Ինչո՞ւ է ձգձգվում Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու գործընթացը։ Կարելի՞ է ասել, որ Աստանայի հայտնի իրադարձություններից հետո այստեղ ի հայտ եկած անորոշությունը ոչ միայն չի ցրվում, այլեւ գնալով ավելի է խորանում։
Մեր հարցերին պատասխանում է քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՐԿԱՐՈՎԸ։
-Մի կողմից, ակնհայտ է Հայաստանի պատրաստակամությունը՝ անդամակցելու Մաքսային, հետագայում՝ Եվրասիական տնտեսական միությանը։ Այդ պատրաստակամությունն արտահայտվել է ե՛ւ քաղաքական հայտարարությունների մակարդակով, ե՛ւ գործնական հարթության վրա՝ այդ ուղղությամբ իրականացված կոնկրետ քայլերի տեսքով։
Մյուս կողմից՝ անդամակցությունը ենթադրում է համապատասխան նորմատիվային բազա։ Հասկանալի է, որ Հայաստանի մաքսային ռեժիմը տարբերվում է ԵՏՄ-ի շրջանակներում նախատեսվող մաքսային ռեժիմներից, եւ այս առումով պետք է լուծվեն մի քանի խնդիրներ։
Խնդիրների մի մասը կապված է նրա հետ, որ Հայաստանը, որպես Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ, ունի որոշակի միջազգային պարտավորություններ։ Հարցերի երկրորդ խումբը պայմանավորված է նրանով, որ մենք փորձում ենք պահպանել բարենպաստ մաքսային ռեժիմը մի շարք ապրանքատեսակների մասով։ ՄՄ անդամ երկրները որոշակի պաշտպանական միջոցներ են կիրառում՝ բարձր մաքսատուրքեր դնելով մի շարք ապրանքների վրա, համապատասխանաբար հարց է առաջանում. Հայաստանի համար բացառություն կարվի՞, եթե այո՝ ինչ ժամկետներում դա կարող է իրականացվել։
Մյուս խնդիրը, որ տնտեսականից բացի ունի նաեւ քաղաքական բաղադրիչ, երրորդ երկրների հետ ԵՏՄ անդամ կամ հիմնադիր անդամ պետությունների հարաբերությունների տիրույթում է. խոսքը վերաբերում է Ալիեւի հայտնի նամակներին, որոնք հասցեագրված էին ոչ միայն Ղազախստանի, այլեւ Ռուսաստանի եւ Բելառուսի նախագահներին։ Հարցն այն է, թե որքանո՞վ այդ երկրների եւ Ադրբեջանի հարաբերությունները կարող են խոչընդոտել Հայաստանի անդամակցությանը՝ թե՛ երկկողմ հարաբերությունների, թե՛ սահմանային եւ մաքսային ռեժիմների, թե՛ ձեւավորվող միության մեջ Հայաստանի կարգավիճակի առումով՝ տարածաշրջանային խնդիրների հետ կապված։
Այսինքն՝ գոյություն ունի ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական եւ աշխարհաքաղաքական բաղադրիչներ պարունակող խնդիրների մի ամբողջ համալիր, որոնք կարող են դանդաղեցնել Հայաստանի անդամակցության գործընթացը։
Հետեւաբար խնդիրը ի վերջո հանգում է հետեւյալին. արդյոք սրանք ժամանակավո՞ր խոչընդոտներ են, որոնք կստանան իրենց լուծումը՝ տեխնիկական հարցեր, որ ժամանակի ընթացքում կարող են համաձայնեցվել միջկառավարական կամ ներկառավարական մակարդակներում, թե՞ դա ուղղակի ձգձգելու քաղաքականություն է, որ տանելու է կամ չի տանելու Հայաստանի անդամակցությանը այդ կազմակերպությանը։
-Ըստ էության, չեք բացառում, որ դա կարող է նաեւ տեղի չունենալ։
-Քաղաքականության մեջ ոչինչ չի բացառվում։ Մենք արդեն ունեցել ենք նախադեպ, երբ ԵՄ հետ Ասոցացման պայմանագրի տեքստը ամբողջությամբ արդեն համաձայնեցված էր, եւ թվում էր՝ ոչինչ չի խանգարում փաստաթղթի նախաստորագրմանը, բայց բանն այդպես էլ չհասավ դրան։ Այս դեպքում էլ պետք է առաջնորդվենք առաջին հերթին այն քաղաքական կամ տնտեսական շահերով, որ Հայաստանը կարող է կամ չի կարող ստանալ՝ անդամակցելով ԵՏՄ-ին։
Եթե անդամակցող կողմը չի ստանում անդամակցությունից ակնկալվող տնտեսական եւ քաղաքական դիվիդենտները, կամ, որ ավելի վատ է՝ անդամակցության պայմանները չեն բխում տվյալ երկրի առաջնահերթություններից կամ նույնիսկ վտանգում են այդ երկրի շահերը, մասնակցության հարցը կարող է դիտվել եւ դրվել բոլորովին այլ հարթության վրա։
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում:
Հայաստանի համար կիրառվում է ,,ոչ ինձ-ոչ քեզ,, սկզբունքը:Ղազախստանը չի ուզում ՀՀ-ի անդամակցությունը ԵՏՄ-ին,Ռուսաստանը չի ուզում բաց թողնել Հայաստանին ԵՄ գոտի: