից ողորմություն չի սպասում, որը հույս է դրել միայն իր վրա եւ ամբողջությամբ պատասխանատու է իր վարքի, այդ թվում՝ իր սխալների եւ պարտությունների համար: Ահա այդպիսի մարդիկ են պակասում այսօրվա Հայաստանի Հանրապետությանը:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Hakob says:

    թույնդ հասել է արդեն կոկորդիդ:
    արդեն ինքնաթունավորվելու վերջին էտապներում ես 😀 😀 😀

  2. Բռնադատվածի թոռ says:

    Ճիշտ ես, Արամ։ Կեցցես՛։
    Ամեն մեկը որ տեր լինի և պատասխան տա իր արածի և չարածի համար՝ Հայաստանի Հանրապետությունը կծաղկի։ Այդպիսի մարդիկ պակասում են Հայաստանի ՀանրապետութլունՈՒՄ։ Հայաստանի ՀանրապետությԱՆԸ դրսի այդպիսի հայերը խորհուրդից ու խոհրդատվությունից ավել ինչ՞ առաջարկեն։ Դա էլ սրերով է ընդունվում – «մեզ խելք մի սովորացրեք»։ Էն ինչ գումարային արժեք չունի – չի գնահատվում։ Համացանցում փնտրեք «adam schiff armenian genocide speech»։
    Մի վատ բան էլ ենք ժառանգել «մետրոպոլիայից», որից պետք է գիտակցված հրաժարվել՝ միջնադարյան ռասիստական գաղափարախոսությունը, որն արտահայտվում է «վրացիք ու ադրբեջանցիք ինչ ազգ», «թուրքը մնում է թուրք» և նման կարծրատիպերով։ Եթե մեր «великорусский шовинизм»-ին թարկ տանք և զբաղվենք մեր «լճից-լիճ» հայկական պետության զարգացումը համամարդկային արժեհամակարգում տեղավորելով՝ մեզ ոչ մի գերտերություն ու պուճուր հարևան չի համարձակվի խոչընդոտել կամ թելադրել։ Առավել ևս, որ մենք ավելի մոտ ենք Եվրոպային ի շնորհիվ երկու ներգաղթի ալիքների, որ եվրոպական կենցաղ ներմուծեցին և եվրոպական մարդասիրական «կուլտուրա» (штамм իմաստով)։
    Հ.Գ. Թույնի մասին ընկեր Hakob-ին խորհուրդ կտայի կարդալ տիկին Օօտայի հետ կապված հատվածները Կավաբատայի «Հազարաթև կռունկը» վեպից։

  3. Garry says:

    Կարճ, կոնկրետ ու հասկանալի… Իսկ ով չի հասկանում, ուրեմն հայաստանցի չի:

  4. Արսեն says:

    Մնում ես, մնա…

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031