Լրահոս
Օրվա լրահոսը

1 միլիոն 322 հազար դրամ աշխատավարձը քի՞չ է Սերժ Սարգսյանի համար

Հուլիս 11,2014 21:15

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 1-ից կլինի միլիոնատեր. նա արդեն ստանալու է 1 միլիոն 322 հազար դրամ աշխատավարձ: Միլիոնատեր կդառնան նաեւ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն ու ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը. այս 2 բարձրաստիճան պաշտոնյանների` հուլիսի 1-ից հետո բարձրացված աշխատավարձը կկազմի 1 միլիոն 190 հազար դրամ: Իսկ Գալուստ Սահակյանի տեղակալներինը` 926 հազար դրամ, նախարարներինը` 793 հազար դրամ:

Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեցին ֆինանսների նախարարությունից, ի պատասխան մեր այն հարցման, թե նշված պաշտոնյանների` հուլիսի 1-ից բարձրացվող աշխատավարձերը որքան է կազմելու: Մենք նաեւ հետաքրքրվել էինք, թե որքան է կազմելու պետական գերատեսչություններում աշխատող ասենք` պահակի, վարորդի, հավաքարարի կամ տեխնիկական այլ աշխատողների վարձատրությունը: Ըստ ֆիննախի. «Տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը սահմանվել է ՀՀ կառավարության  համապատասխան որոշմամբ, ըստ որի նշված աշխատողների աշխատավարձը կազմում է 66 հազարից մինչեւ 106 հազար դրամ»:

Հայաստանում բնակչության աղքատության մակարադակը մոտ 40%-է, արդարացի՞ է արդյոք աշխատավարձերի նման բաշխումը պետբյուջեից, երբ մեկին` միլիոն են տալիս, մյուսին` 66 հազար դրամ, Aravot.am-ի այս հարցին հասարակական գործիչ, Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանն ասաց. «Քիչ է, երեւի, Սերժ Սարգսյանին, երեւի մանկությունից է գալիս, չգիտեմ: Մեր պետության պատկերն է, չեմ էլ ուզում մեկնաբանել, ամեն ինչ պարզ է, իրենք իրենց դարդն են հոգում միայն»:

Արդյո՞ք այս բարձր աշխատավարձերը կոռուպցիոն ռիսկերից խուսափելու  նախադրյալ է, ինչպես որ թեմայի շուրջ քննարկումների ժամանակ պատգամավորներն ու այլ պաշտոնյաններն էին պնդում, մեր այս հարցին էլ, պարոն Բարսեղյանն ասաց, որ դա կապ չունի, պարզապես արդարացում է. «Էն մյուսների` տեխնիկական աշխատողների վրա կոռուպցիոն ռիսկեր չկա՞ն, բա որ օտարերկրյա հետախուզական ծառայությունները վարձեն իրենց այդ 100 հազար դրամի դիմաց: Պարզ իրավիճակ է, միայն իրենց մասին են մտածում»:

Հարցին էլ` թե այս բարձր աշխատավարձով նշված պաշտոնյաները կսկսե՞ն լավ աշխատել, Լեւոն Բարսեղյանն այսպես պատասխանեց. «Ոչ, ոչ, իրենք դատապարտված են, որպեսզի պահպանեն իրենց իշխանությունը: «Ռոճիկ»  էլ, որ չստանան, իրենք պարտավոր են նախագահի, վարչապետի, ԱԺ նախագահի եւ պատգամավորական պոստերը պահել, որովհետեւ առանց դրա իրենք հայտնվելու են Կոշի գաղութում: Աշխատավարձով չէ, որ չարչարվում են այդ խեղճերը»:

Նշենք, որ այս ամսվա սկզբից ուժի մեջ է մտել «Պետական  պաշտոններ զբաղեցնող  անձանց  վարձատրության մասին» օրենքը, եւ ինչպես ֆիննախից մեզ տեղեկացրին, ըստ այդմ, ամրագրվել է պետական ծառայության տարբեր ոլորտներում աշխատավարձերի  միասնականության սկզբունք: Պետական հիմնարկների աշխատողների աշխատավարձի չափը որոշվում է բազային 66, 1 հազար դրամ աշխատավարձը մինչեւ 20 բալանոց սանդղակային համակարգով:

Օրենքը տարածվում է` քաղաքական պաշտոն զբաղեցնող,  հայեցողական պաշտոն զբաղեցնող, քաղաքացիական պաշտոն զբաղեցնող անձանց վրա, սակայն այս օրենքը չի տարածվում ՀՀ կենտրոնական բանկի նախագահի եւ խորհրդի անդամների:

Ըստ ֆիննախի, աշխատավարձերի նոր հաշվարկումն ու բարձրացումը տարածվում է նաեւ. «Պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց, այդ թվում` ՀՀ  պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների համակարգերում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների, քրեակատարողական ծառայության եւ փրկարար ծառայության ծառայողների, բացառությամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչված շարքային (ներառյալ` ծառայության ընթացքում կրտսեր ենթասպայական կազմի զինվորական կոչում ստացած եւ պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր չկնքած զինծառայողները) կազմի եւ ռազմաուսումնական հաստատություններում սովորող կուրսանտների, հանրապետական գործադիր մարմինների կազմում գործող ծրագրեր իրականացնող պետական հիմնարկների աշխատողներ:

Պետական ծառայողի ամենաբարձր աշխատավարձը կազմում է 638 հազար դրամ, իսկ  ամենացածրը` 82 հազար դրամ»:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. dyadyur says:

    Դարձյալ նույն բանը:Այն,որ նշված անձանց աշխատավարձերը կրկնապատկվելու է,հայտնի էր մեկ-երկու ամիս առաջ:Այն ժամանակ ոչ ոք չընդվզեց ու ձայն չհանեց:Իսկ հիմա`, պոստ-ֆակտում, աղմուկ են ուզում բարձրացնել կամ բարձրացնում են,ելույթներ են ունենում ,կարող ա նույնիսկ հացադուլ էլ անեն:Հետո??:Նոր տեղ հասավ? որ սոցիալական անարդարություն է տեղի ունեցել:Եվ այսպես ամեն անգամ` մանանեխը ճաշից հետո ենք մատուցում, իսկ մնացած ժամանակ երեք մատի կոմբինացիան գրպաններումս թաքցրած ման ենք գալիս:Շատ էլ լավ են արել,որ ԻՐԵՆՑ աշխատավարձերը կրկնապատկել են,պիտի քառապատկեին,քանի որ նրանց եկամտի միակ աղբյուրը աշխատավարձն է և բացի դրանից,նրանք շատ,շատ են աշխատում:Ստացվում է,որ ,,մեզ հասնում ա,, որովհետև մնացածներս աշխատել չգիտենք:

  2. david says:

    Նպաստ էլ տվեք, մեղք է, սոված չմնա, ուղիղ աղիքի օրենքով:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031