Դավիթ Հարությունյանը` Ջեյմս Ուորլիքի հայտարարության մասին
«Այսօր մեկնում եմ Վաշինգտոնից՝ հանդիպելու ԵԱՀԿ համանախագահներին՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հաջորդ քայլերը: Ստատուս քվոն գնալով ավելի վտանգավոր է դառնում»,- օրերս Twitter-ում նման գրառում էր կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանից «Առավոտը» հետաքրքրվեց` ինչո՞ւմն է ստատուս քվոյի վտանգավորությունը, ինչո՞ւ էին համանախագահները մինչ օրս ձեռքբերում համարում ստատուս քվոյի պահպանումը, բայց այժմ վտանգ են տեսնում դրանում: «Ստատուս քվոն խախտվում է Ադրբեջանի կողմից: Ստատուս-քվոյի ցանկացած խախտումներն ու ոտնձգությունները, իհարկե, վտանգավոր են: Բայց վտանգավոր են երկու կողմերի համար, ու ես չէի ցանկանա, որ դա որեւէ մեկն ընկալեր վտանգ, որն ուղղված է Հայաստանին»,- ասաց Դավիթ Հարությունյանը` հավելելով, որ այն վտանգավոր է նաեւ սահմանի երկու կողմերում կանգնած զինված ուժերի համար:
Ինչ վերաբերում է ստատուս քվոն փոխելուն, մեր զրուցակիցը նկատեց. «Ստատուս քվոն փոխելն ինքնանպատակ չէ: Ինքնանպատակը այս հակամարտությունը պատշաճ կերպով լուծելն է»: «Պատշաճ կերպ» ասելով, Դավիթ Հարությունյանը նկատի ունի այն երեք կարեւորագույն սկզբունքները, որոնք վաղուց հայտնի են եւ ընդունված են համանախագահների կողմից՝ որպես ուղենիշ:
Ռուսական քաղաքագիտական շրջանակներում էլ վերջերս կրկին ակտիվացել են ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում խաղաղապահներ տեղակայելու մասին խոսակցությունները: Դավիթ Հարությունյանն այս պահին նման խնդիր չի տեսնում: Ավելին. «Սա իրականում լուծում է մի կողմի դեմարշին, եւ չեմ կարծում, որ որեւէ դեմարշի պետք է լուծում տալ հենց այս ճանապարհով: Ես կարծում եմ՝ միջազգային հանրությունն ավելի ճիշտ կանի, որ սրի այս երեք հարցադրումների վերաբերյալ պատասխանի պահանջը Ադրբեջանի իշխանություններից»:
Կարդացեք նաև
ԵվրԱզԷՍ-ի ինստիտուտի գլխավոր տնօրեն Վլադիմիր Լեպյոխինն օրերս Երեւանում հայտարարեց, որ ամերիկյան կողմը` օգտագործելով ղարաբաղյան հակամարտությունը, փորձում է Հայաստանում քաոսային իրավիճակ ստեղծել: Կա՞ նման բան` «Առավոտի» հարցին կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարն ասաց. «Ես, համենայնդեպս, չեմ զգացել երբեւէ քաոս ստեղծելու փորձ Հայաստանում որեւէ մեկի կողմից: Եթե անգամ նման փորձեր լինեն որեւէ մեկի կողմից, ես չեմ կարծում, որ մեր հասարակությունը չգիտակցի դա եւ չգիտակցի դրա վտանգը` Հայաստանի եւ Ղարաբաղի անվտանգության համար»: Հարցին` աշխարհաքաղաքական զարգացումներում որքանո՞վ է հավանական ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ռազմական գործողությունների վերսկսումը` հարցը միակողմանի լուծելու միտումով, Դավիթ Հարությունյանն ասաց, որ լայնամասշտաբ ռազմական գործողությունների սկսումը հավանական չի համարում, բայց դա ամենեւին չի նշանակում, որ դրան չպետք է պատրաստ լինել. «Հենց պատրաստ լինելն է, որ դրա հավանականությունը դարձնում է զրո»:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
11.07.2014