Արդեն հուլիսի 11-ն է, բայց Կապանում ամռան այս շոգին քաղաքի միակ լիճը դեռ չի շահագործվում: Ամեն տարի հանգստյան գոտում գտնվող այս լճի բացումն արվում է ավելի վաղ եւ քաղաքի մեծ ու փոքր բնակիչները հնարավորություն են ունենում լողալ լճում ու թոթափել ամառվա տապը: Բացի այդ` լիճը գտնվում է Գարեգին Նժդեհի անվան հուշահամալիր հարեւանությամբ, որտեղ էլ քաղաք այցելած հյուրերն ու զբոսաշրջիկները միշտ այցելում այս վայրը: Սակայն այս տարի հյուրերին հանգստյան գոտին ցույց տալն այդքան էլ հաջող միտք չէ, քանի որ քաղաքի լիճը ոչ միայն դատարկ է ու չշահագործված, այլեւ մամռապատ, կեղտոտ ու անհրապույր տեսքով է այս անգամ ներկայանում այցելուներին: Լճի պատասխանատուից հետաքրքրվեցինք, թե ե՞րբ է լիճը շահագործման հանձնվելու եւ ինչո՞ւ է մինչեւ օրս ջրավազանը դատարկ: Լողավազանի պատասխանատու Նապոլեոն Մեսրոպյանը փոխանցեց, որ լճի մաքրման աշխատանքներն արդեն մեկնարկել են, շաբաթվա վերջին կավարտվեն եւ արդեն եկող շաբաթ լիճը ջրով լցված կլինի:
«Կոմունալ ծառայության աշխատակիցների կողմից մաքրման աշխատանքները շարունակվում են, լճի շրջակայքի լուսամփոփներն արդեն փոխվել են: Նորոգման աշխատանքներ այս տարի չեն կատարվի, քանի որ ուշ է արդեն, բացի այդ էլ ֆինանսական միջոցներ են հարկավոր դրանց համար: Տեղումներն են պատճառ հանդիսացել, որ մաքրման աշխատանքներն ուշ են մեկնարկել այս տարի, ինչպես նաեւ կոմունալ ծառայության աշխատակիցների աշխատանքն էր շատ ու չէին հասցնում նաեւ լճի մաքրման աշխատանքներն անել », – նշեց պատասխանատուն եւ հավելեց, որ լիճը ջրով լցնելուց հետո լճի տարածքում կլինեն նաեւ ջրափրկարարներ ու բուժքույր: Իսկ այս տարի նոր նավակներ չեն լինի եւ լիճն էլ իր հին տեսքով կծառայի քաղաքին:
«Լողավազանի հատակի նորոգման համար եւս գումարներ են հարկավոր: Որքանով տեղյակ եմ, Կապանի քաղաքապետարանը լճի ձեւափոխման, նոր տեսքի բերելու մտադրություն ու ծրագիր ունի, սակայն այդ ծրագրի իրագործման համար ֆինանսավորող է հարկավոր… », – հավելեց լողավազանի պատասխանատու Նապոլեոն Մեսրոպյանը:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ