Ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Արգենտինայի ընտրանուն 11 մետրանոց հարվածաշարում պարտվելուց հետո Հոլանդիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը խիստ քննադատության է ենթարկել ՖԻՖԱ-ին:
Մասնագետը, որ մունդիալի ավարտից հետո գլխավորելու է «Մանչեսթեր Յունայթեդը», համոզված է, որ աշխարհի առաջնություններին երրորդ տեղի համար հանդիպումները հարկավոր չեն եւ այդ մասին մեկ անգամ չէ, որ արտահայտվել է: Սակայն Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային միությունը շարունակում է պահպանել, այսպես կոչված, սփոփիչ եզրափակիչների ավանդույթը:
Շաբաթ օրը Հոլանդիան եւ Բրազիլիան աշխարհում երրորդը ճանաչվելու համար պիտի խաղան միմյանց հետ: «Իմ համոզմամբ, այդ խաղը չպետք է կայանա: Եվ այս մասին ես խոսում եմ արդեն 10 տարուց ավելի: Այո, մենք պարտավոր ենք այդ օրը մտնել խաղադաշտ: Բայց դա, անկեղծ ասած, արդարացի չէ: Նախ, մենք վերականգնվելու համար բրազիլացիներից մեկ օր պակաս ժամանակ ունենք: Այդ պարագայում ո՞ւր են մնում փլեյ-օֆֆի սկզբունքները: Սակայն ամենասարսափելին այն է, որ մենք կարող ենք պարտվել ամենաբարձր մակարդակով անցկացրած աշխարհի առաջնության վերջին երկու հանդիպումներում: Դա անարդարության բարձրագույն դրսեւորում կլինի: Երրորդ տեղի համար հանդիպումները մարզական առումով նշանակություն չունեն ու հազվադեպ են մնում մարդկանց հիշողության մեջ: Եվ մարզիչներն էլ շատ հաճախ հիմնական խաղացողներին թողնում են պահեստայինների նստարանին՝ փոխարինող ֆուտբոլիստներին էլ աշխարհի առաջնության մթնոլորտը զգալու հնարավորություն տալով», – հայտարարել է Լուի Վան Գալը:
Մասնագետի համոզմամբ՝ բրազիլացիներին այդ օրն անհրաժեշտ է՝ իրենց երկրպագուների աչքում հեղինակությունը որոշ չափով վերականգնելու համար: Իսկ հոլանդացիներին դա պետք չէ:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ kickocca.com-ի
«Առավոտ» օրաթերթ
11.07.2014