Լրահոս
Օրվա լրահոսը

Նազարյանը կոդ չտվեց հայկական “Viber”-ին, փոխարենը` 060 օպերատորներն են տալիս

Հուլիս 11,2014 22:04

Այսօր` հուլիսի 11-ին, Հանրային խորհրդի նիստում խորհրդի անդամ Արշակ Սադոյանը առաջարկեց ստեղծել անվճար հեռախոսակապ: Նիստին մասնակցում էին «Արմինկո», «Քրոսսնեթ», «Էյ Դի Սի» 060 օպերատորների ներկայացուցիչները, ոլորտի մասնագետները եւ մտահոգ քաղաքացիները:

Ընկերությունները նիստի ընթացքում` իրենց հուզող հարցերը քննարկելուց հետո, համաձայնեցին համագործակցել «Փոխօգնություն» ՓԲԸ-ի հետ եւ նրան տրամադրել իրենց համարները:

Հիշեցնենք` ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը հրաժարվել է եռանիշ կոդ տրամադրել Արշակ Սադոյանի առաջարկած հայկական “Viber”-ին:

«Էյ Դի Սի» ընկերության հեռախոսային կապի կոմերցիոն պատասխանատու Հասմիկ Խաչատրյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ պարոն Սադոյանի առաջարկն հետաքրքիր է, քանի որ նոր տեխնոլոգիաներն օգտագործելու մեծ հնարավորություն է տալիս: Սակայն իրենք` 060 օպերատորները համարում են, որ 1-2 ամսում այդ ծրագիրն իրականացնելը դժվար կլինի: Նա նշեց, որ ծրագիրն իրականացնելու գործում կան մի շարք խոչընդոտներ.

«Հայաստանի սահմաններից դուրս շատ դժվար կլինի սփյուռքի համար հնարավորություն ստեղծել անվճար զանգել Հայաստան կամ Հայաստանից` դուրս, քանի որ մեր լիցենզիաները Հայաստանի տարածքից դուրս հնարավորություն չեն տալիս IP հեռախոսակապի ծառայությունը տրամադրել դրսում: Ինձ թվում է` բոլոր օպերատորները պետք է միավորվեն, եթե սա անեն 2-3 օպերատորները դա կստացվի ինչ-որ չափով անիմաստ»:

Արշակ Սադոյանը մեզ հայտնեց, որ 060 օպերատորները մանրամասներից լավ տեղյակ չէին եւ այդ պատճառով նիստի ընթացքում փորձում էին հասկանալ, թե իրենց օգուտն ո՞րն է, սակայն երբ նրանց բացատրվեց մանրամասները իրենք ընդհանուր հայտարարի եկան: Պարոն Սադոյանը նշեց, որ իրենց դեմ են միայն օտարերկրյա օպերատորները եւ Հանրային հարցերը կարգավորող հանձնաժողովը, իսկ կառավարությունը կողմ է, ապա որեւէ դժվարություն չկա ձեւավորելու Փոխօգնության ազգային կառույց, որի շրջանակներում հեռախոսազանգերըկլինեն անվճար:

Սակայն Արշակ Սադոյանի կարծում է, որ մարդիկ թերահավատորեն են վերաբերում ինտերնետային հեռախոսակապին եւ չեն պատկերացնում, թե դա ի՞նչ է եւ ինչպե՞ս է կատարվում, նա համարում է, որ քիչ են այն հայերը, ովքեր օգտագործում են նմանատիպ, բայց օտարերկրյա արտադրության ծրագրերը: Այդպիսով` նա առաջարկում է կոտրել այդ կարծրատիպերը: Իսկ մեր դիտարկմանը, թե սմարթֆոն հեռախոսները համեմատաբար թանկ են սովորական հեռախոսներից, ուստի` ոչ բոլորը կարող են օգտվել հայկական “Viber”-ից, պարոն Սադոյանը պատասխանեց, որ հեռախոսները գնալով ավելի մատչելի են դառնում, եւ իրենք էլ իրենց բաժանորդներին կփորձեն կաջակցել այդ հարցում.

«Հայաստանում մի քանի հարյուր հազար սմարթֆոններ կան: Հիմա, եթե արագ փորձենք աջակցել, որպեսզի անցումը ժամանակակից հեռախոսներին կատարվի, եւ այդ անցման ժամանակ համագործակցենք հեռախոս արտադրող ընկերությունների հետ, որպեսզի նրանք զեղչով վաճառեն հեռախոսները, մենք կկարողանանք արտոնյալ պայմաններով հեռախոսներ տրամադրել մեր կառույցի մասնակիցներին»:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031