Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացու բնակարանի խնդիրն այդպես էլ լուծված չէ

Հուլիս 12,2014 14:25

Ավագանու անդամ Արամ Խաչատրյանի կարծիքով՝ համայնքի բյուջեի հաշվին Վանաձորի էլիտար շենքերից մեկում քաղաքացու համար բնակարաններ գնելն ու դրանք նրան վարձակալությամբ տրամադրելը չի լուծում անապահով ընտանիքի բնակարանի խնդիրը:
Վանաձորի համայնքի ավագանին hուլիսի մեկին հրավիրված արտահերթ նիստի ժամանակ որոշում է կայացրել Վանաձորի համայնքի կողմից բնակարաններ ձեռք բերելու եւ Հասմիկ Սահակյանի ընտանիքին վարձակալությամբ հատկացնելու մասին:

Կայացված որոշումը բուռն քննարկումների ալիք է բարձրացրել հասարակության լայն շերտերի շրջանում:

Ավագանու անդամ Արամ Խաչատրյանը համաձայն չէ կայացված որոշման հետ:
Արտահերթ նիստից մեկ օր առաջ նա բոյկոտել էր ավագանու նիստն ու հրաժարվել մասնակցել քվեարկությանը:

Համաձայն շրջանառվող լուրերի՝ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի որոշմամբ ու առաջարկությամբ Վանաձորի ավագանու նիստի օրակարգ ընդգրկվել էր մի նախագիծ, ըստ որի` նախատեսվում էր համայնքի բյուջեի միջոցներով քաղաքի էլիտար շենքերից մեկում բնակարան գնել ու այն վարձակալությամբ տրամադրել անապահով ընտանիքներից մեկին:

Ավագանու անդամն առաջարկել է հարցը հանել օրակարգից մինչեւ շենքի շահագործումը, սակայն ապարդյուն:

«Ես առաջարկեցի, որ նախագիծը հանվի օրակարգից եւ հետաձգվի, նախ՝ շենքը շահագործման հանձնված չէ, բացի այդ՝ տարածքային կառավարման նախարարի գրությունը, մարզպետի գրությունը եւ համայնքի ղեկավարի գրությունը նախագծի մեջ ներկայացված չէր: Առաջարկիցս հետո միայն ներկայացվեց ՎՊՄԻ-ի ռեկտորի միջնորդությունը: Նիստը ընդմիջվեց 24 ժամով, ես ներկայացա նիստին` մտածելով, որ կբերեն այդ գրությունները, կներկայացնեն, եւ կարող ենք նորմալ քննարկում անցկացնել: Գրությունները չբերեցին, չներկայացրին: Նիստի ժամանակ ես մի քանի հարց ուղղեցի քաղաքապետին, այն է` այդ նախագիծը ո՞վ է ներկայացրել, ինչո՞ւ ենք մենք այդ կնոջ համար բնակարան գնելու եւ ինչո՞ւ համայնքի բյուջեից, այսինքն` քաղաքապե՞տն էր որոշել նախագիծը ներկայացնել, օրե՞նքն էր պարտադրում, թե՞ քաղաքացին էր այդպես ցանկացել: Ի զարմանս ինձ` քաղաքապետն ասաց, որ ինքը այդ հարցին չի պատասխանում: Ես դեմ քվեարկեցի»,- ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի հիմնադրած Վանաձորի քաղաքացիական երիտասարդական կենտրոնում քաղաքացիական հասարակության տարբեր ներկայացուցիչների հետ հրավիրված քննարկման ժամանակ ասաց Արամ Խաչատրյանը:

Նա նկատեց, որ թեեւ ավագանու որոշումից օրեր են անցել, այնուամենայնիվ, շենքում ոչ ոք չի շտապում բնակվել:

«Մինչ այս պահը շուրջ 10 օր է անցել, բայց այդ շենքում ոչ ոք չի բնակվում: Այսինքն` մենք այստեղ շտապելու խնդիր չունեինք: Շենքը շահագործման հանձնված չէ, բնակարանն էլ այդ կնոջը սեփականության իրավունքով չի տրված, կարելի էր ուրիշ տեղ վարձակալել, ստացվում է, որ բնակարանի խնդիրը լուծված չէ»,- ասում է ավագանու անդամը:
Նա նշեց, որ քաղաքացին իրավունք ունի պահանջներ ներկայացնելու, սակայն ոչ քաղաքի բյուջեի հաշվին:

«Քաղաքացին իրավունք ունի պահանջներ ներկայացնել, որովհետեւ ժամանակին ինքը ներկայացված չի եղել այն ծրագրին, որով 12 ընտանիքներ այդ շենքում բնակարան են ստացել կառուցապատողի հաշվին, ոչ թե համայնքի բյուջեի հաշվին: Եվ մտածված, թե չմտածված` քաղաքացուն այդ ծրագրի մեջ չեն ներառել, եւ ոչ ոք դրա համար պատասխանատվություն չի կրել: Քաղաքապետարանի պարտականութունն էր այդ ընտանիքին եւս ներկայացնել այդ ծրագրի մեջ այնպես, ինչպես այդ 12 ընտանիքներին, այսինքն` պետք է լիներ ոչ թե 12 ընտանիք, այլ 13: Դեռ հայտնի չէ` քանի այդպիսի ընտանիք ի հայտ կգա, եւ մենք ստիպված կլինենք նորից բյուջեի հաշվին բնակարան գնել»,- նշեց ավագանու անդամը:

Վանաձորի համայնքի համատիրությունների եւ բնակարանային տնտեսության բաժնի պետ Գրիշա Պառավյանը, ով թեեւ չէր եկել քննարկմանը, սակայն փոխանցել էր, որ ՀՀ կառավարության կողմից ուղարկված մի քանի գրություններ են հիմք հանդիսացել, որպեսզի հարցը մտցվի օրակարգ:

«Բացի այդ` կնոջ սոցիալական վիճակը, բնակարան չունենալու խնդիրը եւ խնդրանքը, որ նոտարում հայտարարություն է ունեցել, որ ինքը հրաժարվում է երեք սենյականոցի պահանջից եւ դրա փոխարեն պահանջում է երկու սենյականոց»,- փոխանցել է Գրիշա Պառավյանը:

Արդյունքում՝ համայնքի բյուջեից 22 հազար դոլար է հատկացվել եւ Հասմիկ Սահակյանի ընտանիքին երկու 1 սենյականոց բնակարաններ են վարձակալության տրվել:

ԱՆՈՒՇ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ
Վանաձոր

«Առավոտ» օրաթերթ
11.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031