Լրահոս
Օրվա լրահոսը

«Լեւոն Ներսիսյանն ասաց՝ հորդ հարցրե՞լ ես, որ անունդ փոխում ես»

Հուլիս 12,2014 14:05

Հուշերի պատառիկներ՝
գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանի հոբելյանի առիթով

Հուլիսի 19-ին անվանի գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանի (Հաղթո) (լուսանկարում) ծննդյան 70 եւ ստեղծագործական 50-ամյակն է լրանում: «Առավոտի» հետ զրույցում, արվեստագետը զարմանք է հայտնում՝ օրերն այնպես թռան, երկիր փոխվեց, հիասթափություններ ու ոգեւորություններ եղան, ամփոփելու ժամանակ էլ չեղավ: Ընտրած ուղու հետ կապված էլ Էդվարդ Իսաբեկյանի արտահայտությունն է ժպտալով հիշում. «Եթե նորից ծնվեի, ի՞նչ նկարչություն, ի՞նչ բան, բաղվանչի կդառնայի»:

Հաղթանակ Շահումյանը հավաստիացնում է, որ մասնագիտություն ընտրելիս կարեւորել է հնարավորինս անկախ լինելու գործոնը: Ծնվել է Երեւանի Ֆիրդուսի փողոցում, որտեղ ակացիաներ, թթենիներ ու փշատենիներ կային: «Շա՜տ տարօրինակ փողոց էր, տարբեր մարդիկ էին ապրում՝ հին բոլշեւիկ, գող, ջեբկիր, գիտնական ու չեկիստ, տարբեր ազգի՝ հայ, ռուս, քուրդ, թուրք: Չնայած պատերազմում ունեցած կորուստներին, դրանք վերելքի ժամանակներ էին. ժողովուրդը ֆաշիզմին հաղթել էր, կյանքը շարունակվում էր, ջերմություն կար…»,- պատմում է մեր զրուցակիցը: Նրա հիշողության մեջ մնացել են պատերազմից հետո բերված երկու գերմաներեն ալբոմները՝ հունական անտիկ ճարտարապետության ու քանդակագործության մասին: Մայրը չէր թողնում փողոց դուրս գար խաղալու, վախեցնում էր, թե երկարազգեստ ու գլուխները ծածկած կանայք երեխաներ են գողանում, ստիպված ժամերով այդ ալբոմներն էր թերթում:

Haxtanak_3 Haxtanak_1 Haxtanak_4

«Ես քանդակով եմ սկսել, ինչը խրախուսվել է մորս կողմից: Մայրս Հին Բայազետից սերող քարտաշների տոհմից էր, մորս համար քանդակագործը քարտաշի բարձրագույն աստիճանն էր, դա էլ դեր խաղաց իմ մասնագիտության ընտրության հարցում: Կնքահայրս էլ բիթլիսցի ճարտարապետ Ալբերտ Ժամկոչյանն էր: Հայրս բարի, ազդեցիկ ու առնական տղամարդ էր, նա սերում էր Շահումյանների պատմական տոհմից: Հայրս իր ընտանիքի մասին տանը գրեթե չէր խոսում, ինքը քահանայի որդի էր, իսկ պապիս 37 թվականին գնդակահարել էին: Հորս էլ էին բռնել իբրեւ տերտերի տղա, մայրս պատմում էր, որ 6 ամիս սպասում էին, թե իրեն էլ են գնդակահարելու»,- հիշում է արվեստագետը:

Մեր դիտարկմանը, թե մարդուն ինչ անունով կնքում են, նա այդպիսին էլ դառնում է, Հաղթանակ Շահումյանը պատասխանեց, որ ավագ քրոջ անուն էլ Վիկտորյա է: Նաեւ հավելեց, թե երիտասարդ տարիքում դժգոհ էր իր անունից, քանի որ բոլորին թվում էր, թե մայիսի 9-ին է ծնվել կամ կապ ունի որեւէ խորհրդային տոնի հետ:

«Մի օր, երբ արդեն ինստիտուտն ավարտել էի, անձնագիրը գրպանս գնացի, որ անունս փոխեմ, նույնիսկ չգիտեի, թե ինչ անուն պիտի ընտրեի: Քանի որ առավոտ շուտ էր ու պետական հաստատությունները դեռ փակ էին, մտա Նկարիչների միության սրճարանը: Այնտեղ իմ բարեկամ Լեւոն Ներսիսյանին հանդիպեցի, որը մեզ մոտ հեղինակություն էր, հաճախ էինք հետը խորհրդակցում: Ասացի՝ ի՞նչ ես մտածում, ուզում եմ անունս փոխել: Ինչ անուն դնեմ ինձ: Ինքը հանկարծակիի եկավ ու հարցրեց՝ ո՞վ է դրել անունդ: Ասացի՝ հայրս, հայրս էլ վաղուց մահացել էր: Ասաց՝ հորդ հարցրե՞լ ես…ինչ իրավունք ունես փոխելու, որ դրել է անունդ, մի բան մտածել է: Դու գիտե՞ս, որ անունը կենսագրականի մեջ մեծ դեր ունի: Տես, դու էլ կփոխվես, մենք քեզ չենք ճանաչի, կդառնաս մեզ անծանոթ: Եվ այդպես մի ծանր բեռ ընկավ իմ ուսերից, միասին նշեցինք անունս չփոխելու առիթը: Հիմա շատ ուրախ եմ, որ անունս Հաղթանակ է»,- ներկայացնում է արվեստագետը: Հիշում է, որ թեեւ հայրը ինչ-ինչ պաշտոններ է ունեցել, իրենք զուսպ են ապրել, բայց ամեն ինչ ունեցել են՝ մոր՝ եղածը ճիշտ տնօրինելու շնորհիվ:

«Հայրս աշխատանքի բերումով շատ էր բացակայում տնից, Ալավերդյան փողոցից նրա 120 ռուբլի աշխատավարձը ես ու քույրս էինք ստորագրում-ստանում, բոլորը մեզ ճանաչում էին: Մենք զուսպ էինք ապրում, բայց շատ բավարարված: Օրինակ՝ կահույք չունեինք, բայց մեր տանը սեղաններ էին բացվում, մեզ լավ էին հագցնում: Ընտանիքում փայփայված երեխա էի, բայց լկստված չէի …Հիշում եմ պատերազմի գերիներին, մեր փողոցով ցնցոտիներով գալիս-անցնում էին, շաքար էին ուզում, հաց, մայրս տալիս էր, որ ես էի տանում, գերիներն էլ իրենց սարքած խաղալիքներն էին ինձ տալիս: Հենց այդ մարդիկ մտնում էին փողոց, երեխեքը հետեւներից գոռում էին՝ Հիտլեր կապուտ, նրանք էլ՝ երեւի իրենց լեզվով, ասում էին՝ տո Հիտլերի…»,- եւս մի պատառիկ հիշեց Հաղթոն:
Հին երեւանցի մեր զրուցակիցը ցավով փաստում է, որ այսօր կորել է Երեւանի հոտը, արժեհամակարգ է փոխվել, բարքեր. « Քաղաքում բոլոր երեւացող մարդիկ իրար ճանաչում էին: Հայրս պապենական շվեյցարական ժամացույց ուներ գրպանի, մի անգամ գողացել էին, տարել էին շուկա վաճառելու, միլիցիոները տեսել-ճանաչել, բերել էր հորս: Մինչեւ հիմա Երեւանում ծնված մարդիկ հիշում են միլիցիա Անդրեյին: Այն ժամանակ միլիցիան ավելի շատ հակասություն ուներ ժողովրդի հետ, քան հիմա, բայց հարգում էին էդ մարդուն, որովհետեւ շշմելու լավ մարդ էր: Երեւանի ճարտարապետությունն էլ է փոխվել, կերպարից ընկել ենք: Այն ժամանակ Երեւանը ոչ Արեւելք էր, ոչ Եվրոպա, բայց իր առանձնահատուկ տեսքն ուներ, շնորհիվ մեր իմաստուն ճարտարապետների ու ղեկավարների»:

Մեր զրույցի ընթացքում անդրադարձ եղավ արվեստագետներին տրվող կոչումներին: Հաղթոն ասում է, որ այսօր դրանք ձեւական բան են դարձել, որովհետեւ կոչումը պետք է տրվի արժանավորին: Մյուս կողմից էլ, նրա համոզմամբ, դրանք պետք են, բայց ավելի շատ միջավայրին ուղղորդելու, քան արվեստագետի համար. «Փափազյանը հպարտ-հպարտ մեր ինստիտուտի առջեւով գնում էր, մեզ չէր ճանաչում, բոլորիս բարեւում էր, մենք էլ ուրախանում էինք կամ՝ Հրաչյա Ներսիսյանը, Վիկտոր Համբարձումյանը… կոչումներն ուղղակի ուղեցույց էին ժողովրդին, թե ինչ միջավայրում է ապրում ինքը…»: Նույն կարծիքի է նաեւ արձանների մասին, ասում է՝ դրանք դաստիարակելու համար են, այլ հարց է, որ հաճախ դրվում են նրանց արձանները, ովքեր տեր ունեն. «Արձան դնելը վատ բան չի, միայն լավը պետք է դրվի: Գործեր կան, որ մտել են ժողովրդի կենսագրության մեջ, ինչպես Քոչարի Սասունցի Դավթի արձանը կամ Տիգրան Արզումանյանի «Լեռնեցիների պարը», որը թալանել-տարել են ու չի վերականգնվում»: Ինքը կուզենար, որ դրական հույզեր արթնացնող արձաններ լինեն, օրինակ, ինքը մի «Կենաց ծառ» է կերտել բրոնզից, չնայած որեւէ մեկը պատվեր չի տվել: «Ժամանակն է, որ վերադառնանք մեր ակունքներին: Ինչ վերաբերում է «Կենաց ծառին», այն ընտանիքն է, որի արմատներում մարդն է, որից էլ ծնվում է մոլորակների հավերժության գաղափարը»,- նշում է արվեստագետը:
Հաղթանակ Շահումյանը 70-ամյակի առիթով ձեռնպահ կմնա խրախճանքներից, ընկերներից շատերը հեռացել են, եւ հետո, նրա ձեւակերպմամբ, ստեղծագործող մարդու ծնունդն իր ստեղծագործությունն է: Կցանկանար հոբելյանական ցուցահանդեսով ներկայանալ, բայց Նկարիչների միությունից ասել են, որ սրահներն այլեւս տրվում են վարձով ու ազատ օրեր չկան: «Հիմա մեր բոլոր միությունները մասնակից չեն մեր կյանքին, ցավոք, ամեն մարդ իր գլխի ճարն է տեսնում… Ես որեւէ ակնկալիք միությունից չունեմ, ուղղակի ուզում եմ ցուցահանդես բացել, եւ դահլիճ չեն տրամադրում: Բազմաթիվ առաջարկներ ունեմ, անգամ արտասահմանից, բայց հրաժարվել եմ, Նկարիչների միությունում եմ ուզում, որովհետեւ միությունն է եղել մեր բոլորի կայացման միջավայրը, շփումներով ենք դարձել արվեստագետ»,- ասում է նկարիչը:

Իմիջիայլոց, մինչ այսօր արվեստագետը 35 անհատական ցուցահանդես է ունեցել, որեւէ խմբակային ցուցահանդես Հայաստանում բաց չի թողել 1969 թվականից սկսած: Վերջին ցուցահանդեսում մտադիր է ներառել տարբեր շրջանների ու ոճերի աշխատանքներ՝ յուղաներկ, գրաֆիկա, քանդակ, փոփ-արտ: «Ես բազմապրոֆիլ արվեստագետ եմ՝ ստեղծագործության արդյունքս կախված է նրանից, նայած ինչ եմ ուզում տեղ հասցնել: Ափսոսում եմ, որ նկարչությունն այսօր դեկոր է դարձել, մինչդեռ այն մի ամբողջ փիլիսոփայություն է»,- մեր զրույցի ավարտին նշեց Հաղթանակ Շահումյանը:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Բաղմանչի says:

    ոչ թե բաղվանչի, այլ բաղմանչի

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031