Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ-ռուսական նոր համաձայնագիր Հայաստանին ճնշելու համա՞ր

Հուլիս 11,2014 21:35

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարությունների միջև ստորագրված ՌԴ տարածքում ՀՀ քաղաքացիների և ՀՀ տարածքում ՌԴ քաղաքացիների գտնվելու կարգի մասին համաձայնագիրը ճնշող լծակ է համարում Հայաստանի նկատմամբ:

Նրա համոզմամբ, Ռուսաստանն այդ համաձայնագրով ստեղծում է լծակներ նախկին ԽՍՀՄ եւ ԱՊՀ անդամ երկրների նկատմամբ ճնշումներ գործադրելու նպատակով:
Հիշեցնենք, որ Համաձայնագրով նախատեսվում է, որ մի կողմի պետության տարածքում ժամանակավորապես գտնվող մյուս կողմի պետության քաղաքացիներն ազատվում են մուտքի պետության իրավասու մարմիններում 30 օրվա ընթացքում գրանցվելու (ըստ գտնվելու վայրի՝ հաշվառման կանգնելու) պարտականությունից:

«Միգրացիոն օրենսդրության կամայական սահմանափակումներ մտցնելով, այնուհետեւ առանձին բանակցությունների արդյունքում այդ սահմանափակումները հանելու միջոցով Ռուսաստանում լրացուցիչ լծակներ են ստեղծում, որ իրականացնեն իրենց կայսերապաշտական քաղաքականությունը: Հաշվի առնելով, որ ԱՊՀ անդամ երկրների անաշխատունակ քաղաքացիների զգալի մասը աշխատանքի է մեկնում հենց Ռուսաստան: Այն նաեւ լծակ է Եվրասիական միությանն անդամակցելու քաղաքականությունը պարտադրելու առումով: Անդամ երկրների այն իշխանությունները, որոնք շատ թույլ են իրենց երկրներում տնտեսական քաղաքականության առումով, նրանց թուլությունը Ռուսաստանը կօգտագործի, որ լրացուցիչ զիջումներ կորզի»,- Aravot.am-ին ասաց պարոն Սաքունցը:

Նրա կարծիքով, նոր համաձայնագիրը չի նպաստի հայ միգրանտների հոսքի ավելացմանը, որովհետեւ.« Միգրացիան պայմանավորված է, ոչ թե նրանով, որ Ռուսաստանը գրավիչ է, այլ մեկնողների համար իրենց երկրներում ապրուստի միջոցներ հայթայթելն է դժվար եւ ստիպված ամենահեշտ տարբերակը մնում է Ռուսաստան գնալը: Հայ միգրանտները շարունակում են անօրինական կարգավիճակում մնալ, միգրանտների իրավունքները համակարգված խախտվում են, նրանց ստրկացնում են, բայց.«Մարդիկ հարմարվում են կոռուպցիոն այն մեխանիզմներին, որոնք գործում են Ռուսաստանում»:

Իրավապաշտպանը չի կարծում, որ այդ համաձայնագիրը նպաստավոր պայմաններ կստեղծի հայ միգրանտների համար.«Շարքային քաղաքացուց էլի կամայական գրանցում են պահանջելու, Ռուսաստանի ոստիկանությունը կամ միգրացիոն ծառայությունները հո չեն աշխատելու օրենքի տրամաբանությունից ելնելով, աշխատել, աշխատում ու աշխատելու են կոռուպցիոն շահերից ելնելով: Երբ պետք է ինչ-որ բան կորզել, պահանջներ կդնեն: Ռուսաստանը իրավական պետություն չէ, որ նշանակություն տրվի իրավական փաստաթղթերին: Այդ համաձայնագիրը քաղաքական նշանակություն ունի Հայաստանի իշխանությունների հետ հարաբերվելու համար:

Դա միգրատների համար չէ, այլ Հայաստանի թույլիկ իշխանությունների նկատմամբ ճնշում բանեցնելու նպատակով է: Ակնկալիքներ ունենանք, որ նման իրավական բնույթի կարգավորումներով հարցեր կլուծվեն, միամտություն է: Ռուսաստանում նույնիսկ իրենց քաղաքացիներն են իրավունքների պաշտպանության առումով խայտառակ վիճակում, ուր մնա Կրեմլը մարդասիրական վերաբերմունք ցուցաբերի այլ երկրների քաղաքացիների նկատմամբ»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031