«Հայ ժողովուրդը շատ է մտահոգվում, որ Հայաստանի ռազմավարական գործընկերը՝ Ռուսաստանը, զենք է վաճառում Ադրբեջանին։ Սակայն ես վստահ եմ, որ Հայաստանն այնքան ուժ և ունակություն ունի, որ կարողանա պաշտպանել իր սահմանը»,- պաշտոնական այցով Արգենտինայում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը La Nacion պարբերականին տված հարցազրույցում այսպիսի արտահայտություն էր արել:
Aravot.am-ը քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանից հետաքրքրվեց՝ կարո՞ղ ենք ասել, որ այդ հայտարարությամբ Սերժ Սարգսյանը կշտամբում էր Վլադիմիր Պուտինին՝ մեր թշնամուն զենք վաճառելու համար: Նա պատասխանեց. «Սերժ Սարգսյանն այն կշիռը չունի, որպեսզի կշտամբի Ռուսաստանին՝ նրա կողմից վարվող քաղաքականության այս կամ այն հարցում: Եվ հետո, հետաքրքիր է, թե որտեղի՞ց է ՀՀ նախագահը եզրահանգել, որ հայ ժողովուրդը մտահոգված է, որ ՌԴ-ն զենք է վաճառում Ադրբեջանին: Այդ զենքի մասին լուրն անցյալ տարի է հնչեցվել, սակայն մենք չենք տեսել, որ ՌԴ դեսպանության դիմաց հայ ժողովուրդը մի քանի հազար մարդկանցով բողոքի ցույցեր անի: Ավելին՝ անգամ մի քանի տասնյակ մարդ ցույց չի արել: Իհարկե, դա քննարկման առարկա դարձավ քաղաքական, լրատվական դաշտում, փորձագետների կողմից, լրագրողների եւ միգուցե բակային խոսակցություններում: Բայց որ ասենք, որ դա խիստ մտահոգում է հայ ժողովրդին, ես չեմ կարծում, որ դա համապատասխանում է իրականությանը: Առավել եւս, որ այդ հարցում սոցհարցումներ չեն անցկացվել»:
Ըստ Արմեն Բադալյանի, ՌԴ արտգործնախարարությունը սեպտեմբերի 3-ից հետո իրականացնում է ոչ միայն իր երկրի արտաքին քաղաքականությունը, այլեւ՝ Հայաստանի Հանրապետության: Այնպես որ, Սերժ Սարգսյանը չէր կարողանա Պուտինին քննադատել. «Եթե դա իրոք մտահոգեր հայ ժողովրդին, ինչպես Սերժ Սարգսյանն է ասում, ապա առնվազն արտգործնախարարությունը դրա մասին ինչ-որ մի ձեւ հայտարարություն պետք է արած լիներ: Բայց, ինչպես գիտենք, դե յուրե գոյություն ունեցող ՀՀ արտգործնախարարությունը դրա մասին որեւէ տեղեկատվություն չի տարածել: Այնպես որ, այդ հայտարարությունն ամբողջությամբ չի համապատասխանում իրականությանը: Դա ընդամենը տեղի թերթերից մեկին տված հարցազրույց է, որը ունի PR նշանակություն, այն էլ՝ չհաջողված»:
Մեր հարցին՝ հնարավո՞ր է, որ Պուտինի եւ Սերժ Սարգսյանի հարաբերությունները այս քննադատության հետեւանքով վատանան՝ Արմեն Բադալյանը պատասխանեց. «Ոչ, հնարավոր չի: Իհարկե, Վլադիմիր Պուտինին դա անպայման կհասնի, նրան դրա մասին տեղյակ կպահեն: Բայց, կարծում եմ, որ Վլադիմիր Պուտինը մեր գործող նախագահին ճանաչում է ոչ միայն վերջին 6 տարվա ընթացքում, այլեւ բավականին երկար: Նա բավականին լավ է ճանաչում թե՛ Սերժ Սարգսյանի արտահայտությունները, թե նրա վարած ներքին, արտաքին քաղաքականությունը: Այնպես որ, դա ՌԴ-ի համար, կարելի է ասել, որ ընդհանրապես գոյություն չունեցող հայտարարություն է»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ