Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Աբխազական երկաթուղու բացումը մեզ համար «կուտ էր»

Հուլիս 12,2014 14:35

Վերջերս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Վրաստան պաշտոնական այցից հետո միջազգային մամուլում՝ BBC-ի ռուսական ծառայությունում աբխազական երկաթուղու վերաբացման մասին հունիսի 21-ի թողարկման մեջ ոչ հայկական շահերից բխող տեղեկություններ եղան: BBC-ն, հղում անելով վրացական «Ռուսթավի 2» լրատվամիջոցին, գրել է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Ռուսթավի 2»-ի լրագրողի հարցին, թե արդյոք Վրաստանի ղեկավարների հետ քննարկե՞լ է աբխազական երկաթուղու վերաբացման հարցը, ասել է. «Չնայած աբխազական երկաթուղին կենսական նշանակություն ունի Հայաստանի համար, սակայն լուրջ քննարկումներ չենք արել»: Մինչդեռ հիշեցնենք՝ երբ 2013-ի սեպտեմբերի 3-ից հետո Սերժ Սարգսյանը հայտարարեց Հայաստանի՝ Մաքսային միությանն (ՄՄ) անդամակցելու մասին, ի թիվս այլ առավելությունների, որ ՄՄ-ն լավագույն տարբերակն է մեզ համար, նշվում էր նաեւ աբխազական երկաթուղու վերաբացման հնարավորությունը: ՀՀ նախագահը 2013-ին մի շարք լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս երկաթուղու վերաբացման մասին ասել էր. «Ժամկետների առումով ես դժվարանում եմ ասել: Կարող եմ ասել, որ հենց ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ, երբ մենք խոսում էինք նախագահ Պուտինի հետ, նա ասաց, որ այդ օրը հանդիպելու է նաեւ Աբխազիայի նախագահի հետ եւ անպայման այդ հարցը կքննարկի: Մենք հետո ստացանք արձագանք, որ կա դրական դիրքորոշում, եւ պետք է ջանքեր գործադրել, որպեսզի այդ կարեւորագույն խնդիրը լուծվի: Խնդիրներ կան՝ կապված վրացական, աբխազական, ռուսական կողմերի հետ, միայն մենք ենք, որ խնդիր չենք հարուցել, եւ մեր ցանկությունները շատ մեծ են: Այնպես որ՝ ես այստեղ ակնկալում եմ դրական տեղաշարժեր, իսկ դա ուղղակի հսկայական օգուտ կբերի մեր տնտեսությանը»: Այսինքն՝ նախագահի նշած՝ Հայաստանի համար կարեւոր հարցը պաշտոնական այցի ժամանակ լրջորեն չի էլ քննարկվել:

Սեպտեմբերի 3-ից հետո հայ եւ ռուս մի շարք փորձագետներ պարբերաբար ՄՄ-ի մասին խոսելիս հանրությանը «կուտ էին տալիս»՝ ասելով, թե աբխազական երկաթուղին, որը Վրաստանով հասնում է Հայաստան, կվերագործարկվի, սա հայերի համար զբոսաշրջության զարգացման նոր ուղի է, գործարարների համար՝ նոր էժան ճանապարհով շուկա: 2013-ի սեպտեմբերի 25-ին Զարգացման եվրասիական բանկի ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոնի տնօրեն Եվգենի Վինոկուրովը «Նովոստի-Արմենիա» կենտրոնում նշել էր, որ աբխազական երկաթուղու վերագործարկումը հնարավոր է, եւ վրացիների 59%-ը դրական է վերաբերվում ռուս-վրացական հարաբերությունների բարելավմանը:

Այսօր, սակայն, ակնհայտ է, որ Հայաստանի համար կենսական նշանակության երկաթուղին դժվար էլ առաջիկա տարիներին վերաբացվի, անգամ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո. համենայնդեպս՝ վրացական կողմի դիրքորոշումն այդ է վկայում:

Մինչ Հայաստանի՝ ՄՄ-ին անդամակցության մասին հայտարարությունը, վրաց բարձրաստիճան պաշտոնյաներն էլ ցանկություն էին հայտնում այս երկաթուղու վերաբացման համար: Անցյալ տարի հունվարին Վրաստանի այն ժամանակվա վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Հայաստան այցի ժամանակ հայտարարել էր, որ վրացական կողմը հետաքրքրված է երկաթուղու աբխազական հատվածի աշխատանքի շուտափույթ վերականգնմամբ. «Հայաստանի եւ Վրաստանի միջեւ խնդիրներ չկան: Մենք լուրջ խնդիրներ ունեինք Ռուսաստանի հետ, որոնք մինչ այժմ պահպանվում են: Մենք հուսով ենք եւ ջանքեր ենք գործադրում Ռուսաստանի հետ հարաբերությունները վերականգնելու ուղղությամբ»: Վրաստանի եվրաինտեգրման հարցերով պետնախարար Պաատա Զաքարեիշվիլին եւս վստահեցրել էր, որ աբխազական երկաթուղու բացումն իրենց կառավարության առաջնահերթություններից է:

Իսկ ռուսներն էլ խնդիրը կապում են ոչ թե վրաց-ռուսական, այլ վրաց-աբխազական հարաբերությունների հետ: Վերջերս ռուսական կողմը երկաթուղու վերագործարկման ցանկություն է հայտնել. «Ռուսական երկաթուղիների» նախագահ Վլադիմիր Յակունինը այս տարվա հունիսի 18-ին Երեւանում լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ իրենք դիտարկում են Աբխազիա-Վրաստան-Հայաստան երկաթգծի վերաբացման հարցը, բայց խնդիրը քաղաքական է՝ կապված վրաց-աբխազական հարաբերությունների հետ:
Եթե 1-2 տարի առաջ վրացական կողմը վստահեցնում էր, թե երկաթուղու վերաբացումը կարեւոր է, անհրաժեշտ է, ապա հիմա առաջնորդվում են վրաց-ադրբեջանական շահերով՝ անտեսելով հայ-վրացական հարաբերությունները:

Օրինակ՝ վրաց քաղաքագետ Ալեքսանդր Ռոնդելին BBC-ին ասել է, որ երկաթուղու բացումը կնվազեցնի ապրանքաշրջանառությունը վրացական Փոթի նավահանգստով, նաեւ կվնասի կառուցվող Բաքու-Թբիլիսի-Կարս տրանսպորտային միջանցքը: Կրկին ըստ BBC-ի՝ Վրաստանում կարծիք կա, որ աբխազական երկաթուղու բացումը կվատթարացնի Վրաստանի համար կարեւորագույն գործընկեր Ադրբեջանի հետ հարաբերությունները, ինչը մեծ վնասներ կպատճառի Վրաստանի ազգային շահերին:

Ինչո՞ւ է 1 տարվա ընթացքում փոխվել Վրաստանի դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ՝ այն դեպքում, երբ երկու կողմերի բարձրաստիճան պաշտոնյաները միշտ նշում են հայ-վրացական հարաբերությունների բարձր մակարդակի մասին՝ «Առավոտի» այս հարցին ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանն ասաց. «Վստահեցնում եմ՝ բարձր մակարդակի վրա չեն, տեսեք, թե որքան է մեր ամենամոտ հարեւանի հետ արտաքին առեւտրի հաշվեկշիռը, այն շատ փոքր է (2013-ին Վրաստանի հետ առեւտրաշրջանառությունը կազմել է մոտ 130 միլիոն դոլար, ինչը 2 անգամ պակաս է Թուրքիայի հետ Հայաստանի առեւտրաշրջանառությունից.- Ն. Բ.): Ես շատ մեծ վերապահում ունեմ Վրաստանի հետ հարաբերություններում: Նոր դեսպանի՝ Յուրի Վարդանյանի նշանակումը արձանագրում է իմ ասածը. եթե հայ-վրացական հարաբերությունները բարձր մակարդակի վրա լինեին, լավ հարաբերություններ լինեին, եթե դրանք կարեւոր են եւ ընդգծված, ապա Վրաստանում բարձր պրոֆեսիոնալ դիվանագետի պետք է նշանակեին»:

Ինչ վերաբերում է աբխազական երկաթգծի բացմանը, ապա պարոն Խաչատրյանը չբացառեց, որ այն չբացվի Ադրբեջանի ճնշմամբ կամ հորդորով, ինչպես որ ճնշում է Թուրքիային մեզ հետ սահմանը չբացելու համար: Պարոն Խաչատրյանի դիտարկմամբ՝ չնայած ՄՄ-ի եւ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու Հայաստանի համար առավելություններից նշվել է նաեւ աբխազական երկաթուղու բացումը, սակայն դրա իրականացումը չի էլ նշմարվում: «Նախ՝ կա վրացական վախ՝ ռուսական կողմի ազդեցությունից, այսինքն՝ վրաց-աբխազական նոր հարաբերություններ, որ միջնորդավորված չլինեն Ռուսաստանով, սա պարզ խնդիր չէ: Կա վրաց-ռուսական հարաբերությունների խնդիր, երկաթգծի բացումը նշանակում է նոր հարաբերություններ Աբխազիայի, Ռուսաստանի հետ: Բայց ասեմ, որ մեր ցանկություններն եւ շահերը միշտ, առավել եւս Վրաստանի դեպքում, չեն համընկնում»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031